Բաժիններ՝

«Կառավարությունը մեզ ասում է, թե իբր մեր շահերն է պաշտպանում, բայց իրականում քծնում է իրենից ուժեղներին»

168.am-ըԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ զրուցել է ՀՀ կառավարության կողմից ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, որի առթիվ մի խումբ ընկերությունների աշխատակիցներ բողոքի ալիք են բարձրացրել, ինչպես նաև  հայկական կոնյակի արտադրության և իրացման ոլորտում սպասվող իրավական փոփոխությունների մասին։

Պարոն Բագրատյան, ՀՀ կառավարությունը որոշել է 2014թ. հունվարի 1-ից ներդնել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որի դեմ բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ իրենց բողոքն են բարձրացրել: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը խնդրի կապակցությամբ:

– 2009-2010 թվականներին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հրապարակեց կենսաթոշակային ծրագիր, ուր կային իմ առաջ քաշած գաղափարները։ Այդ ծրագիրն արմատապես տարբերվում է կառավարության տարբերակից։ ՀԱԿ-ի համար մենք մեծ տնտեսություն ենք ստեղծել՝ բոլոր տեսակի ռեֆորմների ճանապարհով։ Ես կարծում եմ, որ կենսաթոշակային կուտակման համակարգը պետք է լինի կամավոր, այսպես՝ մարդը կամ գործատուն կատարում են այդ ներդրումները, այդ չափով ստանում են հարկային արտոնության իրավունք։ Այդ ձևով կառավարությունը խրախուսում է նման խնայողությունը։ Այսօր կենսաթոշակի պարտադիր կուտակումների մասին է խոսքը գնում, որը ես չեմ կարողանում ընկալել։

– 2011թ. հունվարի 1-ից կառավարությունը սահմանեց կուտակային կենսաթոշակների կամավոր բաղադրիչը։ Իսկ այսօր որոշում կա պարտադիր վճարների մասին։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կամավոր բաղադրիչը չարդարացրեց իրեն։

Կարդացեք նաև

– Նրանք չեն արել կամավոր վճարներն այնպես, ինչպես պետք էր։ Չեն երաշխավորել։ Այսինքն, եթե մարդը մուծում է կատարում, ապա ստանում է հարկային արտոնություն։ Դա նշանակում է՝ երաշխավորված եկամուտ համապատասխան ներդրումներից։ Այսպիսի բաներ անելու դեպքում մարդիկ փողը բանկում դեպոզիտ դնելու փոխարեն՝ կենսաթոշակային մուծումներ կանեին։ Եվ, որպեսզի Սահմանադրությունը չխախտվի, կենսաթոշակային վճարները պետք է մարդու համար լինեն կամավոր, իսկ գործատուի համար՝ պարտադիր։

– ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ կենսաթոշակային բազմաստիճան համակարգ գոյություն ունի որոշ եվրոպական երկրներում, և կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները մեզ հասցնում են եվրոպական չափանիշների։ Հիմնավոր համարո՞ւմ եք այս փաստարկը։

– Ես չեմ տեսել այդ հիմնավորումը։ Լուրջ չեմ վերաբերվում։ Նույնկերպ երկու տարի առաջ կառավարությունը, մասնավորապես՝ այն ժամանակվա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասում էին, որ մենք էստոնական մոդել ենք մտնում։ Այս տարի գնացինք Էստոնիա, տեսանք, որ այնտեղ այդպես չէ։ Ես այլևս չեմ հավատում կառավարությանը. նրանք մի բան են ասում, իրականությունը մեկ այլ բան է։ Բացարձակ անիմաստ եմ համարում մեր՝ Եվրոպային ընդօրինակելու մասին մտքերին հետևելը։ Հենց խորանում ես, հասկանում ես, որ դա ամենևին այդպես չէ։ Կառավարության փաստարկները ես լուրջ չեմ համարում։ Կառավարությունն ամեն հարցի շուրջ 99 տոկոսով պարզապես ստում է։

– «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ԱԺ  մի քանի պատգամավորների, այդ թվում՝ նաև Ձեզ՝ կենսաթոշակների պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Որևէ կերպ արձագանքե՞լ եք այդ նամակին։

– Ինձ կարիք չկար նամակ գրելու։ Ես դրա հայրն էի 4 տարի առաջ։ Այսօր մենք միացել ենք համատեղ առաջարկով, որ կառավարությունը փորձի կրկին լսումներ անել։ Որքան մեր ուժը պատում է, որքան հնարավորություն ունենք, կփորձենք մի բան անել։

– Պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված բողոքի մեծ ալիք բարձրացավ։ Սպասո՞ւմ էիք այդպիսի արձագանքի։

– Պիտի բանը գար, այստեղ հասներ, նո՞ր բողոքեին։ 2009 թվականից գրում ենք այդ մասին։ Այսօր այդ բողոքի ալիքն այն է, ինչ մենք զգուշացրել էինք սրանից 4 տարի առաջ։

– Ի՞նչն է պատճառը, որ իշխանության բազմաթիվ որոշումների դեմ օր օրի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ոտքի կանգնում, բողոքի ակցիաներ կազմակերպում։

– Դա նշանակում է, որ իշխանության ընդունած որոշումները մեծ մասամբ չեն առնչվում մարդկանց իղձերին և խնդիրներին։ Իշխանությունն այսօր ինքն իր համար որոշումներ է ընդունում։ Իշխանության և ժողովրդի հետ կապը կորել է։ Իսկ դա իր հերթին՝ խոսում է այն մասին, որ իշխանությունն իրեն սպառել է։

– «Ցեղակրոն» կուսակցության և «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը որոշեց հեղափոխություն իրականացնել, և նոյեմբերի 5-ին սկսված՝ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթի» ընթացքում բախումներ եղան, որին հետևեցին ձերբակալությունները: Ինչո՞ւ Շ. Հարությունյանը դիմեց այդ քայլին:

– Մարդը պարզապես վրդովմունքը, դժգոհությունը, ներքին ցավն արտահայտելու այլ ձև չուներ։ Կա ցավ՝ առ այն, որ ոչինչ չի փոխվում, և ամեն ինչ դեպի վատն է գնում։ Կարող ենք չկիսել Շանթ Հարությունյանի քաղաքական որոշ հայացքներ, բայց պետք է ընդունենք, որ մարդիկ այդպիսի միջոցների են դիմում, երբ գիտեն, որ ցանկացած այլ քաղաքակիրթ մեթոդ չի աշխատում։ Դա հուսահատ մարդու քայլ էր։

– Նույն կե՞րպ եք վերաբերվում նաև քաղաքացիական բողոքի այլ ակցիաներին, որոնք և վրդովմունք են պարունակում, օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձի հետ կապված պայքարին։

– Դրա մասին իմ կարծիքը բոլորովին այլ է։ Ես լիբերալ եմ և մտածում եմ, որ պետք է լինի ազատ գնագոյացում։ Հնարավոր է՝ ապրանքի կամ ծառայության գինը բարձրանա, հնարավոր է՝ իջնի։ Պետության խնդիրն է բավականաչափ ընկերությունների ապահովումը, որպեսզի երկրում լինի մրցակցություն։ Ամեն ընկերություն իր համար իր գինը պետք է ունենա, և շուկան իր գինը կբերի։ Չի կարելի գին սահմանել։ Կարտոֆիլի գինը մենք չենք սահմանում, չէ՞։  Նույնն է:

– Իսկ դերասան Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ ինչպիսի՞  կարծիք ունեք։

– Ես ձեռնպահ կմնամ։

– Պարոն Բագրատյան, ըստ Ռուս-ֆրանսիական համաձայնագրի, Ռուսաստանը շուտով կարգելի կոնյակ անունով խմիչքների ներկրումը։ Ի՞նչ են այդ ժամանակ անելու հայկական կոնյակ արտադրող գործարանները։

– Հավանաբար կօգտագործեն «բրենդի» բառը։ Հայաստանը լիովին իրավունք ունի կոնյակ տերմինն օգտագործելու։ Որևէ օրենք դա մեզ չի արգելում։  Կոնյակի մասին օրենքը Ֆրանսիայում եղել է 1909 թվականին, մինչդեռ հայերը կոնյակ սկսել են արտադրել են մինչև այդ՝ 1887 թվականից, կոնկրետ փաստ է՝ Շուստովի գործարանը։ Ցավալի է, որ Ռուսաստանն անսում է Ֆրանսիայի խնդրանքին և դեմ է հանդիսանում «կոնյակ» բառին։ Ռուսաստանը կարող էր և մերժել Ֆրանսիային։ Փաստորեն, ռուսաստանյան այդ որոշումն ավելի շատ հարվածելու է հայկական և մոլդովական կոնյակներին։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը և պետական մարմիններն աշխատանք չեն կատարել ռուսական կողմի հետ՝ բացատրելու, որ հայկական կոնյակ տերմինն օգտագործելը լրիվ օրինական է։

– Մոլդովայում, սակայն, կոնյակը ճնշումների հետևանքով սկսեցին «դիվին» կոչել։ Կարո՞ղ է դա մեզ համար որպես օրինակ ծառայել։

– Մոլդովացիները դա արեցին և հետո փոշմանեցին։ Բայց պետք չէ Հայաստանը Մոլդովայի հետ համեմատել։ Մոլդովան կոնյակի արտադրությունը 1909 թվականից  ուշ է սկսել։

– ՀՀ կառավարությունը, սակայն, դեռևս 2010թ. որոշում է կայացրել՝ «Արբուն» բառը «սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում», և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը: Այսինքն՝ «կոնյակին» այսուհետ փոխարինելու է  «արբուն»  բառը։ Ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։

– Ինչո՞ւ արբուն, ինչի՞ համար, ի՞նչ է այն մեզ տալիս։ Դա հիմարություն է։ Չեմ կարծում, որ «արբուն» բառը տեղ կունենա պրակտիկայում։ Կրկնում եմ. որևէ իրավական հիմք չկա մեզանից պահանջելու, որ հրաժարվենք «կոնյակ» բառից։

– Որևէ վնաս կկրի՞ հայկական կոնյակագործությունը զուտ տերմինային այդ փոփոխությունից։

– Չեմ կարող կոնկրետ գնահատականներ տալ, բայց, իհարկե, վնաս կլինի։ Մինչև հիմա աշխարհին հայտնի էր հայկական կոնյակը, սրանից հետո այդ բառերը ոչ մի տեղ չեք լսի։ Այստեղ բրենդի հարց է՝ ինչո՞ւ պետք է «արբուն» կոչվի կոնյակը։ «Արբուն»-ի մասին կառավարության ընդունած որոշումը հիմարություն է։ Մենք ժամանակին կառավարությանը զգուշացրել ենք՝ մի արեք դա։ Եթե որևէ ներմուծող երկիր, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, ասում է՝ այլևս ինձ մոտ կոնյակ մի բերեք, նա դրա իրավունքն ունի։ Մենք պետք է հարցնենք՝ բա ի՞նչ բերենք, ձեզ մոտ ի՞նչն է անցնում։ Նույն Հայաստանում մենք «կոնյակ» բառը հանգիստ կարող ենք օգտագործել. մեզ ճնշելու իրավունք չունեն։ Իսկ Հայաստանի կառավարությունը՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի պարագայում, փորձում է չվիճել, փորձում է ժպտալ, հաճոյանալ նրանց։ Կառավարությունը մեզ ասում է, թե իբր մեր շահերն է պաշտպանում, բայց իրականում շատ հաճախ քծնում է իրենից ավելի ուժեղներին, քանի որ համարձակությունը չի հերիքում վիճաբանելու, փաստարկելու։ Հաճախ նման գործելակերպի հիմք է հանդիսանում այն, որ կառավարությունը պրոֆեսիոնալ չէ և չի տիրապետում համապատասխան ինֆորմացիայի։

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կոնյակը դեպի Եվրոպա՝ որպես բրենդի ենք արտահանում։

– Կարող էինք և որպես կոնյակ արտահանել։ Դա զիջում է, որն իզուր է արվել։ Պարզապես եվրոպական այն երկրները, որոնք մեզանից ապրանք էին ընդունում, ասում էին՝ գրեք «բրենդի»

– «Հայկական կոնյակ» և «հայկական բրենդի» տերմինների նույնացումից հայկական կոնյակագործությունը վնաս կրե՞ց։

– Համենայնդեպս, չշահեց։

– Հայկական ո՞ր գործարաններն են պահպանում կոնյակ պատրաստելու ճիշտ տեխնոլոգիաները։

– Ես այսօր որևէ գործարանի մասին չեմ կարող խոսել։ Ես կարող եմ խոսել միայն Կոնյակի գործարանից, որտեղ աշխատել եմ մինչև 2006 թվականը։ Այնտեղ շատ նորմալ կոնյակ են արտադրում։ Եվ քանի որ այլևս այնտեղ չեմ աշխատում, միայն որպես սպառող կարող եմ ասել, որ այդ կոնյակի որակն այսօր բավականին բարձր է։

– Որպես կոնյակը գնահատող  մարդ՝ հողամաս ունե՞ք, չե՞ք մտածել խաղող  մշակելու մասին։

– Ես միայն մի հողամաս ունեմ, որը ստացել եմ 1989 թվականին, 600 քառակուսի մետր տարածքով։ Չեմ կարծում, որ այնտեղ խաղող աճի. հողամասն Արագածի սարալանջին է՝ մի ամայի տեղում։

– Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայկական կոնյակի վիճակը։

– Նայելով թվերին՝ կասեմ, որ ընդհանուր առմամբ վատ չէ։ Բայց եթե կառավարությունը կարողանար հասկանալ արտադրության խնդիրները… Ես չեմ խոսում ֆինանսական օգնությունից։ Կառավարությունը գոնե տեխնիկական օգնություն ցուցաբերեր, այդպիսով մենք կկարողանայինք օգտագործել կոնյակի ողջ պոտենցիալը։ Տնտեսության այս ճյուղը միայնակ կարող է 500 միլիոն դոլարի արտահանում տալ։

– Հայկական կոնյակը միայն տնտեսակա՞ն  դերակատարում ունի այսօր Հայաստանի համար, թե՞ նաև երկրի բրենդն է։

– Դա ինձ չի հուզում։ Ես հակասություն չեմ դնում կոմերցիոնի և ազգայինի միջև։ Չեմ սիրում այդ ազգային բաները, որովհետև շատ պարզ ու հասարակ է հնչում՝ մեր ազգայինն է, մեր հպարտությունն է…

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս