Իշխան Զաքարյան. Ինձ՝ ՎՊ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու որոշումը բացառապես ՀՀ նախագահինն է

Հարցազրույց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, որքան մոտենում էր նոյեմբերի 5-ը, այնքան շատանում էին քննարկումներն այն մասին, թե ով է առաջադրվելու ՎՊ նախագահի պաշտոնում: Մասնավորապես` արծարծվում էին Ձեր տեղակալ Լևոն Յոլյանի, նախագահի աշխատակազմի Վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի և այլոց անունները, սակայն Դուք չարձագանքեցիք: Ինչո՞ւ:

– Կարծում եմ` մամուլում տեղ գտած նյութերը հիմնականում ինտրիգային բնույթի էին: Քաղաքական բնույթի նման փոփոխություններին և որոշումներին պետք է ավելի լուրջ մոտենալ: Չպետք է ամեն ինչ վերածել բամբասանքի: Ի վերջո, նմանատիպ, ՀՀ սահմանադրությամբ կարգավորվող հարցերն իրենց լուծումներն են ստանում ՀՀ նախագահ-ԱԺ հարթակում, իսկ տվյալ հարթակն ու ինտրիգային հարթակը երբեք չեն կարող հավասարակշռել միմյանց: Ինչ վերաբերում է արծարծվող թեկնածուների անուններին` լինի դա հիմնավորված, թե զուտ ներքին համոզմունք կամ ցանկություն, իմ վերաբերմունքը միայն դրական էր: Շատ ողջունելի է, երբ մարդը ձգտում է ավելիին ցանկացած պարագայում:

– Ինչո՞ւ են Ձեր ձեռքբերումներն ասոցիացվում ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի անվան հետ:

– Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իմ տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Իմիջիայլոց` այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ: ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնատան թեմայով պարբերաբար հնչեցվող հարցին բազմիցս պատասխանել եմ, ում հետաքրքրում է այդ հարցը, կարող է կարդալ 2011թ. «Իրավունք» պարբերականին Ալբերտ Բոյաջյանի տված հարցազրույցը:

Սակայն այն տպավորությունն եմ ստանում, որ հատկապես տվյալ հարցով շահագրգիռ պատգամավորը չի կամենում դա անել: Ուզում եմ մեջբերել նշածս պարբերականում տան վերաբերյալ ասվածը: Հարցին, թե՝ պրն Բոյաջյան, երբևէ մտածե՞լ եք Հայաստանում մշտապես ապրելու մասին, Ալբերտ Բոյաջյանը պատասխանել է. «Եթե իմ ձեռքը ճար լինի, ու ընտանիքս էլ համաձայնի ՀՀ-ում ապրել, ես հենց այսօրվանից էլ վերջնականապես կմնամ ՀՀ-ում ու այստեղից էլ ոչ մի տեղ չեմ գնա: Թեև հույս ունեմ, որ մի օր անպայման դա էլ կլինի: Բայց դա չի խանգարում, որ ես այստեղ իմ անկյունն ունենամ, ու արդեն այդ նպատակով սեփական հողատարածք եմ գնել` տուն կառուցելու համար: Եվ շատ ուրախ եմ ու անհոգ, որ այդ հարցում ինձ շատ օգնում է իմ լավ ընկեր ու բարեկամ Իշխան Զաքարյանը, ում հետ միասին կառուցում ենք այսօրվա շենքը: Ես բոլոր հարցերը վստահում եմ Իշխան Զաքարյանին, քանի որ նա իմ 15 տարվա վստահելի ընկերն է ու հարազատը»: Կարծում եմ, որ Ա. Բոյաջյանի պատասխանը շատ հստակ է: Լրացուցիչ ուզում եմ ներկայացնել երկու փաստաթուղթ ևս`իրավիճակն ավելի հստակեցնելու համար.

liaz-2006

liaz-2009

Տան կառուցման հետ կապված հիմնական ծախսերն արվել են Ալբերտ Բոյաջյանի անձնական հաշիվներից: Այս մասին շատերը գիտեն. և՛ իմ բարեկամները, և՛ իմ ծանոթները, և՛ իմ ընկերները:

– Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը միջնորդել, բարեխոսել են Ձեր հետագա պաշտոնավարման համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հետաքրքիր է մամուլում տեղ գտած նյութերի բացասական երանգավորումն ու շեշտադրումը: Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ոչ միայն իմ գործընկերներն են, այլև ուղղակի ընկերները: Ինձ և Մ.Գրիգորյանին ծանոթացրել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ 1993 թվականին, իսկ Ս. Սարոյանի հետ ծանոթացել եմ Մ.Գրիգորյանի միջոցով: Երկուսն էլ իմ կյանքում այն մարդկանց խմբին են դասվում, ովքեր շահագրգիռ ու սրտացավ են ինձ համար, և կարևոր չէ, թե ինչ բնույթի է խնդիրը` քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային, նրանք միանշանակ կարող են այս կամ այն շրջանակներում շոշափել այն:

Դա զուտ մարդկային, ընկերական մոտեցում է, ինչն էլ ինքնին դրական երևույթ է: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Սակայն վստահ եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ որևէ մեկը չի կարող բարձր պետական պաշտոնի համար բարեխոսել այս կամ այն թեկնածուի օգտին: ՀՀ նախագահն այն անձնավորությունն է, ով լիարժեք ճանաչում է բոլոր կադրերին, և, որքան գիտեմ, շատ վատ է վերաբերվում նմանատիպ միջնորդություններին: Ինձ` ՎՊ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու որոշումը բացառապես ՀՀ նախագահինն է:

– Խոսակցություններ էին շրջանառվում նաև այն մասին, թե վերջին ամիսներին ՎՊ-ում լարված մթնոլորտ էր, ինչի արդյունքում տեղի ունեցան մի շարք կադրային փոփոխություններ:

– Տվյալ խոսակցություններն իրականությանը չէին համապատասխանում: ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտն ու նախընտրական փուլի մեկնարկը չէին կարող ոչ մի կապ ունենալ ՎՊ աշխատանքների և աշխատակազմի հետ: Տվյալ ժամանակահատվածում չեն եղել կադրային փոփոխություններ: Ընդամենն աշխատակազմի ղեկավարն է անցել այլ աշխատանքի` կապված տարիքային ցենզի հետ: Նրան փոխարինել է չորրորդ վարչության պետը, իսկ վերջինիս` իր տեղակալը: ՎՊ-ում աշխատանքներն ընթացել և ընթանում են իրենց բնականոն հունով:

– Ինչպիսի՞ աշխատանքային ծրագրեր ունեք առաջիկայում, ո՞ր ոլորտը կլինի Ձեր առաջիկա ուսումնասիրությունների շրջանակում:

– Դրանք կլինեն այն ծրագրերը, որոնք կհաստատի Ազգային ժողովը, իսկ հաշվետվությունները կկազմվեն ու կներկայացվեն` Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության (INTOSAI) սկզբունքների ու չափանիշների համաձայն:

– ԱԺ-ում Ձեր թեկնածության քննարկման ժամանակ բազմիցս հնչեց այն տեսակետը, թե ՀՀ նախագահի նստավայրում հունիս ամսին հրավիրված խորհրդակցությունից հետո Վերահսկիչ պալատը կդառնա մի տեսակ «անատամ» կառույց:

– Այդ կարծիքը հնչեցնում են ընդդիմադիր գործիչները: Ես պատասխանել եմ այդ հարցին ԱԺ ամբիոնից` մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը հենց այդ խորհրդակցությունից: Այն է. «Մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող:

Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, ՎՊ-ի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել, անկախ որևէ քննարկումներից:

Եվ, ինչպես ասացի, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել, և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան:

Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երևույթների մասին, բայց միաժամանակ` կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում:

Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ»:

Կարծում եմ` սրանից ամբողջական որևէ այլ պատասխան Ձեր հարցադրմանը չկա:

– Ինչպե՞ս եք պատկերացնում կառավարության հետ համագործակցությունը, երբ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո բոլոր նախարարները հերթով սկսեցին հերքել Ձեր կողմից արված բացահայտումները: Ձեր երկրորդ ժամկետում նշանակման ժամանակ պատգամավորները հարցնում էին, թե ի՞նչ եղավ Ձեր ցուցադրած մալուխի պատմությունը:

– Կառավարության հետ փոխհարաբերությունները կարգավորում է «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը: Մենք կառավարությանը վերահսկող արտաքին անկախ մարմին ենք: Եթե կառավարությունը համաձայն չէ ՎՊ-ի այս կամ այն եզրակացության հետ, ապա կա մեկ ճանապարհ` դատարան: Սա ամբողջ աշխարհում ընդունված միակ ձևն է: Այլ ճանապարհ չկա: Ինչ վերաբերում է նախարարների կողմից մեր բացահայտած խախտումները հերքելուն, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք հենց նախարարներին. ինչպե՞ս է ստացվում, որ ստուգումից հետո Վերահսկիչ պալատ են ուղարկում պաշտոնական գրություններ` գումարները վերականգնելու, խախտումները ընդունելու կամ դրանք շտկելու ժամանակացույց, իսկ հետո փորձում են հերքել դա:

Այնպես որ, իմ կողմից ցուցադրված` մալուխի կամ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ցուցադրված` տախտակի անիրատեսական գները դեռևս որևէ մեկը չի հերքել: Խնդիրը մալուխի կամ տախտակի, բետոնի որակի կամ բազալտե սալիկների շարվածքի մեջ չէ: Խնդիրը շատ ավելի խորն է. ապրանքի գին, աշխատանքի գին, վճարվող տոկոսադրույքներ և այլն:

Սրանք պրոցեսներ են, որտեղ փորձում են տալ բացատրություններ, բայց չեն կարողանում պատասխանել մեր կողմից տրվող մեկ հարցի. Ինչո՞ւ են պետական բյուջեով որոշակի աշխատանքների կամ ապրանքների գները մի քանի անգամ ավելի թանկ, քան մասնավորը:

– Եվ վերջին հարցը: Պարոն Զաքարյան, ի՞նչ եղավ ԱԺ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանն ուղարկված Ձեր հաշվետվությունը:

– Երբ Վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատում էր տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի խախտումների մասով որոշել էր Դատախազություն ուղարկել Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ի նյութերը: ԱԺ-ում քննարկման ժամանակ մթնոլորտը շիկացավ, որի արդյունքում` ԱԺ-ն որոշեց ամբողջ հաշվետվությունն ուղարկել Դատախազություն: Այս պահի դրությամբ կարող եմ ասել ընդամենը այսքանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս