Եվրոպային առաջարկել են 20 միլիարդ դոլարի «փրկագին» վճարել Տիմոշենկոյի համար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատությանը հասնել ձգտող Եվրոպային Ուկրաինայում առաջարկել են փոխհատուցել հանրապետության գազային համաձայնագրից կրած տնտեսական կորուստները:
Տիմոշենկոն 2011 թվականի վերջին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր ստորագրելիս իր ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: Նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցության խմբակցության փոխղեկավար Միխայիլ Չեչետովը:
Վերջինիս խոսքերով՝ գազի շուրջ կայացված որոշումը երկրի համար արժեցել է 20 միլիարդ դոլար: Չեչետովն ընդգծել է, որ ավելի լավ կլինի, եթե Տիմոշենկոյի հարցով շարունակ իրենց դիմող Եվրոպան թող այդ գումարները վերադարձնի իրենց՝ հավելելով, որ խոսքը գնում է ընդամենը 20 միլիարդ դոլարի մասին:
Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ չափազանց ոչ շահավետ գազային համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի հետ, երբ երկրի վարչապետը եղել է Յուլյա Տիմոշենկոն: Ուկրաինայի ներկայիս վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ այդ համձայնագրի ստորագրմանը հաջորդած 3 տարվա ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմել են 20 միլիարդ դոլար: