«Հայաստանը միայն Երևանը չէ, պետք է զարգանան նաև մյուս մարզերը»
«Ինստիգեյթ» ընկերությունը Հայաստանում ստեղծվել է 2005թ.: Ընկերությունում սկզբնական շրջանում աշխատում էր 7 աշխատակից, իսկ այժմ այն ունի ավելի քան 150 ինժեներ: Գործունեության ոլորտն ընդգրկուն է՝ համակարգչային ծրագրավորում, համակարգային մակարդակում էլեկտրոնային համակարգերի նախագծում, ծավալուն զուգահեռ ալգորիթմների մշակում, կատարելագործում և փորձարկում, համակարգի սարքավորումների և ծրագրային ապահովման վերակազմավորում ու համատեղ նախագծում, տրանզիստորային տրամաբանական սխեմաների ծրագրավորում, շարժական և ներդրված սարքերի ծրագրային ապահովում, և այլն: «Ինստիգեյթի» տեխնիկական և ծրագրային ապահովման թիմերից տեղակայված են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում և Գորիսում։
Ընկերությունը ներկայացուցչություններ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսրայելում, Վրաստանում։ 2005թ. մինչ օրս ընկերության թիմի ընդլայնմանն ու պատվերների ավելանալուն զուգահեռ` ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ: Դրանցից մեկը 2012թ. ձևավորված «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունն է, որի հիմնական ուղղվածությունն է վեբ և մոբայլ հավելվածների պատրաստումը:
Հարցազրույց «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանի հետ:
– «Ինստիգեյթ մոբայլի» ստեղծումը և մոբայլ բաժանմունքի առանձնացումը, որպես առանձին ընկերություն՝ ինչո՞վ էր պայմանավորված:
– «Ինստիգեյթը» 2008-2009թթ. սկսեց նաև մոբայլ տիպի նախագծերի պատվերներ ստանալ, և ընկերությունում մոբայլ լուծումների և ծառայությունների առաջարկները գնալով ընդլայնվում էին: Արդյունքում, անհրաժեշտություն առաջացավ մոբայլ ոլորտում աշխատանքների կազմակերպում իրականացնել. սկզբում մոբայլն ընդամենը բաժանմունքն էր մայր ընկերության, որը հետագայում բոլորովին առանձնացվեց և ստեղծվեց «Ինստիգեյթի» դուստր ընկերությունը` «Ինստիգեյթ մոբայլը»:
Այդ ժամանակ նշյալ ուղղությամբ (մոբայլ ծրագրավորում.- Լ.Մ.) պատվերների կատարման համար մեր մասնագետներին անհրաժեշտ էր կոնկրետ ուղղվածությամբ որոշակի հմտությունների ձեռքբերում, որի աշխատանքները և կազմակերպեցինք «Ինստիգեյթ թրեյնինգ» կենտրոնի միջոցով: Սկզբնական շրջանում, իհարկե, որոշակի դժվարություններ կային, սակայն ժամանակի ընթացքում հմտացանք և սովորեցինք նաև այս ոլորտի մեջ աշխատել: 2012թ. «Ինստիգեյթ մոբայլը» սկսեց առանձին աշխատել հենց մոբայլ ոլորտում 20 աշխատակիցներով, որոնց թիվն այժմ ավելացել է: Մեր աշխատանքներին, սակայն, միացան նաև Ստեփանակերտի, Գորիսի և մայր ընկերության այլ մասնաճյուղերը: Սովորաբար մենք չենք առանձնացնում, թիմը կարող է աշխատել և՛ մայր, և՛ դուստր ընկերությունների հետ` փորձելով միասին լուծել մեր խնդիրները:
– Ինչո՞վ է պայմանավորված մարզերի նկատմամբ հետաքրքրությունը:
– Մարզերի զարգացումը և ակտիվացումը մեր ստրատեգիական նպատակների մեջ է մտնում: Հայաստանը միայն Երևանը չէ, ուստի կարևոր է, որ զարգանան նաև մյուս շրջանները: Բացի այդ, դա նաև ֆինանսապես ավելի ձեռնտու է. այժմ Երևանում ծրագրավորման ոլորտը բավական զարգացել է, աշխատավարձերը բարձրացել են, իսկ ընկերությունները բավականին շատ են, մինչդեռ շրջաններում նման ընկերություններ գրեթե չկան: Այսինքն` այնտեղ այս ոլորտի բուհերի շրջանավարտները շատ դեպքերում կամ պետք է գան Երևան, կամ էլ իրենց մասնագիտությունը փոխեն, իսկ տվյալ դեպքում նրանք նաև աշխատանքով են ապահովված լինում հենց տեղում, թեև` ոչ Երևանի աշխատավարձով:
– Ինչո՞ւ է այդպես:
– Դա նաև արդարացված է, քանի որ, երբ Երևանում աշխատավարձերը բարձրանում են, համապատասխանաբար` ծախսերը ևս շատանում են, այսինքն` ամեն ինչ ավելի թանկ է, քան մյուս շրջաններում: Շատ դեպքերում, սակայն, մարդիկ գնացել են շրջաններ` ապրելու և աշխատելու, որովհետև շատերին դուր է գալիս երևանյան այս աղմուկից մի քիչ հեռանալը, և, եթե աշխատանք ունեն, իսկ բնությունն էլ այնտեղ շատ ավելի լավ է, քան Երևանում, որոշում են նաև գնալ շրջաններ: Հիմնականում մեր ընկերության ղեկավար կազմն է Երևանում, իսկ հիմնական նախագծերը և աշխատակազմը շրջաններում է: Բոլոր մեծ ծրագրերն ուղարկում ենք շրջաններ, փորձում ենք ակտիվություն մտցնել նաև մարզերում:
– Ի՞նչ աշխատանքներ եք կատարում. միայն բջջային հավելվածնե՞ր եք ստեղծում, և ովքե՞ր են Ձեր հիմնական պատվիրատուները:
– Հիմնականում աշխատում ենք «Ինստիգեյթի» նույն մոդելով, այսինքն` պատվերներ իրականացնելով: Այս տարիների ընթացքում ստեղծել ենք ինժեներական թիմ ու գործընթացներ, ձեռք ենք բերել փորձ ու գիտելիքներ, տարբեր պատվիրատուների հետ ենք շփվել: Ի դեպ, մենք չունենք PR, մարքետինգ և այլն: Արտադրանքի մարքետինգով և նման այլ հարցերով հիմնականում զբաղվում են մեր դրսի պատվիրակները: Հինականում մեր պատվիրատուների պատվիրած արտադրանքն ենք ստեղծում, որոնց անունը շատ դեպքերում չենք կարող նշել` պայմանագրի համապատասխան կետի գաղտնիությունը պահպանելու համար:
Մեր սեփական գաղափարները ևս երբեմն իրականացնում ենք, որը, սակայն, ինչ-որ հատուկ ֆինանսական շահ հետապնդելով չենք անում, եթե այդ պահին ազատ թիմ ունենք՝ զբաղվում ենք նաև նման աշխատանքներով: (Նշենք, որ այս ընկերության ծրագրավորողները ստեղծել են անվճար հավելված, որը հնարավորություն է տալիս Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների տերերին` կորցնելու դեպքում գտնել այն.- Լ.Մ.): Մեր շուկան հիմնականում արտասահմանն է` Եվրոպան և Միացյալ Նահանգները, Հայաստանում ևս պատվերներ լինում են, սակայն այժմ դրանց մոտ 90%-ը դրսից են, իսկ ներսից պատվիրում են հիմնականում փոքր նախագծեր:
Կարծում եմ՝ Հայաստանում ևս հավելվածներ ստեղծելու պահանջ կա, խնդիրը, սակայն, նրանում է, որ ոլորտները պետք է դիմեն իրենց խնդիրների արդյունավետ լուծումը գտնելու և համապատասխան համակարգեր մշակելու համար` մեզ, իսկ մենք էլ` ստեղծենք դրանք, սակայն նրանք հաճախ չեն պատկերացնում, որ տվյալ խնդիրն այս կերպ կարելի է հեշտությամբ լուծել, իսկ մյուս կողմից էլ մենք` ՏՏ ոլորտի մասնագետներս, ինժեներական բազմաթիվ գործերով զբաղված լինելով՝ չենք էլ մտածում այդ մասին:
Թեև ժամանակի ընթացքում կարծես թե այս կապը ոլորտների միջև սերտանում է: Իհարկե, արտասահմանյան շուկան մեզ հետաքրքիր է, քանի որ այն ֆինանսապես և փորձի առումով մեզ բավականին լավ արդյունքներ է տալիս, սակայն մյուս կողմից` մեր փորձն ու գիտելիքները պետք է Հայաստանում ներդնենք, բայց ոչ թե կոնկրետ հավելված և արտադրանք ստեղծելու մասին է խոսքը, այլ կրթության` օգնենք այս եկող սերնդին ավելի պատրաստված լինել, այսինքն՝ Հայատանում ինժեներական և արտադրական կարողություններն ավելի մեծացնենք: Այդ գաղափարին էլ հենց ուղղված է մեր նոր նախագիծը (խոսքը «Ինստիգեյթի» նոր նախագծի` «Նաիրի լաբի» մասին է, որը կներկայացնենք առաջիկայում.- Լ.Մ):
«168 ԺԱՄ»