Երիտասարդ հայ գիտնականները ներկայացրին բուժիչ պանիրը
Շուրջ մեկ տարի ընթացող երկար գործընթացներից հետո երեք հայ երիտասարդ գիտնականներին վերջապես հաջողվեց իրենց նորարարությունը կյանքի կոչել: Նրանք ստեղծել են բուժիչ պանիր, որն օգտակար է հատկապես շատ տարածված` դիսբակտերիոզի դեմ պայքարելու համար: Նշենք, որ այս խնդրով տառապում է աշխարհի բնակչության մոտ 82%-ը:
Երիտասարդ հայ գիտնականներն այս նորարարությանը հանգել էին դեռևս մեկ տարի առաջ, սակայն այս ընթացքում երկար թղթաբանական գործընթացների միջով են անցել`բուժիչ պանրի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար:
Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում ասաց TECTVM հասարակական կազմակերպության (հ/կ) հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանը), փորձնական արտադրությունը վերջապես ստացվեց, որին հասնելու համար դեռևս անցյալ տարվանից երկարատև գործընթացներ են տեղի ունեցել: Նորարարության հեղինակներն են` Անահիտ Մանասյանը, Նաիրի Գրիգորյանը և Գոհար Գրիգորյանը:
«Իհարկե, այս ընթացքում տարբեր փորձարկումներ են կատարվել` պրոբիոտիկ պանրի բուժիչ ազդեցությունը պարզելու համար, սակայն ամենաշատ ժամանակը ծախսվել է հենց տարբեր կառույցների հետ թղթաբանական աշխատանքների վրա: Ինչևէ, պանիրն արդեն պատրաստ է, սակայն դրա մասսայական արտադրությունը կազմակերպելու համար թղթաբանական աշխատանքները տարբեր կառույցների հետ դեռ պետք է շարունակվեն»,- ասաց Ա.Մանասյանը:
Նրա խոսքով` իրենց արտադրանքը դիսբակտերիոզով տառապող մարդկանց հնարավորություն կտա առողջանալ, կարգավորել աղեստամոքսային տրակտում առկա բոլոր խնդիրները: Բացի այդ, բուժիչ պանիրը ոչ միայն կօգնի կարգավորել աղիների խաթարված միկրոֆլորան, այլև կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց բիոտեխնոլոգ Նաիրի Գրիգորյանը, ով այս նորույթի ստեղծման հեղինակներից մեկն է:
«Ինքնին այծի պանիրը համարվում է շատ օգտակար, սակայն դրա մեջ պրոբիոտիկ բակտերիաների առկայությունը, կարելի է ասել, կրկնապատկում է դրա օգտակարությունը»,- ասաց Ն. Գրիգորյանը: Նրա խոսքով` մարդու ստամոքս-աղիքային համակարգն ունի իր միկրոբներն ու բակտերիաները, որոնց հավասարակշռությունը, սակայն, խախտվում է սթրեսների և մարդու իմունային համակարգի անկման պատճառով ու առաջանում է դիսբակտերիոզ (այժմ օգտագործվում է մեկ այլ տերմին`դիսբիոս, որը կոչվում է բարակ աղիներում բակտերիաների գերաճ), իսկ պրոբիոտիկ պանիրն իր մեջ պարունակելով այդպիսի պրոբիոտիկ բակտերիաներ` կայունացնում է ստամոքսի թթվայնությունը, և այլն:
Ըստ Ն. Գրիգորյանի` բուժիչ պանիրն օգտագործելով` արդեն 2 շաբաթից կարելի է զգալ վերջինիս դրական ազդեցությունը: Բացի այդ, այն կարող են օգտագործել նաև նման խնդիրներ չունեցող մարդիկ, քանի որ շատ օգտակար է:
Տեղեկացնենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող StartUp Cup մրցույթում ներկայացված բազմաթիվ բիզնես մոդելներից հաղթող է ճանաչվել հենց TECTVM խումբը, որը մշակել և ներկայացրել էր Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդելը:
Ծրագիրն իրականացնելու համար երիտասարդները StartUp Cup մրցույթում` որպես մրցանակ, ստացան 1 մլն 200 հազար դրամ: Հենց այդ գումարով էլ երիտասարդներին հաջողվել է իրենց գաղափարը կյանքի կոչել:
Բացի այդ, երիտասարդներին աջակցել են նաև նրանց ընկերները: Եվ հենց ընկերներից մեկի` «Գլենդել Հիլզ» թաղամասում գործող «Քրամբս» հացաբուլկեղենի խանութում էլ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ այծի պրոբիոտիկ պանրի համտեսը:
Նշենք, որ երիտասարդներն այս նոր տեսակի այծի պանրի լայն արտադրությունը կազմակերպելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել այծի պանիր արտադրող հայաստանյան խոշոր ընկերություններից մեկի հետ: Իսկ մասսայական արտադրությունը կսկսեն ևս որոշ փաստաթղթային գործընթացներ անցնելուց հետո միայն: Շուկայում պանիրը կհայտնվի արդեն հաջորդ տարի: Մեր զրուցակիցները, սակայն, դժվարացան ստույգ ժամկետներ նշել: Միայն ավելացրեցին, որ բուժիչ պանիրը սպառողի համար մատչելի է լինելու:
«168 Ժամ»