Արմեն Գևորգյանը մասնակցել է Սյունիքի մարզի ներդրումային համաժողովին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:

Եռօրյա համաժողովի նպատակը գործարար շրջանակներին, դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է: Համաժողովին մասնակցում են նաեւ պետական, տարածքային եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ: Նման համաժողով առաջին անգամ է անցկացվում, եւ կազմակերպիչներն ակնկալում են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ:

Իր բացման խոսքում փոխվարչապետը ողջունեց համաժողովի անցկացման նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն հաջողություն կարձանագրի, եւ հետագայում հնարավոր կլինի այդ փորձը կիրառել նաեւ մյուս մարզերում: Ա. Գեւորգյանը նշեց, որ Սյունիքի մարզը զարգացման մեծ ներուժ ունի, եւ հեռանկարային են հատկապես այն ոլորտները, որոնց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու համաժողովի ընթացքում:

Նշենք, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն գյուղմթերքի արտադրության եւ վերամշակման, անասնապահության, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու այս ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս