Նաիրա Զոհրաբյան. Մեր յուրաքանչյուր ակտիվիստի հետևից շրջում էր առնվազն մեկ ոստիկանական մեքենա

Արարատում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը վարչական լծակներ է կիրառել, ինչի արդյունքում էլ ՀՀ թեկնածուն հաղթել է:

«Իշխանությունն, ինչպես միշտ, մնաց իր ոճին ու ձեռագրին հավատարիմ: Գործի դրվեցին աննախադեպ և աննկարագրելի լծակներ, երևի թե իշխանական ընտրական այդպիսի լծակներ՝ ճնշումներ, ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, համապետական ընտրությունների ժամանակ նույնիսկ նման ռազմախոհությամբ չէին լծվել»,- ասաց նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝  նույնիսկ այդ լծակների գործադրման արդյունքում ՀՀԿ-ի թեկնածուի առավելությունը 300 ձայն էր, և եթե իշխանությունը սա համարում է աննախադեպ հաղթանակ, ապա «պիտի ասենք, որ սա աննախադեպ հաղթանակ էր»:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ին էլ մեղադրեցին ընտրակաշառք բաժանելու մեջ, Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց, «Ուղղակիոորեն նման բան հնարավոր չէր, իրենց կողմից էլ այդքան պարկեշտություն ունեցել են ու չեն ասել նման բան: Ես առաջին անգամ եմ լսում այս մասին: Եթե մեծ ցանկություն էլ ունենայինք, իհարկե մենք նման բան չէինք անի, բայց հնարավոր էլ չէր, որովհետև տեղում անմիջապես կձերբակալեին, կտանեին, որովետև մեր յուրաքանչյուր ակտիվիստի հետևից շրջում էր առնվազն մեկ ոստիկանական մեքենա: Դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ, բայց մենք ընտրակաշառքով ձայն չէինք էլ գնելու»:

Նա նաև հայտնեց, թե ընտրությունների արդյունքները իրենք չեն բողոքարկելու, քանի որ լավ գիտեն՝ ինչով է ավարտվում բողոքարկումը: «Հայտնի թևավոր խոսք կա արդեն՝ բողոքարկենք, որ ի՞նչ լինի»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս