Ի՞նչ սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն`  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են նոյեմբերին, շուրջ երկու տարի տևած դադարից հետո, հանդիպել միմյանց հետ:

«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ և քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները»,- հայտարարել են միջնորդները։

Agvan VardanyanԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց, թե հանդիպումը դրական է գնահատում` համարելով, որ այն կարող է ԼՂՀ հարցում «թարմացում» մտցնել:

«Փորձ է արվում խնդիրը թարմացնել, կրկին արծարծել, վերաթարմացնել: Չի բացառվում, որ հանդիպման ժամանակ երկու պետությունների նախագահներն առաջ բերեն նոր մոտեցումներ այս հարցում, առաջ շարժվեն, բայց, որ խնդիրը վերաթարմացնելու կարիք կա` միանշանակ է: Կապրենք` կտեսնենք, բայց հույս ունեմ, որ իշխանությունները կանեն այնպիսի քայլ, որը չի զիջի մեր դիրքերը»: Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է՝ որևէ կոմպրոմիսային տարբերակ քննարկվի հանդիպման ժամանակ` պատճառաբանելով, որ  չգիտի` ինչ նոր մոտեցումների մասին կարող են խոսել նախագահները, ինչ առաջարկներ են նրանց արվել միջնորդների կողմից: Այնուամենայնիվ, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ հանդիպումը «վատ բան չէ», միմյանց հետ խոսելն ու քննարկելը միայն դրական է:

Levon Zurabyan1Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի դիտարկմամբ՝ ղարաբաղյան հարցում ակտիվացում է նկատվում, ինչի մասին վկայում է երկարատև ընդմիջումից հետո եռանախագահների այցը տարածաշրջան. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լուրջ ազդեցություն է ձեռք բերում Ղարաբաղի խնդրի լուծման հարցում, կարող է առաջարկել լուծումներ, որից կողմերին դժվար կլինի խուսափել: Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են. պետք է սպասել»: Մեր այն հարցին, թե արդյոք քաղաքական դրությունն այդքան նպաստավո՞ր է հանդիպման համար, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե համանախագահները, հատկապես՝ Ռուսաստանը, հավանաբար նոր շանս են տեսնում ԼՂՀ կարգավորման հարցում. «Ես ցավով եմ ասում, բայց Սերժ Սարգսյանի ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքով՝ սպառվել են ղարաբաղյան հարցում մանևրելու հնարավորությունները:

Այս պահին փորձում են սրանից օգտվել»: Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ԼՂՀ-ի հարցում Հայաստանը պատրաստվում է զիջումներ անել, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Սերժ Սարգսյանից որևէ բան անակնկալ չէ: Եթե 3.5 տարի բանակցելուց հետո կարող էին 180 աստիճանով կուրս փոխել, հիմա ոչ մեկը չի կարող բացառել, որ շրջադարձային որևէ բան կարող է նաև Ղարաբաղի հարցում կատարվել»:

Heritage Party MP Zaruhi Postanjyan is guest in Tesaket press clubԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ կարծիք հայտնեց, թե հանդիպումից մեծ սպասելիքներ չունի` համարելով, որ «արտառոց որևէ բան» տեղի ունենալ չի կարող:

Ի պատասխան մեր հարցին՝ ԼՂՀ կարգավորման հարցում այս հանդիպումից սպասելիքներ ունե՞ք, նա կրկնեց. «Ես չեմ կարծում, որ արտառոց իրադարձություններ կարող են տեղի ունենալ»:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թեև տեղյակ չէր հանդիպումից, ամեն դեպքում՝ համոզմունք հայտնեց, թե հստակ դիրքորոշում հայտնելը բարդ է, որովհետև չգիտեն` ինչ հարցեր են առաջ բերվելու Ալիև-Սարգսյան հանդիպման ընթացքում. «Ավելի ճիշտ կլինի՝ սպասենք, տեսնենք քննարկումը: Երբ հանդիպումը կլինի, մենք կարող ենք որևէ վերլուծություն, եզրակացություն անել»:

Martun Grigoryan Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ թե՛ Մաքսային միության հետ կապված ընդհանուր շահագրգռվածության, թե՛ այլ հարցերի պատճառով, որոշվել է հանդիպումը հիմա կազմակերպել, ինչը նրա համար ողջունելի է:

«Եթե այդ հանդիպման ընթացքում կարողանանք հարցեր կարգավորել ի շահ մեր պետության, ապա շատ լավ կլինի: Նաև, ինչո՞ւ չէ, եթե ինչ-որ ձևով հանդիպումը կապված է Մաքսային միության հետ, մենք կողջունենք, որ ընդհանուր հայտարարի գան, կարողանան ՀՀ հարցերը նորմալ կարգավորել, թեկուզ՝ սահմանի հետ կապված»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ հանդիպման ընթացքում փորձ կարվի որևէ քայլ անել: Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք համամի՞տ է ընդդիմադիր գործիչների այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին ձախողված քաղաքականության պատճառով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ հայանպաստ իրավիճակ է ստեղծվել.

«Ես հստակ գնահատական չեմ կարող տալ, որ հանդիպման ժամանակ, նմանատիպ արտաքին հարաբերություններ քննարկելու ժամանակ մեր երկրի նախագահը կձախողվի: Մենք գիտենք, որ երկու պետությունների միջև կան լուրջ կոնֆլիկտներ, և հանդիպումից հետո միանգամից դրանց համար լուծում գտնելն այդքան էլ հեշտ չէ: Ադրբեջանական կողմն իր խնդիրները զոռբայությամբ է առաջ տանում, ու հեշտ չէ՝ հօգուտ ՀՀ-ի որևէ հարց անցկացնել»: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի «զոռբայության» հետևանքով Հայաստանը զիջի Լեռնային Ղարաբաղը, ինչպես շատերն են կարծում, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Այսքան ժամանակ, ինչքան հնարավորություն կա հետևելու, ինչ-որ զիջողական բան չի եղել մեր նախագահի կողմից, ասենք՝ ինչ-որ տարածք, ինչ-որ տեղ չի զիջվել: Չեմ կարող հիշել փաստեր, որ որևէ բան ենք զիջել: Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով՝ անպայման մնալու է իր սկզբունքներին` երկրի շահից ելնելով»:

Davit Harutyunyan01ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նախընտրեց չանդրադառնալ այս թեմային` նշելով, թե ինքը կանխատեսումներով չի զբաղվում: Դ. Հարությունյանը միաժամանակ հիշեցրեց, թե նման հանդիպումներ եղել են, դրանց մասին ինքը ևս նախնական որևէ կարծիք չի հայտնել, որովհետև «կանխատեսումներն այս դեպքում անշնորհակալ գործ են»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման հանդիպում կազմակերպել, արդյո՞ք ԼՂՀ կարգավորման հարցում նպաստավոր պայմաններ են ստեղծված: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե պատճառն Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտն է. «Ընտրությունները վերջացան, սրանով էլ պայմանավորված է»: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ հանդիպումը ԼՂՀ կարգավորման հարցում որևէ փոփոխության, այնուամենայնիվ, կհանգեցնի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դուք կարող եք նման բան ակնկալել»: Իսկ հարցին` Դուք չե՞ք ակնկալում, նա այսպես արձագանքեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի»:

Տեսանյութեր

Լրահոս