Բաժիններ՝

Ստեֆան Լաքսհուբեր vs Գագիկ Ծառուկյան. Վճռաբեկ դատարանը մերժել է գերմանացի ներդրողին

ՀՀ վճռաբեկ դատարանն օրերս մերժել է գերմանական «Իստինվեստոր» ընկերության հայցը: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ դատարանի վճռի բողոքարկումը մերժելու համար բերվել է «ստանդարտ» պատճռաբանություն, որ հայցը բավարար հիմնավորված չէ:

Դ.Դանիելյանը տեղեկացրեց, որ այժմ սպասում են ներդրումային ընկերության ղեկավար Ստեֆան Լաքսհուբերի որոշմանը, որպեսզի հայց նախապատրաստեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Ըստ ներկայացուցչի՝ դրա համար 6 ամիս ժամանակ ունեն և կհասցնեն փաստաթղթերը պատրաստել:

Հիշեցնենք, որ օգոստոսին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարել էր «Իստինվեստորի» բողոքը, սակայն, ըստ էության, մերժել Ստեֆան Լաքսհուբերի պահանջները: Մասնավորապես, «Իստնվեստորը» առաջին ատյանի դատարանից ֆինանսական փոխհատուցում չէր պահանջել, բայց դատարանը վճռել էր, որ պետք է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի դիմաց դրամական փոխհատուցում հատկացվի: Վճռաբեկը որոշել է, որ այս ֆինանսական փոխահատուցման կարիքն էլ չկա և, փաստորեն, հայցն ամբողջությամբ է պետք մերժել:

Օտարերկրյա իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «ԻստԻնվեստոր»-ի բաժնետոմսերը «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում կազմել էր 3.2155 %: Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը եղել էր 8 հազար ՀՀ դրամ: 2008 թ. «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արտահերթ ընդհանուր ժողովում որոշվել էր համախմբել (կոնսոլիդացնել) ընկերության 8 հազար դրամանոց հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմսերը` դրանցից յուրաքանչյուր 2363,5 հատը փոխարկելով ընկերության 18 մլն 908 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ անվանական ոչ փաստաթղթային մեկ նոր բաժնետոմսի: Սակայն բաժնետոմսերի համախմբման արդյունքում «ԻստԻնվեստոր»-ի մոտ որևէ նոր բաժնետոմս չէր առաջացել և կոմբինատի նկատմամբ վերջինիս բաժնետիրական իրավունքները 2009 թ. փետրվարին դադարեցվել էին՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման: Մինչդեռ «ԷՆ-ԱՈՒԴԻՏ» ընկերության կողմից կազմված եզրակացության համաձայն՝ 12.10.2008 թ. դրությամբ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի արժեթղթերի շուկայական արժեքը գնահատվել էր 28 հազ. դրամ: Իսկ «ԻստԻնվեստորը» 1 բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազ. դրամով: Ըստ ներդրողի՝ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը: Այսինքն, Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունը դիտավորյալ զրկել էր փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս