«ՀՀ մշակույթի նախարարն օրինակացնում է անօրինականությունը»
«ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոց-հուշարձանի վրա կատարվող աշխատանքներն անօրինական են, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 7-ին Գյումրիում այս հարցի կապակցությամբ տվել է հետևյալ պարզաբանումները. «Իմ աշխատողները ինձ ասեցին, որ նախագիծը նոր բերվել է եւ այս պահին գտնվում է մշակույթի նախարարությունում եւ մենք նախագիծը կհաստատենք եւ ըստ հաստատված նախագծի կկատարվի շինարարությունը, որը պետք է կատարվի: Ես մայրաքաղաք կվերադառնամ այդ հատվածով, կմտնեմ ամրոց, բայց իմ աշխատողներն ասել են, որ դադարեցված է: Անցյալ անգամ էլ ինձ հարցրեցին, ես ասեցի, որ դադարեցրել ենք աշխատանքները, սպասում ենք նախագծին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր պատմության մեջ, իրականության մեջ չի եղել նման դեպք, որ մշակույթի նախարարությունը սխալ նախագծի տակ դնի իր ստորագրությունը: Ես ողջունում եմ բոլոր զգոն խմբերին, տվյալ դեպքում հասարակությունը եւ ձեր ահազանգերը մեզ միայն օգնական են: Ես անպայման այդ տեղեկատվությունը կստուգեմ» (mygyumri.com 07.10.2013):
Հարգելի տիկին նախարար, մի խումբ Գյումրեցի մտավորականներ (ներող կեղնիս Գյումրեցու «Գ»-ն մեծատառով գրելու համար, երևի Ձեզի հայտնի է, որ Գյումրեցու համար ամեն ինչ կռա մեծ էղնի,- բացի՝ «սուտ խոսալուց») իրենց մտահոգությունն են հայտնում և Ձեր պարզաբանված «ահազանգն» են հնչեցնում «Սև ղուլի» մեջ կատարվող աշխատանքների կապակցությամբ: Դուք նշում եք, որ «Իմ աշխատողները ինձ ասեցին, որ նախագիծը նոր բերվել է եւ այս պահին գտնվում է մշակույթի նախարարությունում»:
– Հարգելի տիկին նախարար, Ձեր աշխատողները պարզապես Ձեզ խաբել են, որովհետև Ձեր աշխատողների ասածը, թե. «նախագիծը նոր բերվել է» չի համապատասխանում իրականությանը: Այդ նախագիծը Ձեր աշխատողների ներկայացմամբ ոչ թե «այս պահին», այսինքն հոկտեմբերի 7-ին, այլ դեռ 2013թ. սեպտեմբերի 11-ից է «գտնվում մշակույթի նախարարությունում»:
Մենք «սուտ խոսալ» չենք կռնա, քանի որ Գյումրու կայքերից մեկի հացմանը, թե ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյակ է Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի ունեցող շինարարությունից, որի արդյունքում խաթարվում է ամրոցի արտաքին և ներքին տեսքը, ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք. Գյումրի քաղաքում գտնվող «Սև բերդ» ամրոցի
սեփականատիրոջ կողմից սկսված շինարարական աշխատանքները նախարարության կողմից դադարեցվել են և պահանջվել է օրենքով սահմանված կարգով մշակել հուշարձանի վերականգնման նախագծային փաստաթղթերը և ներկայացնել լիազոր մարմնի համաձայնությանը: Ինչի վերաբերյալ համապատասխան գրություններով դիմել ենք Շիրակի մարզպետին և Գյումրիի քաղաքային համայնքի ղեկավարին:
Արդյունքում, ս. թ. սեպտեմբերի 11-ին նախարարությունը ստացել է Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցի վերականգնման և ադապտացիայի (օգտագործման) էսքիզային նախագիծը, որը մասնագետների կողմից ուսումնասիրվելուց հետո կդրվի առաջիկա գիտամեթոդական խորհրդի քննարկմանը» (mygyumri.com 16.09.2013): Համոզված ենք, որ Ձեր աշխատողների «նախագիծը նոր բերվել է» և «ս. թ. սեպտեմբերի 11-ին նախարարությունը ստացել է Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցի վերականգնման և ադապտացիայի (օգտագործման) էսքիզային նախագիծը» հակասական այդ տեղեկատվությունը «անպայման» կստուգեք:
-Հարգելի տիկին նախարար, ճիշտ ասած, Ձեր աշխատողների ամեն մի նոր ասածը Ձեզ համար նորություն չպիտի լինի: «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոցի վրա կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությանը Դուք դեռ պիտի տիրապետեիք 2012 թվականից /օրինակ՝ «Սեւ» բերդը վերածվելու է բիզնես կենտրոնի 24 Դեկտեմբեր, 2012 www.asparez.am, Սաշուր Քալաշյան.«Սեւ Ղուլն» ուզում են դարձնել ինչ-որ կիսատ-պռատ հյուրանոց». Sev berd. 24 Մայիս 2013 www.asparez.am, panorama.am/am/press/2013/10/25/hraparak4, hraparak.am 25.10.2013 , 168.am/2013/09/10, panorama.am/am/culture/2013/10, shamshyan.com/…/2013-09-11-pak-shuka-sev-berd, և այլն/:
Իսկ մեր կարծիքով «Սև բերդի» նախագիծը Սամվել Բալասանյանն ինքը պիտի Ձեզ ներկայացրած լիներ որպես «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոցի սեփականատեր /Գյումրեցիներին հատուկ «յոլով-ղայդով» և «բողչա-սինիով» (իհարկե «ինչղ որ բողչա-սինի եղնի» ասելով ի նկատի չունենք նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանի «Սև ղուլի» ճարտարապետական տեսքի վերափոխումը): Իսկ եթե Սամվել Բալասանյան քաղաքապետը «Գյումրին 2013թ. որպես մշակութա-մուշուրբային մայրաքաղաքի» ծրագրով նույնպես Ձեզ չի ներկայացրել «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոցի նախագիծը, ապա մենք ենք նրա փոխարեն ներկայացնում մի հատված ծնունդով գյումրեցի և մեծ մտավորականի որդի, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի մասնագիտական կարծիքից՝ «Սև Ղուլն» ուզում են դարձնել ինչ-որ կիսատ-պռատ հյուրանոց. «Էսօրա տերը քաղաքապետ պարոն Բալասանյանն ա: Ես հստակ էլ չգիտեմ, թե ինչ է ինքը ծրագրում անել:
Զրույց ունեցել եմ իր հետ: Նպատակ ունի բերդն ինչ-որ կիսատ-պռատ հյուրանոց դարձնել, որը ես չեմ հավանում: Նրան ասացի, որ չեմ կարծում, որ դա լավագույն լուծումն ա: Նա էլ ասաց, բա ի՞նչ անենք: Ես էլ առաջարկեցի թանգարան դարձնել: Ասում ա՝ ընենց բան պտի անենք, որպեսզի տուրիստին կանչենք ընտեղ: Ի՞նչ կլինի, որ համ թանգարան լինի, համ էլ տուրիստը գիշերը մնա ընտեղ: Դե ասի, դուք հուշարձանը կաղավաղեք: Եթե կառույցը ռազական նշանակություն ունի, ո՞նց կարելի է դա դարձնել սպասակման օբյեկտ, տրամաբանությունից դուրս է: Քաղաքապետն ասում ա, եթե մի քանի համար տեղավորվի կառույցի մեջը, ասենք 15 հատ, բակն էլ կօգտագործենք համերգների համար: Եթե նպատակ ունեն բակն էլ ծածկել համերգների համար, ապա հուշարձանը լրիվ կաղավաղվի:
Մասնագետներից խորհուրդ հարցնելը, իմ կարծիքն իրան բնականաբար դուր չեկավ, որովհետեւ ես իրա երազանքները չէի սպասարկում: Իրան էլ ձեռնտու չէր լսել իմ դժգոհությունը: Բնականաբար, ինքն ուզում է անել այն, ինչ ցանկանում է: Մարդկայնորեն ես նրան հասկանում եմ, սակայն նաեւ գտնում եմ, որ հուշարձանների ճակատագրերը չի կարելի թողնել ոչ մասնագետների իղձերի վրա»: Այսինքն՝ հուշարձանը բիզնեսի միջո՞ց են ուզում դարձնել եւ դուք դե՞մ եք դրան, հարցրեցի ճարտարապետին: «Բիզնես կարելի է դարձնել, բայց այն չպետք է աղավաղի հուշարձանը» (Սաշուր Քալաշյան.«Սեւ Ղուլն» ուզում են դարձնել ինչ-որ կիսատ-պռատ հյուրանոց». Sev berd. 24 Մայիս, 2013 www.asparez.am).
– Հարգելի տիկին նախարար, ինչպես Դուք եք նշում, որ «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոցի աշխատանքները Ձեր «աշխատողներն ասել են, որ դադարեցված է: Անցյալ անգամ էլ ինձ հարցրեցին, ես ասեցի, որ դադարեցրել ենք աշխատանքները»: Կրկին Ձեր աշխատողները պարզապես Ձեզ խաբել են, որովհետև «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոց-հուշարձանի վրա կատարվող անօրինական աշխատանքներն, ընդհակառակը, ոչ մի օր չի դադարեցվել, այլ՝ ինտեսիվորեն շարունակվել են: Ձեր տված պարզաբանման մեջ ասել եք, որ «մայրաքաղաք կվերադառնամ այդ հատվածով, կմտնեմ ամրոց»:
Հետաքրքիր է ամրոց մտնելիս չհամոզվեցիք, որ այդքան ժամանակ Ձեր աշխատողները Ձեզ խաբել են և «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոցի վրա կատարվող անօրինական աշխատանքները շարունակում են առանց. «Լիազորված մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությամբ եւ վերահսկողությամբ ու գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացության հիման վրա»: Իսկ եթե Դուք Ձեր աչքերի տեսածին էլ չեք հավատացել, ապա խարհուրդ կտանք ամրոցի վրա կատարված անօրինական աշխատանքներին հետևել տարբեր կայքերում տեղադրված լուսանկարների ժամանակային համեմատությամբ: Այդ դեպքում երևի Ձեր աշխատողներին ասեք. «Բա չեք ամաչում ինձ խաբում եք, «ՍԵՎ ԲԵՐԴ» ամրոց հանրապետական նշանակության հուշարձանի արտաքին պատերի սկզնբական տեսքը փոփոխվել է՝ 4-5 շարք քարերով բարձրացվել է և ամրոցի ներսում կամարակապ 2-րդ հարկ է կառուցվել և այլն»:
– Հարգելի տիկին նախարար, Դուք Ձեր պարզաբանման մեջ. «վստահեցնում» եք «մեր պատմության մեջ» կամ «իրականության մեջ» չեղած ինչ-որ նման դեպքերի մասին, որ իբր «մշակույթի նախարարությունը սխալ»-ների կամ «զգոն»-ության ու «ահազանգեր»-ի օգնականության մասին: Գյումրեցիներին այսպիսի բաները այլևս չեն հուզում, քանի որ մեզ համար ամենամեծ վիրավրանքը «սուտ խոսալն» է: Գյումրեցիները միայն մի «օգնական»-խնդրանք ունեն Ձեզանից: Այնուամենայնիվ, որ մի օր եթե հանկարծ «մեր պատմության մեջ» կամ «իրականության մեջ» հնարավոր լինի ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի, ապա խնդրում ենք Ձեզ հաշվի առնել պատվախնդիր Գյումրեցիների կարծիքը. «Ըշտը, մե Հասմիկմ ունինք էլի, մյուսին ինչ պտի էնենք»:
Հարգանքներով՝ մի խումբ «զգոն» և «ահազանգող» Գյումրեցի մտավորականներ