Թեղուտ ՓԲԸ-ն գյուղացիներին արգելել է արածացնել կովերին և ոչխարներին այն տարածքներում, որոնք ժամանակին խլել է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Պրն Տիգրան Սարգսյանին
Պարոն Սարգսյան,
Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն բազմաթիվ խնդիրների վրա, որոնք այսօր առկա են Լոռու մարզի Թեղուտ գյուղում, և տալ այս ամենին ձեր զբաղեցրած պաշտոնին հարիր արձագանք: Թեղուտ ՓԲԸ հանքարդյունաբերող ընկերությունը վերջերս ի կատար է ածում անխնա անտառահատումներ և ըստ մեզ հասած` հավաստի աղբյուրներից տեղեկությունների, չի պատրաստվում այդ ամենի վրա կանգ առնել: Հարստացման ֆաբրիկայի էլեկտրամատակարարման լարերն անցկացնելու համար արդեն իսկ հատվել է 8000 քառ. մետր անտառածածկ, և մոտակա օրերը նախատեսված է ևս 30000 քառ. մետր անտառածածկի անխնա վերացում, առանց որևէ ողջամիտ պատճառաբանության: Բարբարոսաբար և անհիմն կերպով վերացնում են մեր բնության ամենագեղեցիկ գոհարներից մեկը` Լոռվա (Թեղուտի) անտառները, որոնք հարուստ են Կարմիր գրքում ներառված ծառատեսակների բացառիկ նմուշներով (հացի, լորի, կաղնի, սոճի, բոխի, գերամասի, և այլն):
Նաև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Վալլեքս գրուպի» կողմից վերջերս դրսևորած դիրքորոշումը. ցանկացած բանական էակի երևի հայտնի է, որ գյուղացին իր օրվա հացը վաստակում է անասուններին արածացնելով, որից ստանում է տարբեր կաթնամթերքներ, մսամթերք` թե՛ իր սեփական կարիքների համար, և թե՛ վաճառքի համար:
Ուստի վերջերս Թեղուտ ՓԲԸ-ն արգելել է գյուղացիներին արածացնել կովերին և ոչխարներին այն տարածքներում, որոնք հենց նույն գյուղացիներից ժամանակին խաբեությամբ խլել է` փոխարենը խոստանալով տարբեր փոխհատուցումներ, որոնք այդպես էլ չեն իրագործվել: Հողերի մի մասն էլ օտարվել է համայնքից` ըստ Կառավարության որոշման, և ճանաչվել` որպես հանրային գերակա շահ: Հարց է ծագում, Թեղուտ ՓԲԸ-ի ինչի՞ն է պետք այդ տարածքների խոտը: Եվ եթե կատարում ենք տրամաբանական եզրակացություն, ամեն բան արվում է, որ գյուղացին լքի իր տունը և արտագաղթի, քանի որ նրա ձեռքից խլում են իր միակ հաց վաստակելու միջոցը:
Տեղեկացնում ենք նաև ձեզ, որ գյուղի միայն մեկ տասներորդ մասը հանքում աշխատատեղ ունի, իսկ ի՞նչ պետք է անի մնացյալ բնակչությունը: Ի՞նչ է պատրաստվում անել երկրի վարչապետը, երբ նմանօրինակ անարդարություն է տիրում, այս անգամ` արդեն Թեղուտ գյուղում:
Մեկ խնդիր ևս. գյուղացիներին այլևս արգելված է ազատ մուտք գործել իրենց սրբատեղի. մարդիկ Մատուռ այցելելու համար անցաթուղթ պետք է ստանան, անձնագիր պետք է ներկայացնեն: Պարոն Սարգսյան, եթե դա նորմալ քրիստոնեական արարողակարգ է, ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Երևանում և այլ մարզերում, այսինքն` անձնագիր ներկայացնել` աղոթելու համար: Արդյո՞ք սա մարտահրավեր չէ մարդու իրավունքներին, մարդու ազատություններին:
Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ հանքը գործելուն պես գյուղի բնակչության առողջությանն արդեն իսկ անդառնալի վնասներ կպատճառվեն, այլևս չեն գնվի այն մթերքները, որոնք կարտադրվեն Թեղուտում, ուստի ո՞րն է գյուղացու օգուտը, նա զրկվում է ամեն ինչից:
Պարոն Սարգսյան, քանի որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, իսկ դեմոկրատիան ենթադրում է պարբերաբար երկխոսություն երկրի կառավարության և քաղաքացիների միջև, ապա մեր ուղղած բաց նամակին խնդրում ենք արձագանքել նույնքան բաց կերպով, եթե կարելի է` ԶԼՄ-ների միջնորդությամբ, որպեսզի պարզ ընդգծվի պետական այր և քաղաքացի ժողովրդավարական երկխոսությունը, և մեր ուղղած հարցադրումներին խնդրում ենք տալ հստակ բացատրություններ և ներկայացնել մոտ ապագայում ձեր կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործողությունների շարքը:
Ակնկալում ենք Ձեր աչալուրջ և հետևողական միջամտությունն այս հարցում: Պահանջում ենք, որպեսզի Կառավարությունը վերահսկի «Թեղուտ» ՓԲԸ-ի գործողությունները և պարտավորեցնի կատարել իրենց կողմից բազմիցս հնչեցված բանաձևը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մինիմալ կորուստներ և վնասներ պատճառեն Թեղուտի անտառներին և ընդհանրապես շրջակա միջավայրին և բնակչությանը:
Եվ որպես նամակի վերջաբան` ձեզ մի քանի հարց.
Մինչև ե՞րբ, պարոն Սարգսյան, պետք է շարունակվի բնության այս սպանդը, և ե՞րբ պետք է վերջապես ՀՀ քաղաքացու համար ստեղծվեն այնպիսի պայմաններ որ վերջինս իբրև փրկություն` այլևս չմտածի արտագաղթի մասին:
Տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետը, որ Թեղուտի հանքն իր վնասով կամայացնի ողջ Հայաստանը, մի պարզ պատճառով, որ այդ հանքի պոչանքը լինելու է մեծությամբ երկրորդն աշխարհում:
Հաջորդը` անձնական բնույթի հարց.
Որտե՞ղ եք դուք, այսինքն` Կառավարության ղեկին նստած մարդիկ պլանավորում ապրել հետագայում: Եթե Հայաստանում, ապա ո՞ր մթերքից եք օգտվելու, ապականված Սյունիքի՞, ջախջախվող Արցախի՞, թե՞ թունավորվող Լոռու մարզի, ո՞րն է ձեր այլընտրանքը: Դուք թթվածնի կարիք ունե՞ք, թե՞ պակասի դեպքում թթվածնային դիմակ եք կրելու: Որտե՞ղ են ապրելու ձեր երեխաները: Որտե՞ղ խորհուրդ կտաք, որ ապրի ամեն շարքային հայի երեխան: Որդեգրելով նման անսպառ հանքարդյունաբերական բիզնես-քաղաքականություն, ի՞նչ ապագա է ստեղծում ՀՀ Կառավարությունը Հայաստանի համար:
Մի խումբ բնապահպանների,
ՀՀ քաղաքացիների և պարզապես հայերի կողմից
30.10.2013