Արամ Մանուկյանը՝ ԱԳ փոխնարարարին. Իմ ցանկությունը Ձեր ձախողելը չէ, ի սեր Աստծո

2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանից հետաքրքրվեց՝ երբ Մաքսային միություն անդամագրվելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի փոխնախարարի դիրքորոշումը՝ որպես պատասխանատու պաշտոնյա։ Սակայն Զոհրաբ Մնացականյանը պատգամավորի հարցը որակեց որպես անձնական:

Արամ Մանուկյանը շարունակեց՝ նկատելով. «Ես հիշում եմ մեր հանդիպումը, թե ինչ շոկ ապրեցիք այդ գործընթացից, քանի որ Դուք էիք զբաղվում այդ հարցով։ Ես բացարաձակ չեմ ուզի լինել Ձեր տեղում, որովհետև հիմա էլ եք Դուք անորոշության մեջ»:

ՀԱԿ պատգամավորը նշեց, թե Հայաստանը արտաքին բնագավառում խարխափողի, մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է, ապա ասաց. «Եթե այսօր Մաքսայինի հետ կապված սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը, անգամ հետադիմական Բելառուսի կողմից և այլոց, որոնք Մաքսայինի համար դիրքորոշում ենք արտահայտում և տարօրինակորեն այդ կարծիքները լալկանությամբ արտահայտված ՀՀ իշխանությունները…»:

Պատգամավորի խոսքը ընդհատվեց նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի կողմից, ով հորդորեց միայն հարց տալ, և չշեղվել բյուջեի քննարկումից: Արամ Մանուկյանը պնդեց, թե սա այն դեպքն է, երբ «կարելի է» շեղվել և խնդրեց չխանգարել իրեն:

Կարդացեք նաև

«Դուք որպես ինֆորմացված մարդ, արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե զգաք, որ Մաքասայինի մեջ մտնելու համար Ղարաբաղն է պայման, ինչպիսի՞ն կլինի Ձեր կողնորոշումը, որպես մարդ, որպես պատվարժան մարդ, որպես պաշտոնյա: Ի՞նչ առաջարկ կներկայացնեք Ձեր նախարարին, կամ ամբողջ համակարգը ղեկավարողին, եթե Ղարաբաղը լինի խաղաքարտը, որի դեպքում Ձեզ առաջարկում են մտնել Մաքսային»,- հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավորը:

Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ ասաց, որ հարցը որոշ չափով անձնական տարր է պարունակում, այնուամենայնիվ, նշեց. «Եվ ես, և Դուք և մենք բոլորս այստեղ աշխատում ենք, 22 տարի նույն հոգսերով ենք ապրում, նույն խնդիրներով և իմ փորձը ցույց է տալիս, որ ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս կամ անտարբերություն կամ առավել ևս անպատասխանատվություն ԼՂ հարցի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ երբևէ մի իրավիճակում կզգանք, որ նման ընտրության կարիք լինի, նման բան չի եղել և վստահ եմ, որ չի լինելու»:

Փոխնախարարը վստահություն հայտնեց, թե այս հարցում կա կոնսեսուս։ «Մենք ունենք ընկալումները, ձևերը անդրադառնալու, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հիմնահարցը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը պատասխանատու մարդկանց մեջ, հասարական կարծիք ձևավորող մարդկանց մեջ այս գործընթացի ընթացքում նման այլընտրանքների առջև կանգնելու առիթ չենք ունենա»,- շեշտեց նա։

Արամ Մանուկյանն էլ հակադարձեց. «Իմ ցանկությունը Ձեր ձախողելը չէ, ի սեր Աստծո, Ձեր ձախողելը այս երկրի ձախողումն է։ Բայց ծրագրել որևէ բան ու արդյունքի չհասնել, դա էլ է նորմալ, թույատրելիության սահմանում, իմ ասածն ուրիշ բան է, ծրագիրը չի իրականացվել և երբ հայտարարում ես դրա մասին, դա էլ ուժեղության նշան է, իմ ասածը հետևյալն է, որ սխալն ակնհայտ է և քո առջև դնում են այնպիսի պայման, որի արդյունքում կարող է կորցնես տարիների ձեռք բերածը, այդ դեպքում կարելի է լինել ուժեղ և հրաժարվել այդ ճանապարհից և ուրիշին ճանապարհ տալ»։

Տեսանյութեր

Լրահոս