Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել ԼՂ-ի համար զինված հակամարտությունում. Անդրեյ Ռուզինսկի
Ռուսաստանի ՊՆ-ի «Կարմիր աստղ» պաշտոնաթերթին հոկտեմբերի 10-ին տված հարցազրույցի ժամանակ Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Գյումրիի ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում.
«Ռազմաբազայի պատասխանատվության գոտում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը մնում է անհանգիստ և բնորոշվում է ապակայունացնող մի շարք գործոնների առկայությամբ՝ կապված տարածաշրջանում առկա հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր էսկալացիայի հետ:
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմաբազան կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Մի շարք միջկառավարական համաձայնագրերին համապատասխան՝ ռազմաբազան խաղաղ ժամանակ կատարում է ռազմավարական զսպման առաջադրանքներ, ներգրավված է ՀՕՊ-ի միջոցների մարտական ծառայությունում և աջակցում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային սահմանապահ վարչության սահմանային ջոկատներին:
Ռազմաբազան հանդիսանում է մշտապես անհապաղ կիրառմանը պատրաստ միավորում: Նրա կազմում ընդգրկված է 13 հիմնական մարտական ստորաբաժանում և 17 բազմակողմ ապահովման ստորաբաժանում: Ուժերի այդչափ ծավալը հնարավորություն է ընձեռում հաջողությամբ կատարել ռազմաբազայի վրա դրված առաջադրանքները:
Պետք է հավելել , որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտական կազմի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա ունի С-300В զենիթա-հրթիռային համալիրով զինված զենիթա-հրթիռային դիվիզիոն, ինչպես նաև այլ զենիթա-հրթիռային դիվիզիոն, որը զինված է БУК-М1-2 զենիթա-հրթիռային համալիրով, «Սմերչ» հրթիռա-հրետանային մարտկոցով և ավիացիոն բազայով՝ МиГ-29 մարտական ինքնաթիռների էսկադրիլիայով: Այս բոլոր ուժերն ու միջոցները բազավորված են երկու կայազորների երկու տասնյակ զինվորական բնակավայրերում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս քաղաքագետները կարծիք էին հայտնել, որ եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, ապա Գյումրու ռուսական ռազմաբազան չի միջամտի ռազմական գործողություններին, իսկ եթե Ադրբեջանը հարվածի Հայաստանի Հանրապետության տարածքին, ապա այդ դեպքում ռազմաբազան արդեն կմիջամտի ռազմական գործողություններին: