ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 10 միլիոն դրամ է խնդրում բյուջեից
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանը 2014թ.-ի բյուջեով իրեն նախատեսված գումարին խնդրում է ավելացնել ևս տասը մլն դրամ՝ արագ արձագանքման խումբը աշխատեցնելու համար: Այս մասին 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այս առնչությամբ հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ անհրաժեշտ այդ տասը միլիոնը ապահովել այն դրամաշնորներով, որոնցից ՄԻՊ-ը որոշել է հրաժարվել. «Յուրաքանչյուր գերատեսչություն գալիս է և ասում է իրեն քիչ են տվել և հավատացեք՝ չկա գերատեսչություն, որը գոհ լինի, չկա պաշտոնյա, ով իր աշխատավարձի ինդեքսավորման պատճառով նույն պրոբլեմը չունենա: Ես շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը, մանավանդ արագ արձագանքման առումով, որին դիմել ենք ժամանակին ու գոհ ենք եղել: Այսօր, դուք ասացիք, որ լրանում է վերջին դրամաշնորհի ժամկետը և ընդունելով, որ ճիշտ կլինի անկախությունը պահպանեք, բայց պետք է հաշվի առնենք, որ այս երկրում անգամ կառավարությունն է անգամ դրամաշնորհով աշխատում: Այս պարագայում դրամաշնորհները փրկում են մեզ: Հիմա կա՞ հնարավորութուն, որ այս սուղ պայմաններում, որտեղ բոլոր բնագավառներում կան խնդիրներ, դուք ինչ-որ մասով շարունակեք աշխատանքը դրամաշնորհներով»:
Ի պատասխան՝ Կարեն Անդրիասյանն ասաց. «Այն, որ բոլոր գերատեսչությունները մեծ կարիքներ են ունենում բնական է: Եթե մեզ տրվի արագ արձագանքման համար 10 միլիոն դրամը, կարող ենք ասել, որ բավարարված ենք կառավարությունից, որ այս սուր պայմաններում երեք մարզային գրասենյակ ապահովեց՝ երեք հաստիքով, երեք համակագիչներով: Համեմատությունը մյուս գերատեսչությունների հետ տեղին չէ, որովհետև այնտեղ խոսվում է լավ մեքենաների, վերանորոգումների մասին»: Կ. Անդրիասյանը շետեց, որ եթե 10 մլն-ի սղությունը կա, որ իրենք կարողանան պատշաճ իրականացնել արագ արձագանքման ծառայությունը, ապա իրենք կհրաժարվեն դրանից: «Հորդորել ինձ, ստիպել կամ պարտավորեցնել դրամաշնորհներ հայթայթել՝ ոչ օրենքում, ոչ սահմանադրության մեջ, ոչ իմ աշխատանքի նկարագրում չկա գրված, որ ես պետք է դրամաշնորհ հայթայեթելու գործառութ իրականացնեմ»:
Նա նաև հայտնեց, որ երկու մլն ՄԻՊ-ին անհրաժեշտ է նաև խորհրդականների համար, բայց իրենք առաջնահերթություն են տալիս 10 մլն-ին. «Բայց ի սեր Աստծո, եթե կառավարությունը գտնում է, որ պետք չի, ԱԺ-ն էլ համաձայն է՝ ինչի՞ մասին է խոսքը»:
Ալ. Արզումանյանն էլ հակադարձեց, թե ինքը ընդամենը հարցրեց՝ հնարավո՞ր է արդոք դրամաշնորհներով շարունակել կատարել այդ աշխատանքը: Դիմելով Կ. Անդրիասյանին՝ նա նշեց. «Ձեզ ոչ մեկ չի ստիպում դրամաշնորհ ճարեք. Կճարեք՝ լավ է, չեք ճարի՝ ձեր պրոբլեմն է: Հաշվի առնելով սուր իրավիճակը երկում՝ կա նման հնարավորություն, կա՞: Ոչ մի տեղ գրված չէ, որ դատական համակագի բարեփոխումը պետք է USAID-ի փողերով իրականացվի: Յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր կարևորությունը՝ կան, այո, նախարարություններ, որոնք մեքենաներ են ցանկանում գնել, բայց կան նաև կարիքի համար, ծայրը ծայրին հասցնող գերատեսչություններ: Բոլորի կարիքներն էլ շատ կարևոր են, հասկացեք, որ միայն դուք չեք այստեղ: Այդ երկուկես միլիոնից, որ խորհրդատուների համար ասում եք, անհրաժեշտ է, բայց հրաժարվում եք, չեք ուզում, այնպես չէ, որ պատգամավորների գրպանից ձեզ տալիս էին»:
Կարեն Անդրիասյանն էլ հավելեց, որ 10 միլիոնը հնարավոր է հայթայթել, եթե կրճատվի մի երկու համերգ, մի երկու գործուղում, մի երկու առողջապահական հատկացում: