«Ապակոդավորում». Ովքեր են իրական ամենախոշոր հարկատուները
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակեց հանրապետության 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ նրանց վճարած հարկերի և տուրքերի մեծություններով։ Գրեթե բոլոր լրատվամիջոցներն արդեն հասցրել են տարբեր տեսանկյուններից անդրադառնալ այդ ցանկին, այնպես որ՝ կարիք չկա մանրամասնել, թե որ ընկերությունը որքան է վճարել, որքանով է ավելացրել հարկերը կամ ցանկի որ հորիզոնականից որն է տեղափոխվել։
Փոխարենը՝ մենք կներկայացնենք այլ ցանկ, որն ավելի մոտ է իրականությանը և ավելի լավ է ներկայացնում իրական պատկերը։ Իհարկե, այն օդից չենք վերցրել։ Մեր ներկայացրած ցանկը հիմնված է հենց հարկային ծառայության խոշոր հարկատուների ցանկի վրա։ Տարբերությունն այն է, որ փոխել ենք դասավորությունը՝ հաշվի առնելով ոչ թե ընկերությունների վճարած հարկերն ամբողջությամբ, այլ միայն ուղղակի հարկերը։
Ո՞րն է սրա իմաստը։
Ամեն ինչ շատ պարզ է։ Անուղղակի հարկերը (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) իրականում վճարում է ոչ թե հարկատու ընկերությունը, այլ սպառողը։ Այսինքն, եթե X ընկերությունը վճարել է 10 միլիոն դրամի հարկ, որից ուղղակի հարկերը 3 միլիոն դրամն է, ապա հաստատ կարելի է ասել, որ մնացած 7 միլիոնը վճարել են սպառողները՝ մենք բոլորս՝ գնելով այդ ընկերության ապրանք-ծառայությունները։ Ընկերությունը պարզապես միջնորդի դեր է կատարում և մեր վճարած հարկը փոխանցում է պետությանը։ Սակայն հարկային տվյալներում և ցանկերում այդ գումարը գրվում է նրա անունով։
Եվ որպեսզի «վերականգնենք արդարությունը», մենք հիմք ենք ընդունում միայն ուղղակի հարկերը՝ շահութահարկն ու եկամտահարկը։ Այսինքն՝ այն գումարները, որոնք ընկերությունները վճարել են իրենց սեփական գրպանից։ Մեր ցանկը պայմանականորեն կարելի է անվանել «իրական հարկատուների ցանկ» կամ «հարկատուների իրական ցանկ»։
Թեպետ մեր տեխնիկական հնարավորություններն ու ժամանակը բավականացրել են մշակելու միայն խոշորագույն 50 հարկատուների տվյալները, այդուհանդերձ, ստացված աղյուսակը բավական հետաքրքիր պատկեր է ներկայացնում։
Նախ, դրանից պարզվում է, որ խոշոր ընկերության «անուն հանած» որոշ ընկերություններ այնքան էլ խոշոր չեն և առաջին հորիզոնականներից նահանջում են ստորին հորիզոնականներ։ Փոխարենը՝ որոշ «չերևացողներ» իրականում բավականին շռայլ են և լիովին իրավունք ունեն տեղ գտել խոշորների առաջին շարքերում։
Ցանկը կարող եք նաև ինքնուրույն ուսումնասիրել, սակայն մի քանի դիտարկում, ամեն դեպքում, ներկայացնենք։
Նախ՝ խոշորագույն հարկատու հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 26.3 միլիարդ, մեր ցանկում նահանջել է երկրորդ հորիզոնական՝ 10.5 միլիարդ դրամի ուղղակի հարկերով։
Ուղղակի հարկերի ծավալով առաջին տեղում հայտնվել է «Ղ-Տելեկոմը»՝ 13.55 միլիարդ դրամով։
Իսկ խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «ՀայՌուսգազարդը» նահանջել է մինչև 10-րդ հորիզոնականը։ Ընկերության վճարած 25.3 միլիարդ դրամից ուղղակի հարկերը 2.580 միլիարդ են։ Մնացածն անուղղակի հարկեր ու տուրքեր են, որոնք, վերջին հաշվով, վճարում ենք մենք՝ գազ սպառողներս։
15 հորիզոնականով նահանջել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» (որը տնօրինում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը)։ Հարկատուների ընդհանուր ցանկում այս ընկերությունը 4-րդն է՝ իր վճարած 11.7 միլիարդ դրամով։ Սակայն մեր ցանկում 19-րդն է՝ 1.3 միլիարդ դրամ ուղղակի հարկերով։
Իսկ նահանջի չեմպիոններից մեկը վառելիքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն է։ Այն պետբյուջե է վճարել 8.5 միլիարդ դրամի հարկ և զբաղեցրել է 6-րդ տեղը։ Սակայն մեր ցանկում ընկերությունը նահանջել է 41 հորիզոնականով և տեղ զբաղեցրել… 47-րդ հորիզոնականում։
Ցանկի ընդհանուր օրինաչափություն կարելի է համարել այն, որ ներմուծող ընկերությունների փոխարեն՝ այստեղ գերակշռում են արտահանող ընկերություններն ու ծառայություն մատուցողները։
Եվս մեկ հետաքրքիր օրինաչափություն. ուղղակի հարկ վճարողների կամ, պայմանականորեն ասած, հարկատուների «իրական ցանկում» մեծ դերակատարություն ունեն բանկերը։ 50 ընկերություն ներառող ցանկում կարելի է հանդիպել Հայաստանի 21 առևտրային բանկերից 18-ին, որոնք, ընդհանուր առմամբ, պետբյուջե են վճարել շուրջ 32.5 միլիարդ դրամի ուղղակի հարկեր։ Իսկ առաջին տասնյակում տեղ են գտել 6 առևտրային բանկեր։ Այսինքն, որքան էլ քննադատենք բանկերին՝ բարձր տոկոսադրույքների և անմարդկային պայմաններով վարկերի համար, ստիպված ենք խոստովանել, որ այս համակարգն իրական հարկատու է։