Անիմաստ քարոզարշավ
Այսօր սկսվում է Արարատի քաղաքապետի ընտրության նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք, որ այնտեղ իրար հետ մրցակցում են ՀՀԿ և ԲՀԿ կողմից պաշտպանվող թեկնածուները: Քարոզարշավի առաջին օրը ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաք անցկացնել: ԲՀԿ-ականները փորձելու են համոզել, որ չնայած երկրում կուտակված խնդիրները վատ կառավարման արդյունք են, որի հիմնական պատասխանատուն վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն է, սակայն մեկ առաձին վերցրած քաղաքում ևս կարելի է որոշակի հաջողությունների հասնել, եթե քաղաքապետ ընտրվի սրտացավ ու քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքապետ, այսինքն՝ իրենց թեկնածուն, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի վերարտադրության բաժնի պետն է:
ԲՀԿ-ի հաշվարկը հետևյալն է. Արարատում կա 12 հազար ընտրող, որոնցից ընտրությանը մասնակցում է 8 հազարը: Արարատի ցեմենտի գործարանում աշխատում է 2 հազար մարդ, եթե նրանցից յուրաքանչյուրն իր հետ ընտրության բերի ևս մեկ ընտրողի իրենց թեկնածուն հաղթած է: Ինչպես տեսնում եք՝ քարոզարշավն ուղղակի անիմաստ է: