Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում:

ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս