Վիգեն Սարգսյանը՝ իր աշխատավարձի և Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին
2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետարքրքվեց. «Եթե ընդունվի պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը, ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է: Ինչո՞ւ պետք է բարձրանա, ի՞նչ պետք է անեք, որ կտրուկ բարձրացող աշխատավարձը համապատասխանի ձեր գործառույթներին: Արդյոք ջանքեր իրականցվո՞ւմ են, կտրվի՞ քաղաքացիություն Ժիրայր Սեֆիլյանին, ով քսան տարի է՝ ապրում է Հայաստանում, հերոս է, բայց չունի ՀՀ քաղաքացիություն: Ի՞նչ ջանքեր եք գործադրելու, որ գոնե բարելավվի, վերացվի խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ»:
Ի պատախան՝ Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու մասին հարցին: Նա նշեց, որ ինքը կարող էր կոնկրետ անձին քաղաքացիություն շնորհելու հարցին չպատասխանել՝ շրջանցել, որովհետև այն չի մտնում բյուջեի ծավալի քննարկումների տրամանաբանության մեջ, ապա հավելեց. «Մենք արել ենք գործընթաց, որով քաղաքացիության շնորհման արդյունավետությունը կրկնապատկել ենք: Կոնկրետ դեպքում ՝ շնորհվելու է, թե ոչ՝ սահմանդրական լիազորություն է: Դուք գիտեք, որ քաղաքացիության շնորհման մերժելը որևէ բացատրություն չի ենթադրում, դա բացարձակ իրավունք է, որը կարող է մերժվել կամ շնորհվել առանց բացատրության: Բայց ինքանով ես գիտեմ, պարոն Սեֆիլյանը քաղաքացիության համար մերժում ստանալուց հետո չի վերադիմել, դրա համար դժվար է նրա քաղաքացիություն շնորհել: Մի անեկդոտ կա՝ լոտերեյա հաղթելու համար պետք է տոմս առնել: Հիմա երբ դիմի, աշխատակազմը ամեն ինչ կանի, որ հնարավորինս արագ դիտվի գործը և որոշում կայացվի»:
Ինչ վերաբերում է իր աշ,ատավարձի բարձրացմանը, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, թե իր աշխատավաձի ավելացումը ինքը չէ որոշում, այլ՝ ԱԺ-ն: «Ես չեմ կարծում, որ այդ աշխատավարձի ավելացումից իմ գործառույցները ընդլայնվելու են, բայց ակնհայտ է, որ աշխատավարձն ունի առավել արդյունավետ կադրային համալրման խնդիր: Եվ խոսքը չի գնում միայն նախագահի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման մասին: Դա չի վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին: Օրենքը վերաբերում է շուրջ 24 հազար քաղաքացիների, այդ թվում՝ բժիշկների, ուսուցիչների, զինվորականների, և ես վատ բան չեմ տեսնում, որ իրենց աշխատավարձը բարձրանա. նրանք արժանի են: Ինչ վերաբերում է իմ աշխատավարձին, ապա ես չգիտեմ՝ աշխատավարձի ինչպիսի բարձրացում կարող է ապահովել առավել արդյունավետ աշխատանք, որպես բացի աշխատանքային նկարագրով նախատեսված պարտավարություններից պետք է լինի լիարժեք նվիրում աշխատանքին։ Պետք է շատ սիրել գործդ, և ես չգիտեմ՝ որ աշխատավարձն է կոմպենսացնում ընտանիքիդ օրերով, ժամերով չտեսնելու և քո աշխատանքը պետությանը նվիրելու հանգամանքը: Սա շատ փիլիսոփակայական հարց է»: