Բաժիններ՝

Ադրբեջանցի զինված դասալիքին հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանին

razm.info-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել էր զորամասը: Հոկտեմբերի 28-ին դասալիքին վիրավոր հայտնաբերել են առաջնագծում կասկածելի պայմաններում։

Ինչպես ԱՊԱ լրատվական գործակալությանը հաղորդում են Աղստաֆայի շրջանի ոստիկանական բաժանմունքից 19-ամյա զինծառայող Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեին հաջողվել է ձերբակալել «հայ-ադրբեջանական սահմանին՝ զորքերի շփման գծում»։

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս անհայտ է՝ ում կողմից և ինչ պայմաններում է զինծառայողը վիրավորվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Թովուզում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Թովուզի շրջանում ոստիկանական հսկիչ անցակետեր էին ստեղծվել, որտեղ ստուգում էին շրջան մուտք գործող և հեռացող բոլոր ավտոմեքենաները` իրեն ամրակցված ինքնաձիգով զորամասից հեռացած զինծառայողին հայտնաբերելու նպատակով:

Դեռևս պարզ չէ, թե զինծառայողն ինչ պատճառով էր լքել զորամասը։ Հայտնի է միայն, որ Հուսեյնզադեն զորակոչվել է թալիշաբնակ Լենքորանի շրջանից։

Հավելենք նաև, որ Թովուզի զորամասերն ընդգրկված են Շամխորի բանակային կորպուսի կազմում: Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս