Մանվել Գրիգորյանը՝ Հոկտեմբերի 27-ի, Զորի Բալայանի նամակի և ազատամարտիկների մասին

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում խոսել է հոկտեմբերի 27-ի, ազատամարտիկների և Զորի Բալայանի նամակի շուրջ: Այն ներկայացնում ենք հատվածաբար:

– Համարո՞ւմ եք, որ հոկտեմբերի 27-ի հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է:

–  Չեմ կարող այդպես համարել: Մեծ շահեր են եղել արանքում, ով իմանա՝ մեծ տերությունների շահեր: Համենայնդեպս, ես հաստատ կարող եմ ասել, որ Վազգենի, Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի վրա կրակողը հայ ազգի վրա է կրակել, հայոց պետականության վրա է կրակել: Այս ոճրագործության հեղինակները՝ կազմակերպողից, նախագծողից, համակարգողից մինչեւ իրականացնող, բոլորն էլ հայ ազգի, Հայաստան պետության թշնամիներ են: Այդ արարքի նպատակը Հայաստանն ու հային թուլացնելն է եղել: Ու այսօր մենք պարտավոր ենք ուժեղ լինել, միասնական լինել, բոլոր ասպարեզներում զորեղանալ, հզորանալ, որպեսզի թշնամին հասկանա, որ հայ ազգին կոտրել հնարավոր չէ: Հզոր անձանց սպանելով հնարավոր չէ ոչնչացնել նրանց գաղափարները, հնարավոր չէ կոտրել հայ ազգի ոգին:

– Վազգենի պակասը զգացվո՞ւմ է, շա՞տ եք հիշում նրան:

Կարդացեք նաև

– Վազգենին ոնց կարելի է չհիշել: Մեր Սպարապետը, Երկրապահի հիմնադիրը, հայոց բանակի հիմնադիրը հայոց պատմության ամենավառ անհատականություններից էր՝ շատ ուժեղ ու հզոր մարդ, հայրենասեր, որ եթե երկար ապրեր, հիմա հաստատ մեր պետությունն առավել հզոր պիտի լիներ: Հայ մարդը չի կարող Վազգենի պակասը չզգալ, իսկ նրան անձամբ ճանաչած, նրա հետ ճանապարհ անցած, ընկերություն արած մարդու համար, հավատացեք, ուղղակի դժվար է առանց նրա ապրելը: Ոչ միայն Վազգենի, իմ բոլոր զոհված մարտական ընկերների կարիքն էլ զգում եմ:

Ի՞նչ կարծիքի եք Զորի Բալայանի բաց նամակի մասին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

– Արցախյան գոյամարտի ակունքներում կանգնած մեծ մտավորականը իր կարծիքն է հայտնել: Կոմիսարի հետ կարելի է համաձայնել և չհամաձայնել: 10 միլիոն հայ կա, 10 միլիոն` կարծիք: Որոշումը մեկն է: Եվ ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը` Արցախի հարցը մենք ազգովի ենք բարձրացրել, ազգովի էլ պիտի վճռենք Արցախի ճակատագիրը: Ինչպես Վազգենի համար, այնպես էլ ինձ համար, ամեն մի երկրապահի համար, Երկրապահ կամավորականների միության համար Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Երկրապահը շարունակելու է ամեն ինչ անել Արցախ պետության կայացման, հզորացման համար: Ես, որպես երկրապահ, իմ առաքելությունն ավարտված չեմ համարի, մինչեւ Արցախը չդառնա միջազգայնորեն ճանաչված պետություն:

Թեեւ խոսել ենք ազատամարտիկների դժգոհությունների մասին, բայց մի խումբ ազատամարտիկներ շարունակում են բողոքի ակցիաները պահանջելով սոցիալական իրավիճակի բարելավում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

Բոլոր երկրներում էլ կան դժվարություններ, խնդիրներ: Մի պետություն ավելի հեշտ է լուծել այդ խնդիրները, մյուսը` դժվարությամբ: Եկեք չմոռանանք որտեղից ենք գալիս` 88-ի երկրաշարժ, Արցախյան գոյամարտ, որ դեռ շարունակվում է, տնտեսական շրջափակում: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Առաջնահերթ պետք է կանգնեցնել արտագաղթը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր: Աշխատունակ ազգաբնակչությունը պետք է գտնի համապատասխան տեղն աշխատաշուկայում, իսկ հաշմանդամին, թոշակառուին պետությունը պետք է կարողանա քիչ թե շատ բարեկեցիկ կյանք երաշխավորել: ՀՀ նախագահն էլ, պաշտպանության նախարարն էլ երկրապահ են, մեզանից մեկն են: Արդեն քանի անգամ է` կրկնում եմ այս միտքը: Նրանք բոլորից լավ գիտեն ազատամարտիկների խնդիրները:

Այսօր առաջին հերթին պետք է հոգ տանել գործող բանակի մասին, սահմանին կանգնած սպայի մասին, զինվորի մասին, պետք է ժամանակակից սպառազինություն ունենանք: Դրանից հետո միայն կարող ենք մնացյալ հարցերը դրական լուծել: Աստիճանաբար բոլոր հարցերն էլ կկարգավորվեն: Պետք է լավատես լինել: Դժվարությունները մարդու համար են: Ես ինքս, մեր ընկերներից շատերը պատերազմի ժամանակ գերվել ենք սովետական Սպեցնազի, ադրբեջանական օմօնի կողմից: Բայց հույսներս չենք կորցրել: Գերությունից վերադառնալուց հետո էլ հավատարիմ ենք մնացել մեր արժեքներին, շարունակել ենք մեր պայքարը, պատերազմը եւ հաղթել ենք: Ինչպես Վազգենն էր ասում` խավարն անիծելու փոխարեն լավ է յուրաքանչյուրս մի մոմ վառենք: Միասնական լինենք, որ ազգովի հաղթահարենք բոլոր բարդությունները: Միասնական լինենք, որ չկրկնվեն հոկտեմբերի 27-երը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս