Զարուհին շարունակում է ինքնահերոսանալ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակում լեզվակռվի են բռնվել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ` Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը: Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հրավիրել խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանց հայտնի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմավորման կարգի փոփոխությունը, որի արդյունքում` «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽ ԽՎ-ում իր ունեցած տեղից:

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը կատարել է մի փոփոխություն, որի նպատակը եղել է Զարուհի Փոստանջյանին ԵԽ ԽՎ պատվիրակության կազմից հանելը: Զ. Փոստանջյանին զայրացրել է այն հանգամանքը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որևէ դիրքորոշում չի արտահայտել այդ առնչությամբ, և, որ Հովիկ Աբրահամյանի որոշումը չի որակել` որպես ընդդիմության նկատմամբ խտրականության դրսևորում:

«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- մոտավորապես այսպես է ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ խոսել «Ժառանգություն» խմբակցության նորընծա ղեկավար Զ. Փոստանջյանը:

Լևոն Զուրաբյանը բովանդակային բանավեճի մեջ չի մտել Փոստանջյանի հետ՝ ասելով, որ ինքը «Լյովիկ չէ, այլ Լևոն Զուրաբյան» և խորհուրդ տվել, որ Փոստանջյանն իրեն կոռեկտ պահի:

Այսպիսով, Հայաստանի ընդդիմադիր դաշտում շարունակվում է պայքարը թիվ մեկ, կամ «իրական» ընդդիմության տեղի համար: Այդ պայքարում Զ. Փոստանջյանը միայնակ է` ընդդեմ մի փոքր ավելի բազմամարդ ՀԱԿ խմբակցության: Բայց չնայած ուժերի անհավասարությանը, Փոստանջյանը կարողանում է ավելի «արմատական և ծայրահեղ ընդդիմադիր» երևալ, քան ՀԱԿ ներկայացուցիչները: Նրանք կարող են ասել, որ Զ. Փոստանջյանն իրեն դուրս է դրել Էթիկայի բոլոր նորմերից և անում է քայլեր, որոնք հակասում են տարրական բանականությանը:

Բայց նման բարոյախրատական տոնով հանդես են գալիս նաև իշխանամետ պատգամավորները, և նման վարքագիծ դրսևորելով՝ ՀԱԿ-ն ակամա նույնանում է իշխանության հետ: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև այլընտրանք հռչակված ԲՀԿ-ին, որի ներկայացուցիչները ոչ միայն չեն դատապարտել, այլ կողմ են արտահայտվել նշված կարգի ընդունմանը:

Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս ընդդիմադիր դաշտի սնանկությունը: 2012 թվականին «իշխանությունների դեմ պայքարի» կարգախոսներով խորհրդարան մտած ընդդիմադիր ուժերն արդեն մեկուկես տարի իշխանության դեմ պայքարելու փոխարեն` զբաղված են բացառապես իրենց խմբակցությունների ներսում հարաբերություններ պարզելով, իրար դեմ կատաղի պայքար մղելով:

Թվում է, թե այս պայքարում առանձին վերցրած անհատներ «հեղինակություն» են ձեռք բերում, ինչպես այս դեպքում երևի մտածում է Զարուհի Փոստանջյանը, բայց դա տեղի է ունենում ընդդիմության հետևողական ու ամբողջական վարկաբեկման ճանապարհով, ինչը բերկրանքի լրացուցիչ պահեր է պարգևում իշխանությանը:

Տեսանյութեր

Լրահոս