Հրաժեշտ Վիլնյուսին

Երեկ Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջի ժամանակ լրագրողներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հարց է ուղղել՝ եթե Հայաստանը Վիլնյուսում Եվրոպական միության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, դա կարո՞ղ է ազդել ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների ու համագործակցության վրա: Ի պատասխան` Բորդյուժան հայտարարել է. «Որքան գիտեմ, դուք տալիս եք մի հարց, որը կարծես թե արդեն լուծված է, և Հայաստանի ղեկավարությունը համապատասխան հայտարարություն է արել, որ ծրագրում են մտնել Մաքսային միություն և առայժմ Եվրամիության հետ փաստաթուղթ չեն ստորագրելու»: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ ցանկանում են ու պատրաստ են Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

Այդ ցանկության ու պատրաստակամության մասին ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով, բարձրաձայնվեց հոկտեմբերի 2-ին՝ Ստրասբուրգում, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում հայտարարեց, որ Հայաստանը հիմա էլ պատրաստվում է մասնակցել վիլնյուսյան գագաթաժողովին և ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը:

Այլ հարց է՝ եվրոպացիներն ինչպես կարձագանքեն այս ցանկություններին, և արդյո՞ք գոնե հռչակագրային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, թե՞ ոչ, սակայն այն, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, ակնհայտ է: Ու հանկարծ, Բորդյուժան հայտարարում է, որ «գԵվրամիության հետ որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու»: Այլ կերպ ասած, Ռուսաստանը որոշել է, որ Վիլնյուսում Հայաստանը փաստաթուղթ չի ստորագրելու, ու արդեն կարևոր չէ Հայաստանի իշխանության ցանկությունը: Եթե որևէ մեկը կարծում է, որ սա չափազանցություն է, ապա հիշեցնենք այս տարվա մայիսին տեղի ունեցած մի իրադարձություն: Մասնավորապես մայիսի 31-ին Մինսկում կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Հայաստանն ուզում է մասնակցել դրան (Մաքսային միությանը), և մենք ևս դա կարևոր ենք համարում:

Հարկավոր է միայն գտնել նման համագործակցության ճիշտ ձևաչափը»: Այդ օրերին որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Հայաստանը կարող է տապալել Եվրամիության հետ բանակցությունները, առավել ևս՝ անդամակցել Մաքսային միությանը: Եվ առաջին անգամ հենց ՌԴ վարչապետը հայտարարեց «Հայաստանի ցանկության» մասին, որը, ինչպես տեսանք, ընդամենը երկու ամիս անց իրականություն դարձավ «ռուս գործընկերների» օգնությամբ: Այնպես որ, եթե Բորդյուժան ասում է, որ Վիլնյուսում Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի: Հայաստանը նման կարևորագույն հարցերում որոշումներ կայացնելու իրավասությունն արդեն զիջել է Ռուսաստանին: Հանուն անվտանգության ապահովման, մեկ էլ՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության, ինչպես հավաստիացնում են մեր պաշտոնյաները:

Տեսանյութեր

Լրահոս