Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը շախմատի տախտակին զոհաբերված զինվոր էր
Հայաստանի առավելությունն իր հարևանների նկատմամբ այն է, որ նա ավելի կայուն է և ավելի շատ է կայունություն առաջարկում, սակայն այդ կայությունն այժմ վտանգի տակ է: Այս մասին այսօր Peoplemeter մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Կիրակի օրը նախագահական ընտրություններ կլինեն Վրաստանում, և նույնիսկ Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Հայաստանը տարածաշրջանում կպահպանի ուժեղ դիրքերը: Վրաստանի գործող վարչապետը և հաջորդ նախագահը ստիպված կլինեն ընդունելու, որ ավելի շատ կունենան Հայաստանի կարիքը, քան նախկինում: Այդուհանդերձ, խնդիրը կայանում է նրանում, որ Մաքսային միության հետ կամ առանց դրա Հայաստանը մնում է Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ: Արևելյան գործընկերությունում կա երկրների երկու խումբ. Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կարծես թե պատրաստվում են ստորագրել կամ նախաստորագրել վիլնյուսյան արձանագրությունները, իսկ Հայաստանը կատարեց հետքայլ և միացավ այնպիսի հրաշալի երկրների, ինչպիսիք են Բելառուսը և Ադրբեջանը, որոնց Ասոցացման համաձայնագիրը չի հետաքրքրում»,- նշեց փորձագետը:
Ինչո՞ւ ենք մինչ օրս շարունակում խոսել Մաքսային միություն մտնելու որոշման մասին: Իր այս հարցադրմանը Ռիչարդ Կիրակոսյանը տվեց այսպիսի բացատրություն` որովհետև Հայաստանի նախագահը մինչ օրս չի բացատրել դրան անդամակցելու որոշման հանգամանքները:
Ինչպես շեշտել էր «168 Ժամի» հետ վերջին հարցազրույցում, այս անգամ ևս Ռիչարդ Կիրակոսյանը կրկնեց, որ իր կարծիքով` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ավելի շատ Հայաստանի «ո՛չ»-ն էր Եվրոպական միությանը, քան թե «այո՛» Մաքսային միությանը: Կիրակոսյանն այնքան էլ վստահ չէ, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, քանի որ Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, այլ ընդամենը հայտարարվել է Հայաստանի պատրաստակամության մասին:
«Հայաստանի նախագահ Սարգսյանը սիրում է շախմատ, դրա համար եկեք խոսենք շախմատային լեզվով. Հայաստանը շախմատի տախտակին զոհաբերված զինվոր էր, որովհետև այս խնդիրն ավելի շատ վերաբերում էր Ուկրաինային: Այս առումով Հայաստանը, ցավոք սրտի, դեռևս «զինվոր» է, ոչ թե ավելի կարևոր ֆիգուր` «ձի» կամ «փիղ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը,- Իմ կարծիքն այն է, որ սա հարված է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսինքն` իրականում խնդիրը հայ-ռուսական հարաբերություններն չեն, դրանք իհարկե կարևոր են, նույնիսկ իմ, Րաֆֆիի կամ Վարդանի պես ամերիկահայերը հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Իմ քննադատությունը վերաբերում է հարաբերությունների բնույթին, համաչափության, հարգանքի և վստահության պակասին: Սա նաև նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի կախված կդառնա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի տնտեսությունից»: