![](/banners/BeFunky-design.jpg)
Շվեդիան 6 մլն եվրո կփոխանցի Արևելյան գործընկերության ծրագրերի ֆինանսավորման հիմնադրամին
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/081012armenia-eu1-620x300.jpg)
Շվեդիան լրացուցիչ մոտ 6 մլն եվրո կփոխանցի Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրերի ֆինանսավորման եվրոպական հիմնադրամին` էներգաարդյունավետության եւ բնապահպանական ծրագրերի իրականցման նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է երկրի ԱԳ նախարարությունը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան հոկտեմբերի 21-ից միացել են հիմնադրամին, որի հիմնական խնդիրը էներգաարդյունավետությանը նպաստելն է եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծերին աջակցելը:
2009 թ. հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը եղել է հենց Շվեդիան: «Էներգիայի արդյունավետ օգտագործումը մեծ մարտահրավեր է Արեւելյան Եվրոպայի համար: Հիմնադրամը կնպաստի էկոլոգիայի բարելավմանը եւ միաժամանակ երկրներին հնարավորություն կտա առավել մրցունակ դառնալ, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարումը: Հաջողության դեպքում մեր հատկացումների ծավալը կարող է ավելանալ»,-ասել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Հիլեվի Էնգստրյոմը:
Բրյուսելում այսօր կայացած դոնորների համաժողովի ժամանակ ընդհանուր առմամբ հիմնադրամի համար տրվել է 90 մլն եվրոյի խոստում: Որպես դոնոր հանդես են գալիս ԵՄ-ն, Իսլանդիան, Նորվեգիան եւ ԱՄՆ-ը: