«Վեցյակի» ու Իրանի միջև հնարավոր է 4 տիպի համաձայնագիր. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է Իսրայելի ռազմական հետախուզության նախկին պետ Ամոս Յադլինի և Իսրայելի Ազգային անվտանգության ոլորտում Հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ավներ Գոլովի հոդվածը, որում նրանք ներկայացրել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հնարավոր 4 սցենար: Նրանց կարծիքով` «Վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագիրը կարող է լինել իդեալական, խելամիտ, անհաջող և փուլային:

Իդեալական

Իդեալական որոշումը կարող է լինել միջուկային ծրագրից Իրանի ամբողջովին հրաժարվելը: Թեհրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, փակի «Ֆորդոու» ստորգետնյա գործարանը, կանգնեցնի «Արակի» ռեակտորը և երկրից դուրս բերի ողջ հարստացված ուրանը, որն արդեն իսկ բավական է 5-7 ռումբ արտադրելու համար:

Ադպիսի համաձայնագիրն ամբողջովին կհամապատասխանի ՄԱԿ ԱԽ-ի պահանջներին, և փոխարենն Արևմուտքը կարող է չեղյալ հայտարարել Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Խելամիտ

Յադլինն ու Գոլովը խելամիտ են անվանում փոխզիջումային համաձայնագիրը: Իրանը շարունակում է ուրանի հարստացումը ոչ ռազմական նպատակներով, սակայն ցենտրիֆուգների քանակը կրճատում է մինչև խորհրդանշական մինիմումի և նվազեցնում է հարստացված նյութի պաշարները:

Բացի այդ, Իրանը ստորագրում է հավելյալ համաձայնագիր, որն ԱէՄԳ-ին հնարավորություն է տալիս անցկացնել միջուկային օբյեկտների մանրակրկիտ զննում, և շարունակում է միայն Նաթանզի գործարանում հետազոտությունները:

Անհաջող

Հեղինակների կարծիքով` անհաջող համաձայնագիր կլիներ պատժամիջոցների թուլացումը` Իրանի կողմից միջուկային ծրագրից մասնակի հրաժարվելու դիմաց: Օրինակ, Իրանը խոստանում է ուրան հարստացնել մինչև 3.5-5 տոկոս, սակայն չի նվազեցնում ցենտրիֆուգների քանակը և պահպանում է միջուկային բոլոր օբյեկտները:

Դա աղետալի կլինի Արևմուտքի համար, քանի որ Թեհրանին հնարավորություն կտա արագորեն ստանալ միջուկային զենք` միջազգային հանրության հետ համաձայնագրի քողարկման ներքո, ինչպես որ զգուշացնում են իսրայելցիները:

Փուլային

Եվ վերջապես փուլային համաձայնագիրն իրենում ներառում է մի շարք քայլեր` ուղղված բանակցող կողմերի միջև վստահելի հարաբերությունների հաստատմանը: Օրինակ, Իրանը համաձայնվում է դադարեցնել ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս և չի տեղակայում նոր ցենտրիֆուգներ, իսկ Արևմուտքը մասնակիորեն մեղմացնում է պատժամիջոցները: Ըստ էության, «Վեցյակը» փորձում է հասնել հենց այդպիսի համաձայնագրի:

Յադլինի ու Գոլովի կարծիքով` եթե իդեալական համաձայնագիրը դառնա անհնար, ապա արևմտյան դիվանագետները Ժնևում պետք է հասնեն խելամիտ համաձայնագրին: Անհաջող և անգամ փուլային համաձայնագիրը կլինի պարտություն: Իրանի հետ հարաբերություններում արևմտյան դիվանագիտության համար վրա է հասել իրականության պահը:

Տեսանյութեր

Լրահոս