
Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են զարգացնել հետախուզական տվյալների փոխանակումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան մտադիր է զարգացնել Մերձավոր Արևելքում և Հարավ-արևելյան Ասիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆումիո Կիսիդայի ու Ուիլյամ Հեյգի հանդիպման ժամանակ: Կիսիդան ընդգծել է, որ Տոկիոն մտադիր է էլ ավելի ակտիվացնել տարածաշրջանի կայունության ու խաղաղության զարգացման մեջ իր ներդրումը:
Հեյգն իր հերթին հայտարարել է, որ Լոնդոնը ողջունում է Ճապոնիայի ցանկությունը՝ կապված միջազգային մակարդակով անվտանգության ապահովման հարցում ավելի ակտիվ դեր խաղալու հետ:
Կողմերը նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ծովային, տիեզերական, կիբերտիրույթի անվտանգության և ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու ոլորտում: