
Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել. «Բարև մայրիկ ջան… մայրի՛կ ջան, ո՞նց ես…»

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները քիչ առաջ հանդիպել են հայ ռազմագերի Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին եւ նրանց երկու նամակ են փոխանցել: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է Հ. Ինջիղուլյանի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:
«Մենք նամակ էինք ուղարկել, երեխեն նաև նկար էր ուզել, իրանից էլ երկու նամակ ենք ստացել՝ մեկը ինձ ա գրել, մեկը՝ եղբորը»,- ասել է հուզված ու ուրախացած մայրը:
«Կուզե՞ք` մի երկու տող կարդամ, լսեք, դուք էլ ուրախացեք.
«Բարև մայրիկ ջան…»,- սկսել է կարդալ տիկին Գայանեն, հետո մի պահ ընդհատել է՝ ասելով, «Էս անգամ շատ ջերմ ա գրած, ոնց երեւում է արդեն, որ Հակոբիս միտքն է, իրա խոսքերն են»:
«Մայրի՛կ ջան, ո՞նց ես, ինչպե՞ս են մյուս հարազատներս, ես շատ լավ եմ, իմ մասին շատ մի մտածիր, որոշ ժամանակ անց ամեն ինչ կհարթվի և շատ լավ կլինի: Իմ պայմանները լավ են, մի փոքր Ձեզնից եմ մտածում, Ձեր մասին, մյուս հարազատների մասին եմ մտածում, ողջ ու առողջ լինեք, չտխրեք, այս վատ փորձությունը օրերից մի օր կհաղթահարվի: Կարինեին ասեք` թող դասերը լավ սովորի, չբացակայի, նույնն էլ Հարութը՝ թող չկտրվի աշխատանքից: Ցանկանում եմ Ձեզ եւ այն մարդկանց, ովքեր իմ մասին մտածում են, առողջություն եւ երջանկություն: Ձեր որդի Հակոբ…»:
Գայանե Ինջիղուլյանն ասաց նաեւ, որ արդեն որդուն երրորդ երկիր հանձնելու ծրագիրը իրատեսական է թվում, միայն թե ժամանակի խնդիրն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: