Այդ տեքստերը նշանակում է պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը. Փաշինյան
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե «պատերազմի կուսակցություններ» ասելով ինչ է նկատի ունեցել։
«Պատերազմի կուսակցությունն ամեն օրվա հետ դառնում է ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և շրջանակները ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը, սա շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է՝ ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա պնդեց, որ նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում․ «Այն տեքստերը, որ ասում են, ուրիշ տեղ են գրված, և իրենք կարդացողի կարգավիճակում են։ Առավել ևս իրենց խոսացածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է ՀՀ-ում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն»,-ասաց նա և պնդեց, որ իր հայտարարությունից հետո ավելի է ահագնացել։
«Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը»,-ասաց նա և նշեց, որ եթե անհրաժեշտ է, անուններ էլ կարող է տալ։
Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, առանց նշելու, թե որտեղից է այդ սպառնալիքը գալիս՝ արդյո՞ք ՌԴ-ից, Փաշինյանը պարզաբանեց՝ դա այն է, երբ իր և ընտանիքի մասին գրվում են ամենատարբեր ստերը։
Նա նշեց, որ այդ հարցում համագործակցում են ԵՄ-ի և բոլոր գործընկերների հետ, ովքեր ունեն գործիքներ՝ հիբրիդային պատերազմի, մասնավորապես, ապատեղեկատվության դեմ պայքարի համար։



