Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը

Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները:

Իսրայելը երեկ հարվածել էր «Հարավային Փարս»-ին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի «Ռաս Լաֆֆան» հեղուկացված բնական գազի կայանին (ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը): Հարվածից հետո Կատարն անցանկալի անձ է ճանաչել ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդին:

Կատարից բացի, Թեհրանը թիրախավորել է նաև էներգետիկ ենթակառուցվածքներ ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ու մյուս հարևանները «Թեհրանի ագրեսիային պատասխանելու համար ունեն զգալի կարողություններ»:

«Հարավային Փարս»-ի թիրախավորումից հետո դադարեցվել է դեպի Իրաք իրանական բնական գազի մատակարարումը: Իրաքից բացի, Թեհրանը գազ է արտահանում նաև Թուրքիային, Հայաստանին: Ադրբեջանի հետ էլ Թուրքմենստանից սվոփ մատակարարումներ էին իրականացվում, որը դադարեցվել էր  2024-ին: Թուրքմենստանից սվոփ է իրականացվում նաև դեպի Իրաք:

Բայց Իրանի գազի արտահանումները մեծ ծավալներով չեն. արդյունահանվող գազը հիմնականում ուղղվում է ներքին սպառմանը (որը շատ մեծ է) ու անգամ չի բավարարում, հատկապես՝ սաստիկ ձմռան դեպքում: Մասնավորապես խնդրահարույց են հյուսիսային նահանգները: Այդ պատճառով էլ Իրանը Թուրքմենստանից գազ էր ներկրում: Պարտքերի պատճառով Աշխաբադը դադարեցրել էր մատկարարումը, հետո Իրանը վճարել էր պարտքը ու նորից բանակցում էին մատկարարումները վերականգնելու շուրջ: Գազի ներկրման շուրջ Իրանը հուշագիր է կնքել նաև ՌԴ հետ:

Հաշվի առնելով Իրանի գազային ենթակառուցվածքների թիրախավորումից հետո արդյունահանման ու ներքին սպառման հետ կապված հնարավոր խնդիրները՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել Հայաստան գազի արտահանումները, որի դեպքում գործում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս