Իրանի հակառակորդը դիմելու է բարդ և բազմամակարդակ սցենարների, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Իրանը զգուշացրել է հետևանքների մասին. Խայալ Մուազին

Թեհրանում վերջին հրաժեշտը տվեցին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը սպանվել է ամերիկանա-իսրայելյան հրթիռային հարվածների հետևանքով։

Նրա սպանության մասին, որը տեղի է ունեցել Թեհրանի վրա հարվածի ընթացքում, օրերս հայտարարեց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերով բանակցությունների համար, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Ալի Լարիջանին եղել է Իրանի Իսլամական Հանրապետության վերջին տասնամյակների ամենաազդեցիկ գործիչներից մեկը, ում շնորհիվ Իրանի համար ամենաճգնաժամային փուլերին պահպանվել է պետական ապարատի աշխատանքը: Թերևս սա էր նաև պատճառը, որ Իսրայելը թիրախավորեց նաև Լարիջանիին, դրանով իսկ փորձելով բեկել պատերազմի ընթացքը: Al Jazeera-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը մահացու հարված չի հասցնի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը։

Նա հավելել է՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դեռևս չեն գիտակցել, որ Իրանի կառավարությունը հույսը չի դնում մեկ անհատի վրա։ «Ես չգիտեմ, թե ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները դեռ չեն հասկացել այս կետը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ հաստատված քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատներն ազդեցիկ են, և յուրաքանչյուր մարդ խաղում է իր դերը. Ոմանք՝ ավելի լավ, ոմանք՝ ավելի վատ, ոմանք՝ ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է»,- նշել է նա։ Լարիջանիի կորուստը մեծ է ԻԻՀ-ի համար, սակայն իրանական համակարգը կախված չէ մեկ անձից ու նրա որոշումներից: Այս համոզմանն է նաև իրանցի վերլուծաբան, լրագրող Խայալ Մուազինը:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Մուազինն ասաց, որ Իրանի, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի միջև պատերազմն օրեցօր անցնում է նոր փուլի։ Նրա կարծիքով, հակամարտության ընթացքը մեծապես որոշվում և կառավարվում է Իրանի կողմից։

«Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը, գործելով խուճապային վիճակում, փորձում են քաոսային կերպով դուրս գալ իրավիճակից, սակայն օրեցօր ավելի խորն են ընկղմվում ռազմավարական փակուղու մեջ։ Ընդ որում, մենք դեռ չենք անցել հակամարտության առանցքային փուլին։

Այս պատերազմն աստիճանաբար ձեռք է բերում տարածաշրջանային բնույթ և որոշելու է ողջ տարածաշրջանի ճակատագիրը, ուստի ամենանշանակալի իրադարձությունները դեռ առջևում են։ Իրանական հասարակությունը, ընդհակառակը, համախմբվում է. մարդիկ միավորվում են պետության շուրջ, դուրս են գալիս հրապարակներ՝ ցուցադրելով իրենց աջակցությունը։ Նույնիսկ իրանցի կանայք բերում էին իրենց ոսկյա զարդերը՝ փոխանցելով բանակի կարիքներին, որպեսզի ապահովեն դիմադրության շարունակությունը մինչև իրավիճակի վերջնական բեկումը։

Այսպիսով, կարելի է ասել, որ արագ հանգուցալուծման նախնական հաշվարկը չարդարացավ, իսկ հակամարտության ձգձգվող բնույթը ձեռնտու է այն կողմին, որն օժտված է ավելի մեծ ներքին կայունությամբ և ռազմավարական խորությամբ»,- ասաց վերլուծաբանը:

Խայալ Մուազինը գտնում է, որ հրադադարն իմաստ չունի՝ առանց բեկման հասնելու և հակառակորդին ստիպելու՝ ճանաչել իրականությունը։ Ըստ նրա, քանի դեռ հակառակորդը չի հասկացել, որ Իրանի նկատմամբ սպառնալիքների և ճնշման լեզուն չի աշխատում, իսկ պատերազմի գործոնը լիովին չի հանվել օրակարգից, հակամարտությունը շարունակվելու է։

«Անկախ ԱՄՆ-ի՝ մարտական գործողությունները դադարեցնելու ցանկության, այս փուլում հրադադարը քիչ հավանական է։ «Քաղաքական և դիվանագիտական ուղիները փաստացի սպառված են, և այժմ իրավիճակը որոշվում է ոչ թե դիվանագետների հայտարարություններով, այլ մարտի դաշտում գործողություններով։ Այս տրամաբանության մեջ հենց ռազմական գործոնն է դառնում ազդեցության և զսպման առանցքային գործիքը»,- ասաց նա:

Անդրադառնալով հակամարտության անդրադարձին Հարավային Կովկասի երկրների վրա, Մուազինն ասաց, որ Իրանի հակառակորդն անխուսափելիորեն դիմելու է բարդ և բազմամակարդակ սցենարների։

«Այդպիսի գործիքներից մեկը կարող է դառնալ սադրանքները և լրացուցիչ երկրներին հակամարտության մեջ ներքաշելու փորձերը՝ ապակայունացման և արհեստական ճգնաժամերի ստեղծման միջոցով։

Իրանն արդեն բազմիցս պաշտոնապես զգուշացրել է հարևան պետություններին նման սցենարների ռիսկերի մասին և կոչ է արել չդառնալ այդ ծրագրերի մասը։ Նման նախազգուշացումների անտեսումը, ինչպես ցույց տվեց մի շարք արաբական երկրների փորձը, հանգեցնում է ծանր հետևանքների։

Այս առումով տարածաշրջանի երկրները պետք է առավելագույն զգուշություն և ռազմավարական զսպվածություն ցուցաբերեն։ Հարավային Կովկասը մնում է զգայուն տարածք, և ցանկացած ներքաշում հակամարտության մեջ կարող է հանգեցնել երկարատև անկայունության։ Հավասարակշռությունն ու չեզոքությունն այստեղ դառնում են անվտանգության հիմնական գործոնները»,- ասաց Մուազինը: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամեր առաջ կայացել էր ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն իրավունք ունի հարձակվելու ցանկացած երկրի վրա, որն ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք է տրամադրում իր դեմ ագրեսիայի համար։

Ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Արաղչին շեշտել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները տրամադրելու այլ երկրների՝ ագրեսիվ գործողությունների համար։

Խայալ Մուազինն անդրադարձավ նաև Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար կարիքներին, որոնց մասին օրերս իր բրիֆինգի ընթացքում խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտարարելով, թե Իրանը դիմել է գործընկեր երկրներին հումանիտար օգնության համար:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում հարևան երկրներին՝ Ռուսաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև Ուզբեկստանին ու Թուրքմենստանին, որոնք միացել են օգնության ցուցաբերմանը։ Դա ցույց է տալիս պատասխանատու վերաբերմունք տարածաշրջանային կայունության և հումանիտար իրավիճակի նկատմամբ։

Միևնույն ժամանակ ցավալի է, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանը դեռևս չի ձևավորել հստակ և կշռադատված դիրքորոշում պետական մակարդակով։ Տպավորություն է ստեղծվում, որ անմիջական հարևանությամբ տեղի ունեցող ռիսկերը թերագնահատվում են։

Նման մոտեցումը չի կարելի ռազմավարական առումով արդարացված համարել։ Տարածաշրջանային գործընթացներն անխուսափելիորեն առնչվում են բոլոր մասնակիցներին, և որոշումների ժամանակին ընդունումն առանցքային դեր է խաղում։ Հույս կա, որ համապատասխան դիրքորոշումը կձևավորվի նախքան իրավիճակն ավելի կբարդանա և կպահանջի արդեն հրատապ քայլեր»,- ասաց վերլուծաբանը, գնահատելով Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքավորումը ԻԻՀ հումանիտար օգնություն ուղարկելու հարցի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս