Մասկատում կայացել է Օմանում ՀՀ դեսպանության բացման արարողությունը

Օմանի մայրաքաղաք Մասկատում մարտի 18-ին տեղի է ունեցել Օմանում Հայաստանի դեսպանության բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդին։

Այս մասին հայտնել է Timesofoman-ը։

Նշվում է, որ ՀՀ դեսպանատան բացումը տեղի է ունենում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ընդլայնվող հարաբերությունների շրջանակներում։ Այն արտացոլում է երկու երկրների համատեղ ձգտումը՝ ընդլայնելու համագործակցության և գործընկերության հորիզոնները տարբեր ոլորտներում այնպես, որ դա ծառայի փոխադարձ շահերին և խթանի ներդրումների, առևտրի և մշակութային փոխանակման հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր հպարտությունն է արտահայտել Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանատան բացման կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ այս քայլը արտացոլում է երկկողմ հարաբերությունների ամրությունը և դրանք զարգացնելու համատեղ ցանկությունը՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները՝ փոխադարձ շահերին ծառայելու համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ Օմանի լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Օմանի Սուլթանության և Հայաստանի միջև հարաբերությունները դինամիկ են և ընդլայնվող։ Կոստանյանն ասել է, որ Օմանը արաբական երկրների շարքում առաջիններից էր, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում շարունակական աճ են ապրել, որի գագաթնակետը եղել է Օմանում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը։ Բացի այդ, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները շարունակաբար քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում։

Կոստանյանն ընդգծել է համատեղ համագործակցության տնտեսական կոմպոնենտի կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը, առաջատար տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային ծառայությունները և համատեղ ներդրումները։

Վահան Կոստանյանը ցանկություն է հայտնել Հայաստանում Օմանի Սուլթանության պատվիրակություն ընդունել՝ մտքերի փոխանակման համար։

Նա նաև ընդգծել է համատեղ միջոցառումների, երկու երկրների մասնավոր հատվածի ընկերությունների երկկողմ հանդիպումների անցկացման կարևորությունը, ինչպես նաև կարևորել է հնարավորությունների ստեղծումը, որոնք թույլ կտան նպաստել տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը։

Միջոցառման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարարն Օմանի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։

Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։

Հայաստանի կառավարությունն Օմանում ՀՀ դեսպանություն բացելու որոշումն ընդունել էր 2025 թվականի ապրիլի 10-ին։

Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 7-ին:

Տեսանյութեր

Լրահոս