Արաբական և իսլամական մի շարք պետություններ դատապարտել են Իրանի հարձակումները
Արաբական և իսլամական 12 պետությունների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների վրա։ Այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ դատապարտվել են «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարված միտումնավոր հարձակումները, որոնք թիրախավորել են բնակելի տարածքները և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավթային օբյեկտները, աղազրկման գործարանները, օդանավակայանները, բնակելի շենքերը և դիվանագիտական առաքելությունները»։
«Մասնակիցները շեշտել են, որ այս հարձակումները չեն կարող արդարացվել որևէ պատրվակով կամ որևէ կերպ», – նշվում է փաստաթղթում։
Արտաքին գործերի նախարարները նաև դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա և «վերահաստատել իրենց աջակցությունը Լիբանանի անվտանգությանը, կայունությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարների անունից։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։



