Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների հետ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Քյս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները»։
Արաղչին հայտարարել է, որ Իրանի ենթակառուցվածքների վրա ամերիկյան և իսրայելական հարձակումը քայլ է՝ ուղղված լարվածության սրմանն ու տարածաշրջանի ապակայունացմանը։ Նա ընդգծել է այդ սպառնալիքների դեմ տարածաշրջանային երկրների միջև զգոնության և համակարգման անհրաժեշտությունը։
Նախարարը նաև մատնանշել է «Ամերիկայի և Իսրայելի անզգույշ և ահաբեկչական վարքագծի լուրջ հետևանքները»՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ջանք չի խնայի՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունն ու քաղաքացիների անվտանգությունը։
Իրանի ԱԳ նախարարության տեղեկացմամբ՝ Արաղչին նաև հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր։
Արաղչին դատապարտել է Շվեդիայի կառավարության կողմից Իսրայելի օգտին լրտեսության մեջ դատապարտված անձին ցուցաբերած ցավալի աջակցությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի իր ժողովրդի անվտանգությանը վերաբերող որևէ բան», – նշվել է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ստեներգարդը նշել էր, որ մահապատիժն «անմարդկային, դաժան և անդառնալի պատիժ» է, և որ դատապարտում է դրա կիրառումը բոլոր հանգամանքներում։



