«Վթարների, սպանությունների, բռնաբարությունների և բռնությունների ֆոնին՝ մի քիչ էլ հիացրեք մարդկանց»

Ֆանտաստ նկարիչ Արտեմ Մելիք-Ազարյանցն արդեն երեք տարի համագործակցելով Նյու Յորքի հեղինակավոր «Տրինիթի» աուկցիոնի հետ` կարողանում է մուտք գործել համաշխարհային արվեստի շուկա: Ի դեպ, աուկցիոնային այս կենտրոնը կովկասյան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի արվեստագետներին համարելով անվստահելի գործընկերներ` մերժում է նրանց շուկայի ներգրավումն՝ այնուամենայնիվ, աշխատելով հայ նկարիչների հետ, և բավականին հաջող վաճառք է կազմակերպում:

Թեև «Տրինիթի» աուկցիոնային կենտրոնը չունի այն հեղինակությունն, ինչպիսին են՝ «Սոթբիսն» ու «Քրիսթիսը», այնուամենայնիվ, այս կենտրոնը ժամանակակից հեղինակներից զատ` նաև ներկայացնում է, օրինակ՝ Մարկ Շագալ, Այվազովսկի, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան և այլ նման մեծության և որակի հեղինակներ: Իր աշխատանքներն իրացնելով նաև հայաստանյան արվեստի շուկայում` Ա. Մելիք-Ազարյանցը չի դժգոհում արվեստի նկատմամբ հասարակական հետաքրքրությունից՝ նկատելով, որ վերջին տարիներին նկար գնելու կուլտուրա է ձևավորվում: Ընդ որում, գնորդների մի մասը նկարը դիտարկելով որպես գեղարվեստական արժեք` փորձում է իր կոլեկցիան համալրել լավագույն հեղինակներով, մյուս մասն էլ՝ նկարը դիտարկում է որպես կապիտալ, որը տարադրամի վերածելիս` տարեցտարի կրկնապատկում, եռապատկում է իր ունեցվածքը: Ինչ վերաբերում է ցուցահանդեսների նկատմամբ հասարակական անտարբերությանն, ապա Ա. Մելիք-Ազարյանցն ունի իր սուբյեկտիվ և պարզ բացատրությունը՝ մարդիկ տրամադրություն չունեն: Ի դեպ, Ա. Մելիք-Ազարյանցի ստեղծագործությունները նաև ցուցադրվում են «www.hi-artonline.com»-ի վիրտուալ գալերեայում:

Lusoo (9)

– Հայաստանում արվեստի, մասնավորապես՝ նկարչության ոլորտում շուկա կա, որը կայացած է, պարզապես նկարի առք ու վաճառքի մանրամասները չեն հրապարակվում, որովհետև գնորդը չի ցանկանում հրապարակել դա: Օրինակ, ֆանտաստ նկարչությունը մեծ պահանջարկ ունի թե՛ համաշխարհային, թե՛ առավել ևս` հայաստանյան շուկայում: Ֆանտաստ հայ նկարիչներ ունենք, որոնց արվեստանոց այցելելու հերթեր են գոյանում, անգամ այցելուների համար ցուցակով ժամեր են սահմանվում, քանի որ հեղինակները չեն հասցնում այդքան մարդ ընդունել, որոնց մեծ մասը պոտենցիալ գնորդ է: Հայաստանի ֆանտաստ նկարիչները մեծ պատմություն և հեղինակություն ունեն, և հաճախ այցելուն այդ հեղինակության հետևից է գնում:

Կարդացեք նաև

Այլ հարց է, որ նկարչության տեսակներ կան, օրինակ՝ աբստրակցիան, որը դժվար ընկալելի է, և շատերը չէ, որ այդ խորությունը յուրացնելով` խոշոր դրամներ կտան այն գնելու համար: Այլ կերպ ասած՝ շուկա կա, որը ձևավորված է կոնկրետ նկարչության տեսակների պահանջարկի սահմաններում: Հայ կոլեկցիոներները նաև մեծ ձգտումներ ունեն դասական հեղինակների ստեղծագործություններից իրենց կոլեկցիան համալրելու, որոնք, ինչպես բոլորիս է հայտնի՝ բավականին թանկ են վաճառվում: Ի դեպ, շատ գնորդներ նկարչության իրենց պատկերացումներն ու նախընտրությունները ձևավորում են իրենց բնակարանի ինտերիերին համապատասխան և, բնականաբար, նույն աբստրակցիան չեն կախի ռոկոկոյի միջավայրում: Այս ամենի հետ մեկտեղ` Հայաստանում կան շատ բարձրաճաշակ և գրագետ կոլեկցիոներներ, որոնք և՛ ունեն գումարներ, և՛ արվեստի գիտակ են: Կոլեկցիոներ կա` այնպիսի աչք ունի, որ կարող ես ապշել արվեստի նրա իմացության ու խորության վրա: Իսկ ընդհանրապես, Հայաստանում ինտելիգենտների մի խավ կա, որը շատ ցանկանում է նկար գնել, բայց չունի գումար: Կոնկրետ իմ նկարները հայաստանյան շուկայում իրացվում են այն կոլեկցիոներների շնորհիվ, որոնք սիրում են իմ արվեստը և մշտապես ցանկանում են իրենց կոլեկցիան համալրել իմ նոր ստեղծագործություններով: Ես դժգոհելու առիթ չունեմ, որովհետև ներկայումս նաև Մոսկվայից և Լոնդոնի «Ակադեմիա» գալերեայից համագործակցության առաջարկներ ունեմ:

Lusoo (10)

– Զարմանալիորեն ասում եք՝ Հայաստանում արվեստի շուկա գոյություն ունի, այն դեպքում, երբ բոլոր նկարիչներն այստեղ հեռանկար չտեսնելով` այլ երկրների շուկա մուտք գործելու քայլեր են ձեռնարկում: Ընդ որում՝ նկարներն իրացնում են հիմնականում դրսի գալերեաների կամ մասնավոր կոլեկցիոներների հետ համագործակցության արդյունքում:

– Թույլ տվեք չհամաձայնվել, որովհետև իմ մատնանշած կոլեկցիոներներից զատ, այսօր արդեն Հայաստանում հիմնադրվել է «http://www.hi-artonline.com» նախագիծը, որը մեր հասարակական գիտակցության մեջ հեղափոխություն անելուց զատ` նաև արվեստը փորձում է որպես բիզնես կայացնել: Վերջերս ես համագործակցում եմ այս նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանի հետ, ով շատ խելամիտ քայլերով Հայաստանում փորձում է նախ` արվեստի պահանջարկ, հասարակության մեջ ցուցահանդեսներ այցելելու մշակույթ ձևավորել, մարդկանց բերել ցուցասրահներ, այնուհետև` նկարիչներին Հայաստանում պոպուլյար դարձնելու հետ մեկտեղ` նաև ներկայացնել համաշխարհային շուկա: Այն, որ մեր երկրում գտնվեց նման խիզախ մարդ, որն իր ներդրումները կատարելով հանդերձ, համբերատար սպասում է արդյունքին, ուրեմն՝ դա արդեն թույլ է տալիս ոգևորվելու, լինելու այդ մարդու կողքին, որպեսզի մեր երկրում վերջապես արվեստը նվաճի իր դիրքերը: Չեմ կարող չնշել, որ կարճ ժամանակահատվածում նախագծի կազմակերպիչները` «Բարձր արվեստ» կենտրոնի հետ համատեղ` կազմակերպեցին մի ցուցահանդես, որի մասին խոսում, քննարկում էին հասարակական բոլոր շերտերը: Այսինքն՝ նրանք կարողացան հայ մարդու մեջ արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը վերականգնել: Ընդ որում, իրենց կապերի միջոցով հայ հեղինակներին արդեն ներկայացնում են համաշխարհային համբավ ունեցող դրսի գալերեաներում, աուկցիոններում և փառատոներում:

Lusoo (7)

Մեր արվեստագետները պիտի կարողանան նկատել այս նվաճումն ու համախմբվել այդ կայացած պրոյեկտի շուրջը: Ինձ շատ ոգևորում է «www.hi-artonline.com»-ի գրագետ և շրջահայաց գործունեությունը, որը քայլ առ քայլ հայ նկարչությունը բարձրացնում և փորձում է ներկայացնել աշխարհին: Ի դեպ, ինձ նաև շատ ուրախացնում է մեկ հանգամանք ևս՝ հայաստանյան բանկերը ևս սկսել են նկարների կոլեկցիա ձևավորել, և իրենք նույնպես ակտիվ գնորդներ են:

– Ասում եք՝ նկարում եք ֆանտաստ ուղղության մեջ, բայց Ձեր նկարչության մեջ Սալվադոր Դալիի սյուրռեալիստական էսթետիկան կա: Նկարները նայելիս` արթնանում են Դալիի այլաբանական մոտիվներով սյուժեների հիշողությունները: Չեմ ասում՝ կրկնում եք, պարզապես երևակայական շեշտադրումները սյուրռեալիստական են, և հետո` սիմվոլիզմ էլ կա:

– Համաձայն չեմ, Դալիի նկարչության հետ գործերս որևէ աղերս չունեն: Այո, սիմվոլիզմ որոշ գործերիս մեջ կա, որը միշտ չէ, որ նկատելի է: Ես սյուրռեալիստական աշխատանքներ էլ ունեմ, որոնք, հավանաբար, Ձեզ մոտ շփոթություն առաջացրին: Ֆանտաստ նկարչությունն անսահմանության տարածք է, որի մեջ մխրճվելով` ստեղծագործելով չես հագենում: Իմ միտքը լրիվ ուրիշ է, և Դալիի ձեռագրի հետ համեմատությունը եզրեր չունի: Ինքը, օրինակ՝ առարկաների սինթեզման բովանդակության կրողն էր, իսկ իմ ճանապարհն ուրիշ է: Այնուամենայնիվ, ֆանտաստ նկարչությունն էլ՝ մեծ իմաստով, սյուրռեալիզմ է: Ոչ բնական, ոչ իրական նկարչություն արել է Բոսխը, ընդ որում՝ չիմանալով, որ ինքը սյուրռեալիստ է:

Lusoo (6)

– Ցուցահանդեսներին տեսնում եմ միշտ նույն մարդկանց՝ հեղինակի ընկերներին, հարազատներին, նկարիչներին, այսինքն՝ այն նույն շերտն է, որը մշտապես ներկա է որևէ ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչո՞ւ է հասարակության լայն շերտերի համար ցուցահանդես այցելելու կուլտուրան բացակայում:

– Հայ մարդն այսօր նկար նայելու շատ մեծ պահանջ ունի, բայց տրամադրություն և ժամանակ չունի: Կենցաղն այսօր խեղդում է անգամ արվեստով հետաքրքրված մարդկանց, որոնց մեջ կան շատ բժիշկներ, ուսուցիչներ, գիտության ոլորտի աշխատողներ: Դուք ինձ ներեք, բայց այսօր լրատվամիջոցներն էլ հասարակությանը չեն հասցնում մշակութային իրադարձությունները, ավելին՝ չեն խոսում, չեն գրում, քննարկում:

Lusoo (5)

Առանց այդ էլ մեր կյանքը հոգսաշատ է, և լրատվամիջոցներն իրենց ամենօրյա լրահոսում այնքան նեգատիվ տեղեկատվություն են փոխանցում, որ մարդն ընկնում է հուսահատության մեջ: Հասկանում եմ՝ ներկայացնում են այն, ինչ կատարվում է իրականության մեջ, բայց չէ՞ որ այդքան վթարների, սպանությունների, բռնաբարությունների և բռնությունների ֆոնին` նաև մշակութային որակյալ միջոցառումներ են տեղի ունենում, որը որևէ լրատվամիջոցի կողմից չի հիշատակվում:

Մենք անընդհատ ցավի զգացողությամբ ենք ապրում, բայց կարող ենք ժամանակ առ ժամանակ, օրինակ՝ որևէ լրատվամիջոցի լրահոսում մի ցուցահանդեսի մասին կարդալ, նայել այդ նկարին և հիանալ: Հիացմունքը պոզիտիվ զգացողություն է, որը օրը, կյանքը գեղեցիկ է դարձնում: Ի վերջո, այդ հիացմունքը կարող է մարդուն տանել ցուցահանդես՝ լուսանկարի փոխարեն` իրական նկարի հետ շփվելու, հիանալու: Վերջերս վրացահայ նկարիչների ցուցահանդեսն էր, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Lusoo (4)

Զարմանալիորեն շատ լավ լուսաբանվեց, բայց, կարծում եմ՝ չէր լինի նման հետաքրքրություն, եթե նախագահը ներկա չգտնվեր: Ինչ վերաբերում է հասարակական անտարբերությանն, ապա դա արդարացված է. սոված մարդը չի կարող իր ժամանակը տրամադրել ցուցահանդեսի այցելությանը, եթե ամբողջ օրը միտքը զբաղված է աշխատանքի փնտրտուքով: Մյուս կողմից էլ՝ այսքան դժգոհելու հետ մեկտեղ` ինքներդ էլ գիտեք, որ «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» վերջերս կայացած ցուցահանդեսի ժամանակ այցելուները չէին կարողանում նկար նայելու համար Ժամանակակից արվեստի թանգարան մուտք գործել, որովհետև անհավանական բազմություն կար:

Lusoo (3)

– Ինչո՞ւ, Դուք՝ արվեստագետներդ, երբևէ պահանջատեր չեղաք, որ գոնե պետբյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությունն իր լրատվական բաժիններով պատշաճ անդրադառնա մշակութային իրադարձություններին: Ավելին՝ պետական հեռուստաընկերությունը պարտավոր է մշակութային, կրթական, գիտական նախագծեր թողարկել, քանի որ կանոնադրությունն է դա պահանջում:

– Ցավալի է, բայց, այո՛, այդպես է: Մեր ընտանիքում որդեգրել ենք պայքարի մեկ այլ ձև՝ բոյկոտելով հայկական հեռուստաալիքները` առհասարակ չենք միացնում դրանք: Մենք ունենք փոքրիկ երեխաներ, որոնք զրկված են մանկական հաղորդում նայելու տարրական իրավունքից: Իսկ այն սերիալներն ու անբովանդակ հաղորդումները, որոնք ցուցադրվում են, ուղղակի նոր սերնդին զրկում են զարգացումից: Այն, ինչ այսօր ցուցադրվում է հայկական հեռուստաալիքներով՝ հիվանդացնում է մարդկանց:

Lusoo (2)

Lusoo (1)

Մի օր Մոդիլիանիի ֆիլմն էին ցույց տալիս, որը բազմիցս նայել եմ, բայց ամեն անգամ հաճույքով դիտում եմ: Ֆիլմի ընթացքը քեզ տանում է հոգևոր մի դաշտ՝ հիանում, հուզվում ես, մեկ էլ՝ լվացքի փոշու ռեկլամ, նույնքան երկար, որքան դիտել ես ֆիլմի ընթացքը: Ստացվել է այնպես, որ որակյալ ֆիլմ նայելու ընթացքում ստիպված ես լինում անընդհատ ծխել, որովհետև այդ գովազդային դադարից բարկանալով` հասցնում ես ոչ միայն ծխել, այլև՝ գիրք կարդալ, հաց ուտել, նորից ծխել ու վերադառնալ կրկին ֆիլմին:

Շատ կցանկանայի` հայկական ընտանիքները վերականգնեին իրենց երեխաներին թանգարաններ տանելու ավանդույթը, քանի որ ընտանիքն է երեխային ձևավորում, ոչ թե՝ տափակ սերիալը, որոնց մեջ խաղացող խուլիգանի կերպարներից այսօր հասարակության մեջ շատ կարող եք տեսնել: Կրկնում են անգամ մարդու ամենաանընդունելի համարվող տեսակը, որը տեսնում են սերիալներում:

Տեսանյութեր

Լրահոս