Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ տեղի ունեցած Հայաստան-Բուլղարիա խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
– Ինչպե՞ս կգնահատեք խաղը:
– Ես երեկ ասացի, որ այսօր իմ համար կարեւորը հաշվին է: Իսկ մնացածն էական չէ: Առաջին խաղակեսում մրցակցի ստացած կարմիր քարտը նույնիսկ խանգարեց մեզ…
– Երկրորդ խաղակեսի մեկնարկն ինչո՞ւ չստացվեց:
– Կարծես չար կատակ լիներ… կարմիր քարտից հետո կարծեցինք, թե հեշտ է լինելու, բայց ես ընդմիջմանը ասել էի, որ մրցակցի կարմիրը չի նշանակում, թե հաղթանակն ապահովված է: Սարկիսովը եւ Ղազարյանը եզրերում լավ չէին գործում, ինչի արդյունքում վտանգավոր գրոհներ շատ էինք բաց թողնում:
– Իտալիային հաղթելու շանս կա՞:
– Իհարկե, կա: Չեմ կարող իտալացիների փոխարեն պատասխանել, սակայն նրանք էլ վարկանիշի համար են պայքարում, որ մնան առաջին զամբյուղում: Նրանք մոտիվացիայի պակաս չեն ունենա:
– Մովսիսյանը նախորդ տարի ավելի էր նահանջում եւ սուր փոխանցումներ կատարում…
– Յուրայի որակները գիտեք՝ նրան պետք է տարածություն: Այսօր նման տարածություն չկար: Նա խելացի խաղացող է, որ անընդհատ փորձում էր տարածություններ գտնել:
– Նախապես զգուշացրե՞լ էիք, որ սադրանքների չգնան:
– Ես երեկ էլ ասել էի, որ կարեւորը ֆուտբոլ խաղանք: Փառք Աստծո, որ սադրանքների չգնացինք: Դրա կարիքն էլ չկար:
– Եթե չլիներ երկրորդ հենակետայինի խնդիրը, այսպիսի մարտավարությո՞ւն էիք ընտրելու:
– Այո, քանի որ ցանկանում էինք անակնկալ մատուցել Բուլղարիային:
– Վանգայի նկարը օգնե՞ց:
– Ուշադրություն չեմ դարձրել: