Բաժիններ՝

«Ին-տեր-նա-ցիո-նա-լը աշ-խար-հը կը-փր-կե» կամ…

 Վարիացիաներ սիրիական թեմաներով

Մեծ Մերձավոր Արևելքը հղի էր հեղափոխությամբ` բեղմնավորված սառը պատերազմի անդորրից հոգնած միջազգային հիմնական խաղացողների կողմից: Նրանք հիմա էլ են ծրագրավորում վերաձևել տարածաշրջանի և ողջ աշխարհի տնտեսական ու աշխարհագրական քարտեզը` ամեն մեկն իր մտածած ձևով, իր աշխարհաքաղաքական նկրտումներին համապատասխան:

Հետո, այդ հեղափոխությունը, «արաբական գարուն» քնքուշ անվան տակ, ծնեց կատարյալ մոնստր (հրեշ), որը տակնուվրա արեց երկրագնդի այդ` առանց այն էլ անհանգիստ անկյունը, դանթեական դժոխքի վերածեց երբեմնի հնադարյան մշակույթի օրրան Սիրիան:

Այնտեղ մարտնչող իսլամն այսօր շարունակում է միջնադարյան նախճիրը, որի զոհ են դառնում անմեղ մարդիկ` անկախ տարիքից ու սեռից, ազգությունից ու դավանանքից:

Օգտվելով նույն` տարբեր բլոկների հանցավոր մրցակցությունից կամ կանաչ չարիքի մահացու վտանգի դեմն առնելու նրանց անկարողությունից, ծայրահեղ իսլամիզմը շարունակում է իր հաղթարշավը և հյուսում համաշխարհային արյունահեղության դավեր:

Մինչև եր՞բ և մինչև ու՞ր: Սակայն ուժը, վերջիվերջո, ծնում է հակաուժ, և պետությունների ստեղծած վակուումը գտնում է նոր դերակատարներ:

Այսպես, Սիրիայում վերջերս կազմավորվում է «Մերձավորարևելյան ինտերնացիոնալ», որը բաղկացած է լավ պատրաստված պրոֆեսիոնալ կռվողներից` հիմնականում ալավիտների, քրիստոնյաների և դրուզների կրոնական փոքրամասնություններից:

«Ինտերնացիոնալը» գալիս է լրացնելու Ազգային պաշտպանության ուժերի շարքերը, որը ստեղծվել է կառավարության կողմից սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ: Դրանք աշխարհազորայիններ են՝ կազմված ցամաքային մարտական միավորումներից, որոնք օգնում են սիրիական բանակի հակաահաբեկչական գործողություններին:

Հիշեցնենք, որ «Ալ Ղաիդան» և մյուս ծայրահեղական իսլամիստները կիրառում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մշակած «փափուկ պատերազմի» մոդելը՝ հարձակվում են փոքր խմբերով, սպանում, թալանում, բռնաբարում և անհետանում քաղաքի խիտ բնակեցված թաղերում:

Ահազանգի վրա հայտնվում է կանոնավոր բանակը, որի գործողություններն այնքան էլ արդյունավետ չեն: Օդուժի, ծանր տեխնիկայի և հետևակի բացած զանգվածային կրակը հաճախ ավելի շատ ավերածություններ է գործում, քան օգուտ բերում: Այդկերպ հողին է հավասարվել, օրինակ, Հալեպի ողջ արդյունաբերական կենտրոնը:

Այդ իսկ պատճառով Ազգային պաշտպանության ուժերը և հատկապես «Ինտերնացիոնալը» ընդօրինակել են արմատական մուսուլմանների մարտական տակտիկան: Նրանք գործում են արագ, ագրեսիվ և արդյունավետ, ինչը նկատելիորեն փոխում է պատերազմի պատկերը, բարձրացնում է Ասադի զորքերի մարտունակությունը:

«Ինտերնացիոնալի» հայտնվելը, բնականաբար, Վաշինգտոնի սրտովը չէ: Նա առաջին հերթին մեղադրում է Իրանին` Սիրիայի համար իրանական տիպի «Բասիջ» միլիցիա ստեղծելու համար: Այն, որ աշխարհազորայինները պատրաստություն են անցնում Իրանում, իսպանական դղյակների գաղտիք չէ, ինչպես նաև այն, որ նրանց մարզում են հզբոլլահականները, և իրենք էլ կռվում են Սիրիայում ծայրահեղական սուննիների դեմ: Ընդհանրապես, Ասադի բանակում շատ են կռվող շիաները Իրանից, Իրաքից և Լիբանանից:

Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հաղորդում «Ինտերնացիոնալի» կազմի վերաբերյալ` 2000-ից մինչև մի քանի տասնյակ հազար սվիններ:

Իսկ Սիրիայի հյուսիսում մարտնչող մուսուլմաններին տառացիորեն բզկտում են քրդական ջոկատները, որոնց շարքերում շատ են կոմունիստները:
Քրդական «Ժողովրդական պաշտպանության կոմիտեն» օրերս հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին սպանվել է իսլամիստերի հեղինակավոր և ճանաչված ղեկավարներից մեկը` Աբու Օմար ալ-Շիշանին, որը կռվելու էր եկել Չեչնիայից:

Ամենահետաքրքիրն այն է, որ քրդերի հետ կողք-կողքի կռվում են թուրք կոմունիստների ջոկատները: Իսկ սեպտեմբերի 14-ին ջիհադիստների հետ մարտերում զոհվել է Թուրքիայի Մարքսիստական-լենինյան կոմկուսի անդամ Սերկան Թոսունը, կուսակցական ծածկանունը` Մազլում: (Սկսում ես հավատալ, որ ինտերնացիոնալը վերածնվում է):

Սիրիայում քաղաքացիական պատերազմի կապակցությամբ Հայաստանում և սփյուռքում շատ է խոսվում և գրվում հայ համայնքի ներկա վիճակի և ապագայի մասին: Հայտնվում են տարբեր կարծիքներ սիրիահայերի հնարավոր գործողությունների, այդ թվում, ինքնապաշտպանության կազմակերպման մասին, արվում են համեմատություններ Լիբանանի 17-ամյա պատերազմում հայերի ինքնապաշտպանության հետ և այլն:

Իմ կարծիքով, սիրիահայերի առանձին ինքնապաշտպանության հնարավորությունները ռեալ չեն, իռացիոնալ են և զուրկ հեռանկարից:

Դրա փոխարեն, ստեղծված իրավիճակում, թերևս ճիշտ կլիներ, որպեսզի մեր հայրենակիցները մի կողմ դնեին չեզոքության կարգախոսը և քաջ գիտակցելով, թե ինչ է իրենց սպասում իշխանափոխության դեպքում, ներգրավվեին «Ինտերնացիոնալի» շարքերում և ակտիվորեն պաշտպանեին երկիրն ու իրենց իսլամիզմի չարիքից:

Կոլեկտիվ պայքարը միշտ էլ նախընտրելի է անհատական կռվից:

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս