Նրանք ուզում են աշխատել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել. քառօրյա նիստերի փոխարեն` անցկացնել եռօրյա նիստեր, ինչպես նախկինում: Ըստ նրա` հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք, որպես այդպիսին, չի լինում, որովհետև մեծ թվով պատգամավորներ բացակայում են նիստից: «Պատգամավորները հոգնում են վերջին օրը»,- այսպես է հիմնավորում իր առաջարկը Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 2005թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել էր աշնանային նստաշրջանում Ազգային ժողովի կողմից ընդունած «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը:

Նորացված կանոնակարգի համաձայն` երկշաբաթյա պարբերականությամբ գումարվող եռօրյա նիստերը դարձան քառօրյա և սկսեցին գումարվել երեք շաբաթը մեկ անգամ: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտնեց, որ խմբակցությունն այս հարցը չի քննարկել: Նա վստահեցրեց, որ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը սարկազմի տարր է պարունակել, ապա նշեց. «Պատգամավորներ կան, որ համ քառօրյա, համ եռօրյա ռեժիմով են աշխատել և ավելի լավ կիմանան` ո՞րն է լավ: Իսկ ես մեկ տարվա պատգամավոր եմ, փորձս միայն քառօրյա է եղել, ու կարծում եմ, որ սա նորմալ է` կարելի է և այսպես աշխատել»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ, լսելով մեր այն հարցը, թե պատգամավորներն իսկապես այնքան են հոգնում, որ հինգշաբթի օրերին չե՞ն ներկայանում ԱԺ նիստերին, երկար ծիծաղեց, ապա պատասխանեց. «Եթե այդպես է, ուրեմն աշխատանքային շաբաթն էլ պետք է հինգ օր չլինի, երեք օր լինի, որովհետև մյուսներն ավելի ծանր աշխատանքով են զբաղվում: Ես համամիտ չեմ, որ քառօրյան դառնա եռօրյա: Եթե նման օրինագիծ լինի` մենք կքննարկենք, բայց կարծում եմ, որ պատգամավորի աշխատանքն այդքան ծանրաբեռնված չէ, որ մի օր էլ պակաս աշխատի»: Ինչ վերաբերում է նրան, որ հինգշաբթի օրերի նիստերին ավելի քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ այն օրերին, երբ քվեարկություն չկա, քիչ թվով պատգամավորներ են մասնակցում նիստին: «Գաղտնիքը դրանում է` հինգշաբթի օրը քվեարկություն չի լինում, եթե լինում է, ապա միայն առավոտյան, իսկ հետո ազատ ռեժիմ է, դրա համար էլ քվեարկող մասսան, որը միայն քվեարկության է գալիս, հինգշաբթի չի լինում»:

Կարդացեք նաև

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտեց, թե նիստերը պետք է անցկացվեն քառօրյա ռեժիմով, ապա անդրադառնալով Ռ. Հակոբյանի հայտարարությանը, թե` պատգամավորները «հոգնում են», նկատեց. «Ես չեմ հոգնում աշխատելուց, պատգամավորի գործն աշխատանքն է: Եթե շատերը հոգնում են, թող իրենց զբաղմունքը փոխեն»:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հակադարձեց Ռուբեն Հակոբյանին` նշելով, թե լինելով տասը տարվա պատգամավոր, ինքը չի «հոգնել», նույն եռանդով աշխատում է: Նրա խոսքով` եռօրյա և քառօրյա նստաշրջանի միջև գրեթե տարբերություն չկա, որովհետև աշխատանքի ծավալները նույնն են. «Ես երկու ռեժիմով էլ աշխատել եմ` ինձ համար տարբերություն չկա: Եռօրյա նիստերը սկսել են առավոտյան ժամը 10:00-ին և ոչ թե 12:00-ին, անցկացվել են երկու շաբաթը մեկ: Մենք ամեն օր գումարել ենք չորս նիստ, ստացվել է նույն նիստերի քանակը»: ՕԵԿ պատգամավորը նկատեց նաև, որ եռօրյա նիստերը նպատակահարմար չեն մարզերից եկող պատգամավորների համար, որովհետև սկսվում են առավոտյան 10:00-ին, ինչպես նաև` մշտական հանձնաժողովներին, որոնք, ըստ նրա, երկշաբաթյա ռեժիմում աշխատելու քիչ ժամանակ կունենան, նախագծերը ծանրաբեռնված հանձնաժողովներում խորքային ուսումնասիրության չեն ենթարկվի:

Տեսանյութեր

Լրահոս