Վարչապետը ասում է` չկա, նախարար Արմեն Մովսիսյանը պնդում է հակառակը. «Գազի պայմանագիր կա»
«Նման բան չկա, որ պայմանագիր չկա, բնականաբար եթե ինչ որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկը ապրանք գնողն է, մյուս կողմը՝ վաճառողը: Մեր պարագայում ապրանք գնողը դա Հայռուսագազարդ ընկերությունն է, որը գնում է գազը, իսկ վաճառողը Գազպրոմն է: Պայմանագիրը կա, գոյություն ունի, որով գազի գինը հայկական սահմանի վրա սահմանված է 270 դոլար»,- ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է գազի գինը բարձրացել առանց համապատասխան պայմանագրի:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ պայմանագիր չկա, ինչպես կմեկնաբանեք, Ա.Մովսիսյանն ասել է. «Պայմանագիրը գտնվում է Հայռուսգազարդում, պայմանագրի օրինակն ուղարկվել է պարոն Մանուկյանին վարչապետի հանձնարարականով, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում: Հաջորդ հարցը գազի մյուս բանակցության վերաբերյալ, որը կապված էր 30 տոկոս սուբսիդավորման հետ: Մենք բավականին աշխատանք ենք տարել ռուսական կողմի հետ 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Սեպտեմբերի 3-ին երբ հայտարարվեց, որ մենք մտնում ենք Մաքսային միություն, բնականաբար այս պայմանագիրն էլ իր հերթին է փոփոխվում, ավելի է պարզվում: Հիմա այդ աշխատանքներն են ընթանում, եւ շուտով պայմանագիրը կկնքվի»: Հետո նախարարը հավելել է. «Վարչապետը հայտարարեց, որ կառավարության եւ ռուսական կողմի միջեւ պայմանագիր չկա, այսինքն` այն, ինչ մենք պետք է կնքենք, իսկ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը կա»:
Դիտարկմանը, թե ինչ ասել է պարզեցում, Ա. Մովսիսյանն ասել է. «Պարզեցումը նշանակում է, որ արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, դրանք այլեւս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, որը կազմում է շուրջ 30 տոկոս»: Այսինքն, ըստ նախարարի, ՀՀ-ում գազի գինը սահմանվելու է այնպես, ինչպես ռուսական գազի գինը` գումարած տրանսպորտային գինը, որով ներկվում է Հայաստան: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, թանկացում չի լինի, բայց եւ էժանացում չի լինի, քանի որ իր իսկ խոսքով մենք «էն գլխից» ունեցել ենք պայմանավորվածություն:
Շարունակությունը՝ այստեղ