Քաղծառայողները արժանապատիվ վարձատրություն են պահանջում

Հայաստանի պետական հիմնարկների, Տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը երեկ ցույց էր կազմակերպել, որի մասնակիցներն Արհմիությունների տան մոտից՝ Աբովյան, Թումանյան, Հյուսիսային պողոտան երթուղով անցնելուց հետո վերադարձան Արհիմությունների տուն: Նրանց հիմնական կարգախոսն էր՝ Արժանապատիվ աշխատանք-Արժանապատիվ աշխատավարձ: Հոկտեմբերի 7-ն Արհիմությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից հռչակվել է` որպես Արժանապատիվ աշխատանքի օր, և այս երթն էլ կազմակերպված էր այդ միջազգային օրվա շրջանակներում:

Երբ երթի մասնակիցները հասան Կառավարության շենքի մոտ, Պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհիմության նախագահ Անահիտ Ասատրյանը մի տեքստ ընթերցեց, որտեղ ներկայացված էր իրենց պահանջն իշխանություններին: Ըստ նրա` վերջին 5 տարիներին քաղծառայողների բազային աշխատավարձը չի փոխվել, մինչդեռ ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տվյալների` այդ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 40,2 տոկոս, չհաշված գազի և էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները:

Պետական ծառայողների եկամուտը ևս 5 տոկոսով կկրճատվի 2014թ. հունվարի մեկից, քանի որ այդ ժամանակ կսկսի գործել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը: «Պետական ապարատի գործունեությունն ապահովող բարձր որակավորում ունեցող աշխատողները, փաստորեն, չեն վարձատրվում ըստ արժանվույն, իսկ նրանց միջին աշխատավարձը չի ապահովում աշխատողի և նրա ընտանիքի բավարար կենսամակարդակը»,- հայտարարեց Անահիտ Ասատրյանը՝ կոչ անելով իշխանություններին` ավելի լուրջ ուշադրություն դարձնել քաղաքացիական ծառայողների վարձատրության հարցին, քանի որ աշխատավարձի հաջորդ տարվա՝ հուլիսյան բարձրացման մասին խոստումը, նույնիսկ իրականություն դառնալու դեպքում, քաղաքացիական ծառայողի կենսամակարդակը չի հասնի 2008թ. մակարդակին:

Ի՞նչ նկատի ունեն երթի մասնակիցները` «արժանապատիվ վարձատրություն» ասելով, որքա՞ն պետք է ստանա քաղծառայողը, որպեսզի համարի այն արժանապատիվ. հարցրեցինք Անահիտ Ասատրյանին: «Այսօր քաղծառայողի բազային աշխատավարձը 40 հազար դրամ է. եթե դուք չունեք աշխատանքային ստաժ և կրտսեր մասնագետ եք, ապա կստանաք հենց այդքան աշխատավարձ: Մի՞թե դա բավարար է նույնիսկ կենսական գոյությունը պահպանելու համար: Միջին աշխատավարձը 120 հազար է, բայց մեկը ստանում է 600 հազար, իսկ մյուսը, ինչպես նշեցի, 40 հազար, և ստացվում է, միջինը 120 հազար: Սա չի կարող արդարացի համարվել: Արհմիություններն առաջարկում են օրենք ընդունել Սպառողական նվազագույն զաբյուղի մասին և ըստ այդմ` ամեն տարի ինդեքսավորել աշխատավարձը, և ոչ թե հինգ տարի անընդմեջ մարդիկ ստանան նույն վարձատրությունը, երբ այդ ընթացքում նույնիսկ վիճակագրությունն է փաստում, որ գնաճը 40 տոկոսից ավելի է»:

Կարդացեք նաև

Բայց չէ՞ որ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան, և նշել է կոնկրետ թվեր, որոնցով ստացվում է, որ աշխատավարձերը կկրկնապատկվեն: Մի՞թե դա չի բավարարում իրենց, որ իշխանություններից հավելյալ ուշադրություն են պահանջում իրենց նկատմամբ: Անահիտ Ասատրյանն ավելի հակված է հավատալ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստմանը: «Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ասել էր, բայց դրանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բարձրացումը լինելու է հուլիսի 1-ից, այն էլ 40 տոկոսով: Հիմա ամեն ինչի գները բարձրանում են, էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձերն արդեն նոյեմբերից զգալի կդառնան, իսկ աշխատավարձը բարձրացնում են հուլիսից: Ինչպե՞ս պետք է մարդիկ այսօրվա աշխատավարձով վճարեն արդեն թանկացած կոմունալ ծախսերը»,- հարցնում է Ասատրյանը:

Հայաստանում քաղծառայողները և ընդհանրապես վարձու աշխատողները սովոր չեն պաշտպանելու իրենց իրավունքները և պահանջելու ավելի բարձր աշխատանքի պայմաններ ու ավելի բարձր վարձատրություն, քանի որ կա մտավախություն, որ ցանկացած ընդվզում կարող է հանգեցնել աշխատանքի կորստի: Երեկ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրն էր, և կառավարությունը մի խումբ քաղծառայողների ցույցը, երևի, կդիտարկի` տուրք այդ միջազգային օրվան: Եվ ոչ ավելին:

Տեսանյութեր

Լրահոս