Բաժիններ՝

Վերա Հովհաննիսյան. Աշխատանքիս ամենամեծ դժվարությունը հաճախորդի ուզածը հասկանալն է

Մասնագիտությամբ նկարչուհի, դիզայներ Վերա Հովհաննիսյանը, ում պատրաստած տորթերը մեծ համբավ ունեն Մոսկվայում, այժմ գտնվում է հայրենիքում՝ Հայաստանում: Վերայի պատրաստած տորթերը մասնակցել են միջազգային մի շարք մրցույթների՝ արժանանալով ոսկե և արծաթե մեդալների: Տորթերը ներկայացվել են նաև Մոսկվայում տեղի ունեցած շատ միջոցառումների, օրինակ՝ Նիկոլայ Բասկովի ծննդյան տորթը պատրաստել և նվիրել է հենց Վերան:

168.am-ը վերջերս հանդիպել է հրուշակագործին և մի փոքր զրույց ունեցել նրա հետ:

– Վերա, մի փոքր կպատմե՞ք՝ ինչի՞ց ամեն ինչ սկսվեց, ինչպե՞ս դարձաք հրուշակագործ:

– Ամեն ինչ սկսեց նրանից, երբ 14 տարեկան էի և երբ մեր հրուշակեղենի արտադրամասում մի օր ցանկություն ունեցա վարդեր պատրաստել: Բոլորը մտածեցին, որ չեմ կարողանա, բայց ի զարմանս իրենց՝ գեղեցիկ վարդ պատրաստեցի:

vera11

Հետո, երբ 19 տարեկան էի, մեր արտադրամասը համագործակցում էր մի ընկերության հետ, որտեղ ծանոթացա մի ռուս կնոջ հետ: Նրանից մարցիպաններ վերցրեցի և տանը դրանից արձանիկներ պատրաստեցի: Մայրս ասաց, որ դրանք տանենք և ցույց տանք ռուս կնոջը, տեսնենք, թե ինչպես կգնահատի: Նա ինձ լուրջ հայացքով ասաց՝ «կմասնակցե՞ս Մալթայում կայանալիք մրցույթին»: Դա 2003 թվականն էր: Այդ պահին ես չընկալեցի իր ասածը, երևի շոկի մեջ էի: Այդ կնոջ մոտ վերապատրաստում անցնելուց հետո մասնակցեցի մրցույթին: Պատրաստել էի մուլտֆիլմի ջրահարսին և դրանով ոսկե մեդալի արժանացա: 20 տարեկանում ստացա իմ առաջին ոսկե մեդալը:

– Տեղյակ եմ, որ Ձեր պապիկն ու ծնողները ևս հրուշակագործ են:

– Այո, այդպես է, գեներն իրենց դերը խաղացին: Ես զույգ քույր ունեմ. նա ևս հրուշակագործ է:

– Ի՞նչ եք կարծում՝ հրուշակագործ լինելու համար մարդն ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա:

– Ամենակարևորը՝ պետք է ճաշակ ունենա՝ թե՛ ձևավորման, թե՛ համի առումով:

– Իսկ ո՞րն է հրուշակագործի աշխատանքի դժվարությունը:

– Աշխատանքիս ամենամեծ դժվարությունը հաճախորդի ուզածը հասկանալն է: Հաճախ ավելին ենք անում, քան նրանք պատկերացնում են: Ամեն հաճախորդի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում: Ամեն ինչ անում ենք, որ նրանք գոհ հեռանան:

vera6

– Մոսկվայում ինչպիսի՞ տորթերն այսօր պահանջարկ ունեն:

– Եթե պատվիրատուները հայ են, ապա ճոխ տորթեր ենք պատրաստում: Ռուսներն այս առումով ավելի համեստ են:

Ասեմ, որ Երևանում հրուշակագործության առումով՝ մրցակցությունն ավելի մեծ է, քան Մոսկվայում: Այստեղ շատ հետաքրքիր, գեղեցիկ աշխատանքներ եմ տեսել: Դեռևս շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց մտադրություն ունեմ այստեղ ևս արտադրամաս ունենալ:

– Դուք՝ ինքներդ, քաղցրակե՞ր եք:

– Այո, քաղցրակեր եմ: Եթե մի օր քաղցր չուտեմ, այդ օրս օր չի (ժպտում է.- Գ.Ա.):

vera10

vera3

vera1

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, աշխատելիս ինչպիսի՞ մթնոլորտ պետք է տիրի:

– Ինձ բնությունը շատ է ոգեշնչում: Գույները, կենդանիները… երևակայությունս այս ամենից է աշխատում: Աշխատելու ժամանակ պետք է լռություն լինի: Ամենակարևորը՝ պետք է լավ տրամադրություն ունենամ, որովհետև աշխատանքիս միջոցով էներգիա եմ փոխանցում: Այդ պատճառով միշտ բարձր տրամադրություն ունենալու դեպքում եմ աշխատում:

– Գիտեմ, որ միջազգային մրցույթներին նաև հայկական դրոշի ներքո եք հանդես եկել…

– Այո, իմ երազանքն է եղել հայկական դրոշի ներքո հանդես գալը: Էրֆուրթ քաղաքում կայացած աշխարհի խոհարարների միջազգային օլիմպիադային
ես և քույրս մասնակցեցինք և ոսկե մեդալի արժանացանք: Կարծես երկու հաղթանակ ունենայինք՝ և՛ ոսկե մեդալի արժանացանք, և՛ մեր դրոշը ներկայացրեցինք:

vera7

vera8

vera6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս