Բաժիններ՝

Christian Dior-ը սիրո հարցում շատ դժբախտ էր (ֆոտոշարք)

Christian Diorի օծանելիքը վաճառքի ծավալով աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը: Ե՛վ սրվածները, և՛ փաթեթավորումն իրականացվում են Christian Diorի ֆիրմային ոճով:

Բույրերի ստացման բնագավառում Dior տունը բազմաթիվ հայտնագործություներ է կատարել, որոնցից է վանիլի և շուշանի էսենցիայի խառնուրդը: Ներկայումս գոյություն ունի Dior-ի շուրջ 90 բույր:

Christian Dior-ի ամենահայտնի հոտերն են՝ Dior Dolce Vita, Dior Dune, Dior Poison Dior Fahrenheit Dior Miss Dior Cherie,Dior Homme Sport, Dior Higher, Dior Homme, Dior Addict, Dior J’adore:

Քրիսթիան Դիորը ծնվել է 1905թ. հունվարի 21-ին, Ֆրանսիայի Գրանվիլ քաղաքում, Լա-Մանշի ափին: Քրիսթիանն ընտանիքի երկրորդ երեխան էր: Նրա հայրը զբաղվում էր քիմիական պարարտանյութերի առևտրով, որի շնորհիվ ընտանիքի 5 երեխաները ոչնչի կարիք չէին զգում: Քրիսթիանի մայրը գեղեցիկ կին էր և սիրում էր գումար ծախսել իր հաճույքների և հագուստների վրա:

Կարդացեք նաև

Փոքրիկ Քրիսթիանը միշտ հիանում էր իր էլեգանտ մայրիկով, և նրա մասին հիշողություններն ուղեկցում են Քրիսթիանին մինչև մահ: Երբ լրանում է Քրիսթիանի 6 տարին, ընտանիքը տեղափոխվում է Փարիզ: Քրիսթիանի ծնողներն այստեղ զբաղվում են իրենց գործերով, իսկ Քրիսթիանը պատրաստվում է դիվանագիտական կարիերայի, չնայած այդ մասնագիտությունը նրան ամենևին դուր չէր գալիս, սակայն դա հոր կամքն էր: Նրան ավելի շատ հետաքրքրում էր արվեստը: Իր ընկերոջ՝ Ժան Բոնժակի հետ հաճախում էր թատրոն, ուսումնասիրում գեղանկարչությունը և երաժշտական կոմպոզիցիաները: Դա ռուսական բալետի ժամանակաշրջանն էր: Փարիզում կյանքն իսկական դպրոց է հանդիսանում Քրիսթիան Դիորի համար:

Սակայն խաղաղ և անհոգ կյանքն ավարտվում է: 1931թ. Քրիսթիանի մայրը մահանում է քաղցկեղից, իսկ հայրը սնանկ է ճանաչվում և որոշ ժամանակ անց թոքախտով հիվանդանում: Ընտանիքի գոյությունը պահպանելու համար Քրիսթիան Դիորը վաճառում է իր նկարները (հագուստների և գլխարկների էսքիզներ) «Le Figaro Illustre» ամսագրին: Այս էսքիզների շնորհիվ նրան նկատում է ժամանակին հայտնի ձևավորող Ռոբեր Պիգեն:

Dior (12)

Նրա կարիերան ընդհատվում է պատերազմով: Սակայն 1941թ. Քրիսթիանը վերադառնում է Փարիզ և սկսում աշխատել Lucien Lelong մոդելային տանը, իսկ 1942թ. ստեղծում է իր օծանելիքների շարքը, որը հիմք է հանդիսանում Christian Dior Perfume ընկերության ստեղծման համար: Նրա առաջին օծանելիքներն են՝ Miss Dior, Diorissimo, Diorama: Քրիսթիան Դիորը միշտ այն կարծիքին էր, որ օծանելիքը կնոջ անհատականության լրացումն է, որն ավարտուն տեսք է հաղորդում նրա հանդերձանքին: 1946թ. նա կարողանում է իր նոր ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել շատ հարուստ  տեքստիլային մագնատի՝ Մարսել Բուսակայի մոտ, և նրա օգնությամբ բացում է իր առաջին նորաձևության տունը:

Հնարավոր է, որ հենց իր մոր էլեգանտ կերպարը և միգուցե պատերազմի ավարտից հետո կանանց գեղեցիկ և էլեգանտ հագնված տեսնելը խթան հանդիսացան «նոր ուղղության» համար:

Նա որսաց այդ ժամանակահատվածի ալիքը. պատերազմից հետո բոլորը ցանկանում էին զգալ կյանքի ուրախությունը: Այն, ինչ շատերին թվում էր նորաձևության հեղափոխություն, համապատասխանում էր այդ ժամանակաշրջանի մարդկանց պահանջմունքներին:

Քրիսթիան Դիորի առաջին հավաքածուն՝ «New Look»-ը, խորհրդանշում էր լիություն և կյանքի նկատմամբ դրական մոտեցում: Քրիսթիան Դիորը զգում էր, թե ինչպիսի կերպարով են ցանկանում կանայք հանդես գալ, և առաջարկում էր նրանց համար ցանկալի կերպարը:

Նրա առաջին հավաքածուն ցուցադրվեց 1947թ., որը սենսացիա առաջացրեց ամբողջ աշխարհում: Ամերիկացի լրագրողը՝ Քերմել Սնուուն, հավաքածուն անվանեց՝ «New look»:

Դիորը դարձավ նորաձևության արքան, և նրա մոտ գալիս էին թագուհիները, օրինակ՝  Ֆարա Դիբան, դքսուհի Վինձորսակը, Եվա Գարդները, Ինգրիդ Բերգմանը, Ռիտա Հեյվորտը, Մարլին Դիտրիխը, Լորեն Բեյքոլը:

Նա  ստեղծում էր յուրահատուկ հանդերձներ և սիրում էր, երբ իրեն կրկնօրինակում էին: Դիորը կարծում էր, որ նորաձևությունը չպետք է պարտադրող լինի, և նրա «New look» հավաքածուն կանայք մեծ հիացմունքով ընդունեցին այն պատճառով, որ ցանկանում էին կանացի երևալ: Իր առաջին հավաքածուի ցերեկային զգեստները կշռում էին մինչև 4 կգ, իսկ երեկոյան զգեստները՝ 30կգ: Դիորն ասում էր. «Եվրոպան հոգնել է ընկնող ռումբերից, այժմ այն ցանկանում է տեսնել միայն հրավառություն:

Դիորի մանեքենուհիները հագուստները ցուցադրում էին մեծ թատերականությամբ, մեկը մյուսին հաջորդելով, հնչում էին հագուստների անվանումները, և հանդիսատեսը՝ շունչը պահած, ամենայն ուշադրությամբ հետևում էր հավաքածուին: Քրիսթիան Դիորը սիրում էր  իր մանեքենուհիներին, հարգալից էր նրանց նկատմամբ և քնքշորեն նրանց անվանում էր «Իմ աղջիկներ»:

Dior (2)

Քրիսթիան Դիորն իր բնագավառում լավ դիվանագետ էր: Երբ Դիորն Ամերիկայում «Օսկարի» մրցանակաբաշխությանն էր մասնակցում, հայտարարեց, որ իր հագուստները կարող են կրկնօրինակել միայն համապատասխան լիցենզիայի դեպքում՝ Քրիսթիան Դիորին տրամադրելով վաճառքի որոշակի տոկոսներ:

Բնավորությամբ Դիորը շատ մեղմ էր, նուրբ և ամաչկոտ: Նրանք, ովքեր աշխատել էին նրա հետ, ճանաչում էին նրան՝ որպես երազկոտ, համեստ և քաղաքավարի մարդ: Նա բարևում էր բոլորին, վերելակում իր տեղը զիջում էր պրակտիկանտներին: Իր յուրաքանչյուր աշխատողին վերաբերվում էր ուշադրությամբ, հարգանքով և Սուրբ Ծննդյան տոներին յուրաքանչյուրին համապատասխան նվեր էր ընտրում: Իր աշխատողներին ապահովում էր հարմարավետությամբ, սննդով և սոցիալական ապահովագրությամբ:

Դիորը սիրում էր համեղ ուտելիքներ, ատում էր միայնությունը: Նա ուներ շատ ընկերներ, սակայն սիրում էր իրեն շրջապատել այնպիսի մարդկանցով, ինչպիսիք են Քրիսթիան Բերերը, Ժան Կոկտոն,Ռայմոնդ Ցեյնակերը, կոմպոզիտորներ Ֆրանսիս Պուլենկը և Ժորժ Օրիկը: Քրիսթիան Դիորը չէր տառապում ինքնասիրահարվածությամբ և կարողանում էր հիանալ իր կոլեգաների՝ Շանելի https://168.am/2012/11/15/144077.html և Վիոննեյի գործերով:

Քրիսթիանը սնահավատ էր, յուրաքանչյուր հավաքածուի ցուցադրումից առաջ խորհրդակցում էր իր բախտագուշակի՝ տիկին Դելահայեի հետ:

Երբ նոր հավաքածու էր պատրաստում՝ միշտ փակվում էր իր գրասենյակում, իսկ տան աշխատողն այնքան զգույշ էր քայլում, որպեսզի նրան չանհանգստացնի: Սովորաբար յուրաքանչյուր ձևավորող նոր հավաքածուի համար առաջարկում էր մեկ-երկու հիմնական գաղափարներ և նրա շուրջը նոր մոդելներ, կերպարներ ստեղծում, իսկ Քրիսթիան Դիորն ասում էր՝ ունեմ ընդամենը 12 գաղափար:

Dior (16)

Դիորը բազմաթիվ մասնաճյուղեր է բացում արտասահմանում և նրանցից յուրաքանչյուրի համար հատուկ մոդելներ է ստեղծում: Սրահները գտնվում էին Լոնդոնում, Նյու Յորքում և Կարակասում: Բոլոր մոդելները, որ նա ստեղծում էր՝ համապատասխանում էին տեղի սպառողների պահանջներին: Տարեկան նա ստեղծում էր 1000 մոդել:

Դիորի առողջությունը շարքից դուրս է գալիս հաճախակի սթրեսների հետևանքով: Միայն նրան շատ մտերիմ մարդիկ գիտեին, որ նա սրտի նոպաներ էր ունենում: Իսկ սիրո հարցում Քրիսթիան Դիորը շատ դժբախտ էր:

Ոչ բոլոր դիզայներներն էին Դիորի ստեղծագործություններով հիանում: Բալենսիագան (Balensiaga), որ միշտ միայն թանկ գործվածքից էր հագուստ կարում և նուրբ վերաբերվում հագուստներին՝ Դիորի աշխատանքը գործվածքի հետ շատ սարսափելի էր համարում:

Իսկ Շանելը, որ կողմ էր հագուստի մեջ կանանց «ազատագրմանը», այսպես էր արտահայտվում Դիորի մասին. «Դիո՞ր: Նա կանանց չի հագցնում, այլ հագուստներով «ճխտում» է:

A

Դիորը մնում է այն հանճարը, որ աշխարհին նվիրեց էլեգանտ և նրբագեղ կնոջ կերպարը: 1957թ. հոկտեմբերի 24-ին, Դիորի սրտի աշխատանքը հանկարծակի դադարում է, և նա լքում է այս աշխարհը: Գրանվիլի նրա տունը վերածվում է թանգարանի:

Ի դեպ, իրանական ծագումով աշխարհահռչակ հայազգի պարֆյումեր Ֆրենսիս Կյուրկջյանը (Francis Kurkdjian) նոր բույրեր է ստեղծել նաև  Christian Dior-ի համար, ինչպես, օրինակ՝ Christian Dior Eau Noire (2004), Christian Dior Cologne Blanche (2004), և այլն: Նա 80-ից ավելի բույրերի հեղինակ է: 2001թ. Ֆրենսիսն արժանացել է օծանելիքի բնագավառի մեծ վարպետ Ֆրանսուա Կոտիի մեծ պարգևին:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս