Բաժիններ՝

Մենք տանուլ ենք տալիս պետությունը

«168 Ժամի» զրուցակիցն է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը

– Պարոն Սանդոյան, 2014 թ. բյուջեի նախագիծը կառավարությունը հաստատեց և ներկայացրեց Ազգային ժողով: Նախատեսվում է` առանց հարկային բեռի ավելացման, բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 10%-ով: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Ես հարկային համակարգի հիմնադիրներից մեկն եմ: 1991 թ.-ի հոկտեմբերին ստեղծվեց Հարկային պետական ծառայությունը, 3 տարի աշխատել եմ` որպես փոխնախարար, ապա 5 տարի աշխատել եմ ԿԲ-ում՝ բանկային համակարգի կայացման, կարգավորման և վերահսկողության համակարգի ձևավորման ու զարգացման համար, դրանից հետո ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն էի:

Եթե հարցնեն՝ անցած 22 տարիների ընթացքում տնտեսական քաղաքականության մեջ ամենամեծ բացթողումը ո՞րն է եղել, հատկապես` վերջին հետճգնաժամային տարիներին, պետք է ասեմ, որ մենք ձևավորել ենք մի համակարգ, որն ունի մի նպատակ՝ ցանկացած գնով ապահովել բյուջեի եկամուտները: Այս համակարգի առջև մենք սահմանում ենք պլան: Տարեկան բյուջեն հաստատվում է անհիմն, բյուջեի եկամուտների մասը երբեք չի քննարկվում, միայն ծախսերն են քննարկվում: Եկամուտները համարում են իբրև կայացած, ինչ կհրամցնի կառավարությունը` դա էլ սկսում են բաժանել: Հաշվարկում են՝ ՀՆԱ-ն աճեց այսքան տոկոսով, ուրեմն այսքան տոկոս էլ պետք է աճեն հարկերը: Այս ֆիսկալ գաղափարախոսության ներսում կա մի գաղափարախոսություն՝ հարկատուն մեր ազգի թշնամին է, հարստացող մարդը խիստ բացասական երևույթ է, պետք է թույլ չտալ: ՊԵԿ գործունեության արդյունքում այդպես է ստացվում: Եվ Հարկայինի առջև դրվում է դեստրուկտիվ խնդիր՝ կլպել ու բերել բյուջե:

Կարդացեք նաև

Մինչդեռ նորմալ զարգացող երկրներում հարկային համակարգի նպատակն է` խթանել տնտեսության զարգացումը, խթանել բիզնեսի և բնակչության եկամուտների աճը: Երբ սա է քո գլխավոր նպատակը, քո հարկային համակարգը սկսում է գործել այլ կերպ՝ մեղմ հարկային դրույքաչափերով, հարկային գործընթացների առավելագույն պարզեցմամբ, որ գործարարը բիզնեսի փոխարեն` հաշվելով չզբաղվի, և պարզ, տեսանելի օրենսդրությամբ, որ տարընթերցման երևույթներն իսպառ բացակայեն: Մեր ամբողջ օրենսդրությունը լցված է նման երևույթներով: Մեզանում ոչ մի հարկատու պաշտպանված չէ՝ ամենախոշոր մոնոպոլիստից, որ համարվում է կարծես անձեռնմխելի, մինչև փոքրը, բոլորը խոցելի են, քայլող չկայացած հանցագործներ են, մինչև կբռնվեն: Եվ այս մթնոլորտը լրիվ այլ հարաբերություններ է ձևավորում: Բնակչության 50.4%-ը կամ 621 հազար մարդ զբաղված է ոչ ֆորմալ հատվածում:

Ինչո՞ւ: Ոչ ֆորմալ հատվածն ինքնազբաղվածներն են, և մի հսկայական հատվածն էլ վարձու աշխատողներ են, որոնք գրանցված չեն, շեֆը փող է տալիս, աշխատում են, մինչև շեֆին զայրացնեն, ասի՝ գնա, ազատված ես: Այս մարդիկ պաշտպանված չեն, նրանք չունեն սոցիալական պաշտպանություն: Նրանք ճորտեր են, որոնք իրենց գործատուին ինչքան էլ չսիրեն, Աստծու պես են վերաբերվում, հրամանները կատարում են: Մարդ, որը որևէ իրավունք չունի, պաշտպանված չի պետության կողմից, չունի որևէ փաստաթուղթ, չունի աշխատանքային պայմանագիր, որ ծայրահեղ դեպքում դիմի դատարան: Ենթադրենք, թե դատարանն էլ մի պարկեշտ համակարգ է: Նույնիսկ դա չունի մարդը: Մենք հասարակության որակը վատթարացրեցինք, փչացրեցինք մարդկանց և ստեղծեցինք մի հասարակություն, որտեղ կան ֆեոդալիզմին բնորոշ բոլոր գործիքները: Շատ վտանգավոր երևույթ է: Եվ դրա պատճառն այն է, որ մեզանում միկրոբիզնես հասկացություն չկա:

Մարդ, որ ինքն իր համար բիզնես անի, պետությունն էլ նպաստի դրան: Պետությունը պետք է մոմ վառի ու աղոթի նման քաղաքացու համար: Սա ամենալավ քաղաքացին է՝ ինքնաբավ, անկախ, նա պետությունից ոչինչ չի ուզի, եթե ազատենք բոլոր հարկերից ու հաշվետվություններից, տարեկան թող 120 կամ 50 դրամ մուծի, տարին մեկ անգամ գա՝ տեղեկացնի, ու ոչ մեկը նրան չստուգի: Իհարկե, հարկայինը պետք է վերահսկի, և եթե թեկուզ մեկ վարձու աշխատող ունես, շրջանառության ծավալները կապ չունեն, դու քր. հանցագործ ես ու պետք է շատ խիստ պատիժ կրես, որ խաբեցիր պետությանը: Այսպիսի գործիքները տասնյակներով են: Այդ դեպքում առաջին տարում` բնակչության 15-16%-ը, երկրորդ տարում՝ մինչև 35%-ը կարող է զբաղվածություն ունենալ, սոցիալական նպաստառուների քանակն էլ կտրուկ կնվազի: Հարցի գինն ընդամենը 8-10 մլրդ դրամ է, որից բյուջեն կարող է հեշտությամբ հրաժարվել, իսկ արդյունքը հսկայական կլինի, ու մարդիկ կսկսեն սիրել իրենց երկիրը:

Այն երկրներում, որտեղ փոքր բիզնեսը գերակշիռ է, միջինն ու խոշորը՝ քանակապես ավելի քիչ, հասարակությունը զբաղվածության լավագույն կառուցվածքն ունի: Սա ընդամենը գործող հարկային քաղաքականության անտաղանդ համակարգի արդյունք է: Եվ մենք վանում ենք մեր բնակչությանը, մենք 17% և ավելի` գործազրկություն, 35 % աղքատություն ունենք, երկրի առջև դրված գերխնդիրը՝ բնակչության բարձր կենսամակարդակի ապահովում, և խթանումը, չենք լուծում: Էլ ինչո՞վ է զբաղվում մեր կառավարությունը: Հարկային համակարգը դարձնում են մուրճ, տալիս են օրենսդրություն, որի նպատակը մեկն է` կլպել և բյուջեն լցնել: Հարկայինում եթե նույնիսկ հրեշտակներ լինեն, միևնույն է՝ նրանք անելու են այն, ինչ անում են, որովհետև նրանցից ամեն ամիս պահանջվում է սահմանված գումար, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե արդյունքում քանի բիզնես փակվեց, քանիսը չսկսվեց, քանիսը հեռացավ, քանիսը վախեցավ, ինչքան կապիտալ ու որակյալ աշխատուժ հեռացավ ՀՀ-ից:

Սա մեծագույն, սարսափելի հարված է այս ազգի ապագային, որովհետև բիզնես սերուցքին ստիպում ենք լքել երկիրը: Իսկ չե՞ն մտածում, թե ինչպես եղավ, որ մեր սփյուռքահայ բարեկամներից, որոնք շատ խոշոր բիզնեսներ ունեն, ընդամենը 10-12 ներդրող կա ՀՀ-ում՝ բարեգործությունը չհաշված: Ինչո՞ւ ոչ ոք չի գալիս: Պատասխանը պարզ է՝ ՀՀ ներկայիս հարկային օրենսդրության դաշտում անհնար է բիզնես ծավալել: Եթե բիզնեսն ունենար մեծ հավելյալ արժեք, ակնհայտորեն մենք կտեսնեինք դա ԱՎԾ-ի ցուցանիշներում, բայց 2012 թ.-ի անվանական ՀՆԱ-ն զիջում է 2011-ի արդյունքին: Այս տարի ուզում են 83 մլրդ դրամով ավելացնել այն, ինչն անհիմն ավելացվել է 2013 թ. բյուջեով՝ 1 տրլն 152 մլրդ դրամ էր եկամտային մասը: Եթե անվանական ՀՆԱ-ն կրճատվել է, ինչի՞ հաշվին են հարկային եկամուտները մեծացնում:

– Ասում էին` ստվերի հաշվին:

– Դա էլ նորաձև է դարձել, որևէ մեկը գիտի՞` այդ ստվերը որտեղ է: Ես գիտեմ` որտեղ է` մի քանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մոտ, որոնցից հարկ վերցնելը քաղաքական խնդիր է, ոչ թե հարկային վարչարարություն, մնացածը կլպելու գործընթացի դաշտում են հայտնվում: Փոքր ու միջինը աճ չունի, ինչպե՞ս են ավելի շատ հարկ վերցնում: Ակնհայտ է, որ ոչ թե ավելացված արժեքից են հարկ վերցնում, այլ շրջանառու միջոցներից: Այսինքն` շրջանառությունն են առգրավում: Դրա համար վերջին 1-2 տարում ձեռնարկությունները սնկի պես սնանկանում են, նույնիսկ ցանցային խոշոր ընկերություններն են սնանկանում՝ «Արմավիան», «Սթարը» և այլն: Համոզված եմ, որ Հարկայինի տղաներն էլ են վրդովված լինելու, նրանք կատարող են: Վերջին 2 տարվա ընթացքում ամենաուժեղ հարկային ապարատն այսօր գործողն է, որին պետք է տնտեսության զարգացման համար բարենպաստ հարկային համակարգ տալ, ու նա արդյունավետ կգործի: Ես ափսոսում եմ մեր ժամանակը, անցնող տարիների ընթացքում ոչ թե ոչինչ չբարելավվեց, այլ ավելի վատացավ: Մենք տանուլ ենք տալիս պետությունը, գնալով ավելի վատ պայմանների մեջ ենք հայտնվում:

– Ի՞նչ լուծում եք տեսնում:

– Օրինակ՝ հարկայինի մասով պետք է եկամուտները պլանավորել այնքան, որքան ԱԱՀ կլինի: Դրանից ավելի գանձելը նշանակում է բիզնեսը մահացնել, արդյունավետ փողերը շրջանառությունից հանել, շատ հնարավոր բիզնեսների թույլ չտալ կայանալ: Այս տարվա բյուջետային ցուցանիշը սարսափելի գերգնահատված է: Բյուջետային քաղաքականությունը, ծախսերը պետք է վերանայել, պետք է թողնել, որ մարդկանց եկամուտներն ավելանան, կենսամակարդակը բարձրանա, ոչ թե կլպեն ու կլպեն: Մեզ պետք է գործող տնտեսվարման մոդելի արմատական վերանայում: Այս տարիների ընթացքում ձևավորվեցին խոշոր տնտեսվարողներ, որոնք ունեցան գերիշխող դիրք շուկայի այս կամ այն հատվածում, այդ գերիշխող դիրքը ժամանակի ընթացքում շուկայականից վերածվեց քաղաքական իշխանության, և կարծես այս համակարգը մի նպատակ ունի՝ շատ հեշտ է ունենալ իշխանությունների հանդեպ լոյալ 20-30 մեծահարուստներ, որոնք միշտ պատրաստ են ինչ-որ դպրոց վերանորոգել, ճանապարհ գցել, ինչը հատկապես ընտրությունների ժամանակ նպաստավոր է: Բայց այդպես մտանք փակուղի: Այս մոդելն ակնհայտորեն սպառել է իրեն, բնակչության մեծ մասն աղքատացել է, եթե սպառողական զամբյուղի փոփոխությունները հաշվենք, աղքատության մակարդակը 35%-ից աճել է 50-60%-ի: Այսինքն՝ մենք հասանք նրան, որ ունենք անվճարունակ ժողովուրդ, ինչը նշանակում է` տնտեսական աճի գլխավոր աղբյուրի՝ սպառման բացակայություն, իսկ եթե բնակչությունը չունի սպառման համար եկամուտ, ապա այդ դեպքում հարատև տնտեսական աճ չի կարող լինել:

Ազգային եկամուտների վերաբաշխման և համահարթեցման գերխնդիրը շատ ավելի կարևոր է, քան թվում էր անցյալում: Եկամուտների բաշխման բևեռացման արդյունքում` ունենք գերհարուստ 0.3% բնակչություն, 50-60% աղքատություն (Վրաստանում աղքատությունը 9.9% է, ՌԴ-ում՝ 5.4%, Ղազախստանում` 5.5%, Ադրբեջանում` 4.5%): Հետզհետե դառնում ենք շատ անմրցունակ պետություն: Ես շատ ավելին էի սպասում ՀՀ կառավարությունից: 5 տարի է` դոփում ենք տեղում: Փոքրիկ հաջողությունները համակարգային լուծում չեն ապահովում: Իսկ մենք այնպիսի վիճակում չենք, որ սպասենք, թե 20-30 տարի հետո ինչ կփոխվի: Շատ հետ ենք ընկնում տարածաշրջանի երկրներից:

– Կենսաթոշակային բարեփոխումներն ի՞նչ կփոխեն մեր կյանքում, խոսվում է երկար փողերի ստեղծման մասին:

– Ակնհայտորեն, կենսաթոշակային բարեփոխումների կարիք կա, շատ վաղուց պետք է սկսեին: Բայց այստեղ էլ ռիսկեր կան. գնահատեցին` ինչքան մուտքեր ունենք, ինչ տեմպով կաճի, անցանք միասնական հարկատեսակի, որը ողջունելի է, մոռացանք, որ կենսաթոշակային հիմնադրամների գլխավոր առավելությունն ինքնակառավարման սկզբունքի մեջ է, և սխալ ուղղությամբ գնացինք, փոխանակ կորպորատիվ կենսաթոշակային ֆոնդերի զարգացմանը նպաստենք, հակառակը՝ հիմա մենաշնորհային դաշտ կմտնենք, 1-2-ին իրավունք կտան կառավարելու այս ակտիվները, որոնց մեծ մասը երևի կգնա արտասահմանյան շուկաներ: Այսինքն` մենք ստեղծում ենք երկար փողեր օտարերկրյա պետությունների համար, ոչ թե մեզ համար: Մոռացանք կենսաթոշակային կորպորատիվ հիմնադրամների անհրաժեշտությունը, որը հիանալի ինստիտուտ է, որ մարդիկ իրենք կառավարեն իրենց կենսաթոշակային միջոցները: Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ 5-6-20 տարի հետո պետությունը հնարավորություն է ունենալու փոխհատուցել, ո՞վ է կանխատեսել, ո՞վ է հաշվարկներ արել, ինչո՞ւ է պետությունն իր վրա վերցնում նման պարտավորություն, ինչո՞ւ այդ պարտավորությունը չի տրոհվում կորպորացիայի, պետության և այլնի միջև: Այստեղ բազմաթիվ հարցեր կան:

– Ըստ Ձեզ` եվրոպարտատոմսերի տեղաբաշխումը որքանո՞վ էր անհրաժեշտ ու արդյունավետ:

– Այստեղ նույնպես շատ հարցեր կան: 700 մլն դոլար արտաքին պարտք են ձևավորում՝ եվրոպարտատոմսերի տեսքով: Գնո՞ւմ ենք Եվրասիական միություն՝ գնում ենք, ՌԴ-ի հետ լա՞վ ենք՝ լավ ենք: Ունենք 500 մլն պարտք Libor +3%, Libor-ը մոտ 0.6% է, այսինքն` 3.6% տոկոսադրույքն է: Եվրոպարտատոմսերը 6%-ով գնեցին, բայց անհասկանալի պատճառներով դրանց հարկերից ազատեցին, ու, եթե դա հաշվենք, միջնորդավճարները հաշվենք, կհասնի 7-8%-ի, ինչո՞ւ էր պետք այդ չափազանց թանկ փողը: Ասեցին՝ արտոնյալ վարկեր միջազգային պահուստներն այլևս չեն տալիս մեզ՝ լավ, բայց 7 տարով այս թանկ փողն ինչո՞ւ եք բերում: Եվ այդ թանկ փողով ավելի էժան ռուսական վարկն են մարում: Անհասկանալի է:

– Պատճառաբանում են, թե Libor-ը կարող է կտրուկ աճել:

– Կարող է և չաճել: Պետք է Ռուսաստանի հետ բանակցեին: Չէ՞ որ որոշեցին ապագան կապել Ռուսաստանի հետ: Ասում են՝ մոտ 200 հոգի մարդ է տեղաբաշխողը, ինչպե՞ս են նրանց հետ բանակցելու՝ չգիտեմ: Հիմա 1 հոգու հետ աշխատանքը, այն էլ` բարեկամ պետության, ռազմավարական գործընկերոջ, այն էլ` գնում ենք ՄՄ, և ապագայում` Եվրասիական միություն, ուրեմն չե՞ն կարողանում ՌԴ-ի հետ բանակցել, վերանայել վարկի պայմանները, գնում են, շուկայական ամենաթանկարժեք փողերն են բերում, որ ի՞նչ անեն: Ես չեմ հասկանում՝ մեր երկրում կա՞ Ազգային ժողով, պետական այլ կառույցներ, այսինքն՝ կառավարությունը երբ ուզի, կարող է հանգիստ պետական պարտքը մի 10% ավելացնե՞լ: Օրենք ընդունել, Աժ-ում քննարկել… չկա՞ նման բան: Սա անհասկանալի երևույթ է, Ֆինանսների նախարարության տղաներն էլ ուրախացել են՝ կոճակ են սեղմում, խաղալիքներ են խաղում: Ինչպիսի ծրագիր ներկայացրին ռուսական 500 մլն վարկի դեպքում, այնպես էլ` հիմա: Որևէ մեկը չիմացավ, թե այդ փողերն ուր գնացին, ով օգտագործեց, ինչ արդյունք տվեցին: Նման բաներ կարելի է անել, երբ կա կոնկրետ ծրագիր:

Օրինակ՝ վրացիները 5 մլրդ դոլարի ներդրումային հիմնադրամ են ստեղծել, 1 մլրդ էլ` գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որի տակ կոնկրետ ծրագիր կա, թե ինչ են անելու: Եթե ասեին՝ այդ 700 մլն-ի տակ ազատում են միկրոբիզնեսը բոլոր հարկերից, միջոցներ են տալիս բանկային համակարգին, բոլոր star-up-երին վարկավորում են պետական երաշխիքով, ես կհասկանայի նման արտաքին բեռ վերցնելը և սպասարկելը: Դա թանկացնում է մեր բյուջեն, դժվարացնում ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, արժութային ռիսկեր կան, և այլն, և հետագայում չես կարողանալու բանակցել, հետաձգել ժամկետները, պետք է մարես: Ընդ որում` եթե պետությունը 6%-ով է վերցնում գումար, ապա բանկերն ինչքանո՞վ են վերցնելու՝ ավելի թանկ: Կառավարության այս մակրոտնտեսական քաղաքականությունն ինձ համար անհասկանալի է:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս