Պատգամավորները կստանան 666 (500) հազար դրամ աշխատավարձ
2014 թ. հուլիսի 1-ից Կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթի շնորհիվ կբարձրանան հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: ՀՀ նախագահն, օրինակ, դրանից հետո ներկայիս 400.000-ի փոխարեն` կստանա 900.000 դրամ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` նախագահի աշխատավարձի բարձրացումը մեծ չէ, ավելին` քիչ է: Մեզ հետ զրույցում Ա. Մինասյանն ասաց, թե ինքը կառաջարկեր նախագահի գործակիցը առնվազն հասցնել երեսնապատիկի:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գլխավոր հանրային ծառայողի ու քաղծառայողի միջև տարբերությունը հիսնապատիկ է: Երկրներ կան, որտեղ հինգ հարյուրապատիկի տարբերություն է: Ես համարում եմ` սա քիչ է: Իհարկե, այս թիվը պետք է զուգակցել նաև նրա հետ, թե ինչ արտոնություններ` որպես ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանն ունի` անվտանգության համակարգ, սոցիալական պաշտպանություն, և այլն: Անկախ նրանից, թե ով է անձը, եթե մենք արժևորում ենք նախագահի պորտֆելը, պոստը, ուրեմն պետք է մինչև 10 հազար եվրոյին համարժեքի մասին մտածենք, որ կոռուպցիայի մասին խոսելիս էլ լեզուներս մի քիչ երկար լինի: Թե չէ տալիս ենք մինիմալը, ասում ենք` կոռուպցիայով չզբաղվեք` բա էն նախարարը, որի ձեռքի տակով անցնում են միլիարդներ, բայց ինքը նվազագույնն է ստանում, ոնց էլ լինի` մի քիչ կողքից օգտվելու է, չէ՞»,- մասնավորեցրեց ՀՅԴ պատգամավորը: Ի դեպ, կառավարության ներկայացրած առաջարկը ենթադրում է, որ հաջորդ հուլիսի 1ևից բարձրանալու է նաև օրենսդիր մարմնի անդամների` պատգամավորների աշխատավարձը:
Արծվիկ Մինասյանի խոսքով` պատգամավորները կստանան 500.000 դրամի չափով (հարկային պահումներից հետո) աշխատավարձ: Ըստ նրա` մասնավորապես, ԱԺ պատգամավորների պարագայում կգործի բազային աշխատավարձի նկատմամբ տասնապատիկ գործակցի կիրառումը: «Եթե նվազագույն բազան ըստ նախագծի` 2014 թ. հուլիսի մեկից կազմելու է 66 հազար 140 դրամ, ապա տասնապատիկը կազմելու է 666 հազար դրամի չափով, որից հարկը հանելուց հետո` պատգամավորի աշխատավարձը կազմելու է մոտավորապես 500 հազար դրամ»,- նշեց նա: Սակայն, կառավարության ներկայացրած փաթեթում, Ա. Մինասյանի խոսքով` հստակ չէ, թե հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն է կազմելու պատգամավորի աշխատավարձը:
Նրա դիտարկմամբ` կան նաև համամասնությունների հետ կապված խնդիրներ. «Վարչապետի օգնականի ու պատգամավորի աշխատավարձի տարբերությունը 1.5-2 գործակից է դառնում, իսկ վարչապետի խորհրդականի ու պատգամավորի միջև տարբերությունն ավելի քիչ է, և այսպես շարունակ:
Մեզ համար կարևորը սկզբունքները պահպանելն է, և մենք կարծում ենք, որ նախագահից, ով գլխավոր ծառայողն է, նրանից ներքև աշխատողները` օրենսդիր, դատական, գործադիր մարմինները ևս պետք է հավասարակշռված վարձատրություն ունենան: Ըստ ստատուսների` պետք է իջեցումներ լինեն` աշխատավարձի: Հիմա ստացվում է, որ նախարարի և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձերն են միմյանց հավասարվում, ինչը սխալ է»: Արծվիկ Մինասյանը ներկայացրեց օրենսդիր մարմինների աշխատակիցների վարձատրության եվրոպական մոդելներ, որոնք, ըստ նրա, կարող էին կիրառվել նաև Հայաստանում: «Առաջին` տրվում է նվազագույն գումար, և պատգամավորի ակտիվությամբ է պայմանավորվում նրա վերջնական աշխատավարձը:
Երկրորդ մոդելն այն է, որ կա ֆիքսված թիվ, որից պատգամավորի անբարեխիղճ գործունեության արդյունքում պահումներ են իրականացվում: Երրորդ` տարբերություն է դրվում իշխանության ու ընդդիմության պատգամավորների միջև, ըստ որի` ընդդիմության ներկայացուցիչների աշխատավարձը կրկնակի բարձր է կազմում` իշխանության պատգամավորի վարձատրության նկատմամբ` հաշվի առնելով, որ իշխանական պատգամավորն իր գործունեությունը ծավալելու համար քիչ ռեսուրսներ է ծախսում: Վերջին մոդելի պարագայում` ամեն պատգամավոր ունենում է իր ֆոնդը, և տարվա վերջում հրապարակվում է հաշվետվություն»,- տեղեկացրեց նա:
Ըստ Ա. Մինասյանի, եթե նման մոդելներն անգամ այս կամ այն հիմնավոր կամ անհիմն պատճառով կիրառելի չեն Հայաստանում, դա չի նշանակում, որ պատգամավորի աշխատավարձը պետք է այնքան ցածր լինի, որ խրախուսվի անօրինական եկամուտներ ստանալու մեթոդն, ինչն այսօր առկա է: «Արդար, աշխատող տեսակը գնալով կմարի, եթե պատգամավորի աշխատավարձի թիվը չլուծվի»,- ավելացրեց նա:
«168 Ժամ»