Հնչեղություն ստացած որ գործերն են համաներվելու

Հոկտեմբերի 3-ին 103 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցության համաներում հայտարարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, որոնցից 500-600-ը կազատվի պատժից. մյուս մասի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի և քրեական հետապնդում չի իրականացվի, իսկ մյուս մասի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կկրճատվի: Որոշման կատարումը վերապահված է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին, հետաքննության և նախաքննության մարմիններին, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին, ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներին կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացող այլ իրավասու մարմիններին, կարգապահական գումարտակների հրամանատարներին: Հանրության ուշադրության կենտրոնում հայտնված մի քանի քրեական գործերով ամբաստանյալների և դատապարտյալների պաշտպաններից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կերպ կտարածվի համաներումը նրանց վրա:

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջինս, համաձայն ԱԺ որոշման, պետք է ազատ արձակվի հենց դատարանի դահլիճից. «Եթե ընդունենք, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկված դատավճիռը նույնիսկ կթողնի անփոփոխ, Տիգան Առաքելյանը դատարանի դահլիճում պետք է ազատ արձակվի, այսինքն՝ Տիգրան Առաքելյանը պետք է լրիվ ազատվի հետագա պատժի կրումից, քանի որ համաներման մասին որոշման մեջ կա համապատասխան կետ՝ 3-րդը, որը մասնավորապես նախատեսում է պատժից ազատել առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը կրած անձանց: Տիգրան Առաքելյանն արդեն իսկ կրել է իր պատժի մեկ երրորդը: Նաև Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով ինքը մեղադրվում է, այդ հոդվածները համաներման մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումների մեջ ընդգրկված չեն. այնպես որ, իր վրա համաներումը տարածվում է, և ինքը պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվի»:

Մ. Շուշանյանի խոսքով՝ որպեսզի Տ. Առաքելյանն ազատ արձակվի, պետք է լինի դատարանի որոշումը. «Այդ որոշումը կլինի առաջիկա դատական նիստի՞ ընթացքում, թե՞ կլինի մեկ այլ օր՝ դժվարանում եմ ասել, որովհետև դեռևս դատավարական ինչ-ինչ փուլեր կան անցնելու, որը մենք չենք անցել»:

Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 6 տարի ազատազրկման: Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժվել էր, վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր նոր քննության. այժմ գործը կրկին քննվում է Վերաքննիչ դատարանում:

ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղարշակ Գևորգանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համաներումը կտարածվի նաև իր պաշտպանյալի վրա: Հ. Թամամյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: «Համաներման 8-րդ կետի 5-րդ ենթակետով՝ պատիժը կրճատվել է մեկ քառորդով»,- ասաց Վ. Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Հ. Թամամյանի պատժի չկրած մասը կկրճատվի մոտավորապես 4 ամսով. ևս 1 տարի 2 ամիս Հ. Թամամյանը պետք է պատիժ կրի: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաներման որոշումը կանդրադառնա իր պաշտպանյալի վրա միայն պատճառված վնասը փոխհատուցելու պարագայում:

«Ընդամենը կրճատվելու է պատժի չկրած մասը»,- ասաց փաստաբանը: Քրեական գործն այժմ քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առաձնապես խոշոր չափերով), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):
Քաղաքագետ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, կրճատվելու է պատժաչափը: Արկադի Վարդանյանին և Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին: Գայանե Գալոյանն ասաց, որ չի ցանկանում որևէ կոնկրետ բան ասել, քանի որ «հակված չէ, որ ճիշտ է որակված իր արարքը»:

Նշենք նաև, որ հայտնի «խոտի դեզի» գործով ամբաստանյալ Արամ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը, երեկ Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց, որ համաներումը տարածվելու է նաև իր որդու և գործով մյուս ամբաստանյալների վրա. նրանք ազատ են արձակվելու:
Խարդախության մեջ մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տեսանյութեր

Լրահոս