Բաժիններ՝

«Վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի նոր բնակարան չի կառուցվել»

Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի նոր բնակարան չի կառուցվել, և ոչ մի անապահով ընտանիք տուն չի ստացել, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշում է, որ մի քանի տարուց Գյումրիում այլևս չեն լինի անօթևաններ. «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով քննարկումը նախաձեռնել էր «Մեդիա կենտրոնը» հոկտեմբերի 2-ին Գյումրիում:

«22 տարում կառուցվել է 20.600 բնակարան: Եվս մեկ տարի, և 400 ընտանիք էլ կունենան բնակարաններ»,- ասել է Ալբերտ Մարգարյանը: Նրա խոսքով՝ Գյումրիում մնացել է 433 անօթևան ընտանիք, կան նաև հազարից ավելի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հերթագրվել անօթևանների ցուցակում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հակադարձել է՝ Գյումրիում անօթևան է 4000 ընտանիք. «98 թվականին քարոզարշավի շրջանակներում Քոչարյան Ռոբերտը խոստացավ աղետի գոտին վերականգնել 2001-ին, ավարտել: 2001-ին խոստացավ ավարտել 2003 թվականին: 2003-ին, 2004-ին Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի շնորհիվ մոտավորապես 2400 բնակարան հանձնվեց Գյումրիում, նաև մյուս բնակավայրերում և հայտարարվեց, որ աղետի գոտին վերականգնվել է, սա արդեն զարգացման գոտի է, չունենք մենք անօթևաններ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրիում ոչ մի նոր բնակարան չի կառուցվել, և ոչ մի անապահով ընտանիք տուն չի ստացել:

Թումասյանի կարծիքով՝ նրանում, որ դեռ կան անօթևաններ, մեղավոր են Հայաստանի բոլոր երեք նախագահներն իրենց կառավարություններով:

«Գրեթե կորսված հույս է Գյումրին վերականգնելը. արտագաղթողներն այդքան արագ չեն վերադառնա»,- ասաց Վահան Թումասյանը:

Լևոն Բարսեղյանը հավելեց, որ երկրաշարժից առաջ Գյումրիի բնակիչների թիվը 221-234 հազար էր, իսկ 2011թ. հոկտեմբերի մարդահամարի պաշտոնական տվյալներով` 121.500, թեև իրական թիվը ավելի փոքր է: Աշակերտների թիվը Գյումրիի բոլոր դպրոցներոմ երկրաշարժից առաջ տարբեր տվյալներով եղել է 52-56 հազար, մինչդեռ մեկ ամիս առաջ մարզպետարանից Բարսեղյանի ստացած տվյալներով՝ Գյումրիի բոլոր դպրոցներում աշակերտների թիվը 14.500 է:

«Այս երկու համեմատությունները բոլորիդ միանգամից հասկանալ են տալիս, թե Գյումրին ուր է, ինչ է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ գյումրեցու տեսակը կորստի եզրին է, մինչդեռ այդ տեսակը մեր ազգային կոլորիտի մի կարևոր ու թանկ մասն էր: «Տարիներ շարունակ այս թշվառ վիճակի մեջ մենք կորցնում ենք այդ տեսակը»,- ափսոսանք հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը:

Նա կարևորեց Գյումրիում իրական աշխատատեղեր բացելը, և նշեց, որ իշխանության օլիգարխները, որոնք ամեն օր սուպերմարկետներ ու հիպերմարկետներ են բացում, թող Գյումրիում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծեն գյումրեցիների համար:

Քննարկումն անցկացվեց Գյումրիի «Սթիլ» պատկերասրահում, որտեղ ներկայացված էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) «Լրատուն» նախագծի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը:

Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ երկրաշարժից մի քանի տարի առաջ աղետի գոտում սեյսմակայունության չափանիշը 8 բալից իջեցվել էր 7-ի: Ընդ որում, սա արվել է Հայաստանի գեոֆիզիկայի ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ: Եթե այն ժամանակ լրատվամիջոցները լուսաբանեին սեյսմակայունության չափանիշի իջեցումը, աղմուկ բարձրացնեին, ապա այդ չափանիշը գուցե բարձրացվեր:

«Իսկ դա կնշանակեր հազարավոր մարդկանց կյանք, ովքեր այսօր մեզ հետ չեն, ովքեր կարող էին սերունդներ տալ, և այդ սերունդները լինեին մեզ հետ»,- ասել է Վահրամ Մարտիրոսյանը:

Քննարկման բանախոս, Սախարովի հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը համամիտ է Վահրամ Մարտիրոսյանին. եթե աղմուկը ավելի շատ լիներ, շատ բաներ հնարավոր կլիներ փոխել: Սեյրան Մարտիրոսյանը նշել է, որ հենց շնորհիվ քաղաքացիական հասարակության աղմուկի «Գալա» հեռուստաընկերությունը չեթերազրկվեց, Գյումրիում եղևնիները չհատվեցին, «Արագած» ճեմափողոցում չկառուցվեց հերթական ռեստորանը, մարդկանց բնակարաններից անթույլատրելի փոքր հեռավորության վրա չկառուցվեց դիահերձարան:

«Շատ թանկ գնով, երկրաշարժի գնով մենք ունեցանք քաղաքացիական հասարակության աննախադեպ զարգացում հատկապես աղետի գոտում: Դրանով մենք շահեկանորեն տարբերվում ենք Հայաստանի մյուս հատվածներից»,- ասել է Սեյրան Մարտիրոսյանը:

Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խաչատրյանը նշել է, որ քաղաքում ոչ միայն իջեցվել էր սեյսմակայունությունը, այլև կառուցապատումը կատարվում էր շատ անորակ, կատարելագործված չէր սեյսմակայունության տեսությունը: Այդ պատճառով Գյումրիում զոհերի թիվն այդքան մեծ եղավ: Սամվել Խաչատրյանի խոսքով՝ երկրաշարժից հետո կառուցվող շենքերն ավելի սեյսմակայուն են, խստացվել են նոր կառուցվող շենքերի նորմատիվային փաստաթղթերի պահանջները:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիի «Սթիլ» պատկերասրահում անցկացվեց քննարկում՝ «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Սախարովի հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը և Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Խաչատրյանը:

«Մեդիա կենտրոն»
Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս