Օբաման չեղյալ է հայտարարել իր ասիական շրջագայությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել այս շաբաթ պլանավորած այցն ասիական երկրներ: Չեղյալ է հայտարարվել նաև Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին Օբամայի մասնակցելը:
Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Վերջինս պարզաբանել է, որ նման որոշման կայացումը կապված է ամերիկյան կառավարության աշխատանքների դադարեցման և տվյալ խնդրի շուրջ Կոնգրեսում բանակցությունների շարունակվելու հետ:
Սպիտակ տունը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարվել Օբամայի այցն Ինդոնեզիա ու Բրունեյ: Ավելի վաղ՝ այս շաբաթ, Սպիտակ տունը հայտարարել էր Մալայզիա և Ֆիլիպիններ Օբամայի այցի չեղյալ հայտարարման մասին, ինչը պետք է տեղի ունենար նրա ասիական շրջագայության շրջանակներում:
Հոկտեմբերի 5-7-ին Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը, իսկ հոկտեմբերի 9-10-ին Բրունեյում տեղի է ունենալու Արևելա-ասիական ընկերակցության խորհրդաժողովը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չէր բացառել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարող են հանդիպել հոկտեմբերի 7-ին, Բալի կղզում: