
Պուտինն ու Օբաման կարող են հանդիպել հոկտեմբերի 7-ին. Յուրի Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման կարող են հանդիպել հոկտեմբերի 7-ին Ինդոնեզիայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի «դաշտերում»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Սանկտ Պետերբուրգում (G-20-ի ղեկավարների գագաթաժողովում) եղել է շատ օգտակար և դինամիկ շփում: Լրիվ տրամաբանական է, որ հաշվի առնելով Սիրիայի շուրջ կատարված աշխատանքները՝ հանդիպում կարող է տեղի ունենալ Բալիում:
Մենք կողմնակից ենք դրան, մենք կարծում ենք, որ տեղի կունենա այդ հանդիպումը: Հանդիպման գաղափարը ծագել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի նախապատրաստման ժամանակ: Դա եղել է մեր նախաձեռնությունը»:
Ուշակովը հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներն արդեն իսկ միմյանց հանդիպել են Լոխ Էրնում (Հյուսիսային Իռլանդիա) G-8-ի գագաթաժողովի «դաշտերում»: