Իրանում խոլերայի համաճարակ է. ՀՀ անցակետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում
Երեկ ՀՀ առողջապահության նախարարութունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իրանում խոլերայի լարված իրավիճակով պայմանավորված Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրությունում:
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ հականխարգելիչ միջոցառումներ անցկացվում են սեպտեմբերի 28-ից հետո: «Այդ ժամանակ է Պարսկաստանը մեզ պաշտոնական տեղեկատվություն տվել»,- ասաց նա:
Լ. Ավետիսյանը մանրամասնեց, թե մասնավորապես ինչ զննության են ենթարկվում Իրանից Հայաստան ժամանած ուղևորները: «Զննում նշանակում է՝ մարդուն դիդակտիկ նայում են, իսկ խոլերան այնպիսի հիվանդություն է, որն արտաքինից արգամ երևում է: Մարդկանց հարցում են անում՝ Ձեզ մոտ խոլերայի ախտանշաններ կա՞ն՝ լուծ ունե՞ն: Եթե այդ մարդը լուծ ունի, ապա հարցնում են՝ այսպիսի՞ն է: Դրված է նաև հեռահար ջերմաչափ, չափում են ջերմությունը: Եթե ժամանողն ասում է, որ տանը, որտեղ ինքը բնակվել է` Պարսկաստանում, խոլերայով հիվանդ մարդ է եղել, ապա նա վերցվում է հսկողության:
Եթե հիվանդը տեղում է, մեկուսացվում է, ուղեկցվում է կցված բուժհիմնարկություն: Զննում են, եթե ժխտում են, ուղարկում են, եթե չեն ժխտում, ռեալ կասկած կա, ապա բոլոր կոնտակտավորները հասցեային քարտեր են լրացնում և հինգ օրվա ընթացքում նրանք ուր գնում են, այդ տարածքի բուժհիմնարկները նրանց նկատմամբ հսկողություն են սահմանում, որովհետև խոլերայի առավելագույն ինկուբացիան 5 օր է»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը:
Լ. Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր բուժկենտրոններ են ուղարկվելու խոլերայի կասկածով հիվանդները: «Մեղրու անցակետին կցված է Մեղրիի բժշկական կենտրոնը, իսկ օդանավակայանին՝ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցը»,- ի պատասխան՝ ասաց Լ. Ավետիսյանը:
Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ մինչ այժմ Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորների զննում և ջերմաչափում է կատարվել։ Նրանցից 740-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ 170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել:
Լ. Ավետիսյանի խոսքով՝ խոլերայով հիվանդ անձիք կստանան անվճար բուժօգնություն:
Նշենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է արգելել ուտելիքն առանց փաթեթավորման ներկրել Հայաստանի Հանրապետություն, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել: