Բաժիններ՝

Առաջին անգամ բացվել է Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը

Գաղտնիք չէ, որ արվեստագետը դադարում է գոյություն ունենալ, երբ նրան չեն նկատում, չեն տեսնում ու չեն խոսում իր մասին: Նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետ ժամանակը գուցե այդպես էլ վարվել է, որի արդյունքում` ժամանակակից արվեստի պատմության մեջ նման մասշտաբի արվեստագետը չի էլ հիշատակվում:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ներկայացված Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը նոր սերնդի համար իսկական բացահայտում է: Նկարչության մեջ` փիլիսոփայություն, փիլիսոփայության մեջ՝ նոր խոսք, բացահայտումներ, գտնված գույներ, աներևակայելի նյութեր, ընկալված չլինելու մեծ համարձակությունգ Մի խոսքով՝ ստեղծագործական որակ, որին ծանոթանալուց հետո միայն կարելի է ժամանակակից հայ նկարչության որոշ տարրերի սկզբնաղբյուրը գտնել:

Այլ կերպ ասած՝ ստեղծագործությունների բնօրինակներին ծանոթանալուց հետո Վ. Բաժբեուկ-Մելիքյանի ազդեցությունը ժամանակակից նկարչության մեջ հաճախ կարելի է հանդիպել, որը, սակայն, ներկայացվում է` իբրև «սեփական ձեռագիր», հատկապես, երբ Բաժբեուկ-Մելիքյանն այլևս չկա, իսկ նրա նկարչությունն առայսօր հանրությանն ըստ արժանվույն չի ներկայացվել:

Նկարչի կինը՝ Ջեմմա Բաժբեուկ-Մելիքյանը, վստահեցնում է, որ կյանքի վերջին տարիներին նա թվով իր 70 նկարներն ամփոփել է ընդամենը մեկ կոլաժի մեջ:

Կարդացեք նաև

Luso (2)

«Կյանքի վերջին տարիները, երբ մեր երկիրը շատ վատ վիճակում էր, շատ ճնշող ու ծանր էր իր համար: Ինքը գերզգայուն մարդ էր և չէր կարողանում անտարբեր լինել: Մարդկանց ծանր վիճակն իրեն շատ մեծ ցավ էր պատճառում: Երբ մեկը կարիքի մեջ էր լինում, և նա չէր կարողանում օգնել՝ հոգեբանական ծանր ապրումներ էր ունենում, ազդվում էր շատ:

Vazgen-Bajbeuk MeliqyanԵրկրի, ժողովրդի վիճակը նրան շատ էր ցավ պատճառում: Ասում էր՝ փողոցով քայլում եմ, կինը երեխային գրկած՝ ողորմություն է խնդրում, իսկ ես ոչինչ չունեմ նրան տալու և մինչ նրան մոտենալը հարյուր անգամ միկրոինֆարկտ եմ ստանում»,- պատմում է 2004թ. մահացած Վ. Բաժբեուկ-Մելիքյանի կինը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի կողմից, ընդ որում՝ սա հեղինակի երկրորդ անհատական ցուցահանդեսն է և առաջինը` արդեն հետմահու: Հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանն ընդգծում է, որ հեղինակին ներկայացնելու գաղափարը դեռևս երկու տարի առաջ է ծնվել, ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ հիմնադրամը Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպեց Կամո Նիգարյանի ցուցահանդեսը, որն իր ժամանակակիցների շարքերում «աութսայդերի» դերում էր, ընդունված չէր:

Luso (10)

«Վազգենի առաջին ցուցահանդեսը եղել է 13 տարի առաջ, որն իր կյանքի օրոք կայացած միակ ցուցահանդեսն է եղել: Իր մահից հետո, փաստորեն, սա երկրորդ անհատական ցուցահանդեսն է և առաջինը` հետմահու:Մահվանից 9 տարի անց մենք առաջին անգամ ներկայացնում ենք Վ. Բաժբեուկ-Մելիքյանին, ընդ որում՝ ներկայացնում ենք ծավալուն կերպով, քանի որ սա հետահայաց ցուցահանդես է»,- ասում է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայացված են նկարչի վաղ շրջանի և արդեն հասուն տարիքի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսին ներկայացված է 53 աշխատանք, որից 4-ը պատկանում է մասնավոր հավաքածուներին, իսկ մնացած բոլոր նկարները հեղինակի ընտանիքինն են:

Sona Harutyunyan«Անչափ կարևոր էր այսօր այս արվեստագետին ներկայացնելը, որովհետև հիմա այն ժամանակն է, երբ շատ են խախտվել իրական, ճշմարիտ, ժամանակակից արվեստի չափանիշները և չափորոշիչները: Հիմնադրամը նման արվեստագետին ներկայացնելու միջոցով լույս սփռեց առհասարակ արվեստի դաշտում՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում այսօր, մենք ի՞նչ ունեինք, ի՞նչն ենք մոռացել այսօր, և, եթե վեր ենք հանում մոռացվածը, ապա այսօրվա գործող շատ արվեստագետների աշխատանքներ ուղղակի մարում են: Ի վերջո, ժամանակը Վազգենին գիտակցաբար չի ներկայացրել այնպես, ինչպես հարկն է»,- ասում է Ս. Հարությունյանը՝ հաստատելով մեր ունեցած այն տեղեկությունները, համաձայն որի՝ Վ. Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործություններն այս տարիների ընթացքում, հեղինակի ընտանիքի պահպանությունից բացի, ունեցել են որոշակի խնամքի, վերականգնման կարիք:

Թեև աշխատանքների ողջ պահպանությունն ու պատասխանատվությունը կրել է նրա ընտանիքը և մասնավոր կոլեկցիոներները, այդուհանդերձ, հեղինակի ստեղծագործական ողջ պատմությունը պահպանելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որի հարցում պետական աջակցության կարիք կա: Ս. Հարությունյանը նաև շատ կարևորում է Հայաստանի թանգարաններում Վ. Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործություններով համալրման գործընթացը, որի արդյունքում` արդեն թանգարանները հոգ կտանեն դրանց պահպանման մասին:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահը ներկայումս բանակցություններ է վարում Վ. Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Վրաստանում ներկայացնելու ուղղությամբ:

«Ժամանակակից արվեստը պատմության վերածելը շատ վտանգավոր բան է»

Ցուցահանդեսի համադրող, նկարիչ Նարեկ Ավետիսյանը կարևորում է էքսպոզիցիայի այն վերադասավորումը, համաձայն որի՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի առաջին հարկում ներկայացված է նկարչի անցումային շրջանը:

«Նկարիչը պատկանում է մի տոհմի, որը շատ հարուստ է ավանդույթներով և պատմամշակութային հիշողությամբ: Իր վրա որոշակի պատասխանատվության բեռ կա: Բնականաբար, այս տեսակի արվեստագետի համար գուցե բարդույթներն ավելի շատ են, քան մեկ այլ արվեստագետի, որը ծանրաբեռնված չէ այդ ժառանգականությամբ: Ներկայացված աշխատանքներում տեսնում ենք, որ Վազգենը կրելով որոշակի ազդեցություններ՝ իր մեջ ուներ թաքնված մի այնպիսի տարրեր, որոնք պիտի վերածվեին բանաձևի և գտնեին իրենց ինքնուրույն զարգացման տեսակը: Նա անընդհատ կրկնում էր, որ իր համար ստեղծագործելն արդեն չընդհատվող տեսակ է: Սրանք էտապներ են, կարճ ընդմիջումներ, կամ ֆիզիկական առումով՝ նյութից` նյութ, մակերեսից` մակերես, բայց ինքը համարում էր, որ արդեն ապրելու, ստեղծագործելու է` որպես մի արտիստ, որը մի գործ է անում: Իր սկզբունքը ասամբլյաժային, կոլաժային է, նա մի մակերեսի վրա համադրում էր տարբեր ինֆորմացիաներ, նյութեր, որոնց միջոցով նաև իր մեջ ունեցած պատմամշակութային շերտերի հարցն էլ հաղթահարելով` բերում է մի նոր աստիճան»,- ասում է Ն. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Վ. Բաժբեուկ-Մելիքյանը խառնվածքով ինքնաքննադատ էր և արվեստի դաշտում ուներ ընտրողական մոտեցում:

Luso (9)

Այլ կերպ ասած՝ նրան ամեն ցուցահանդես, կոնցեպցիա, տենդենց չէր կարող ոգեշնչել:Նա թեև մասնակցում էր «3-րդ հարկի» ցուցահանդեսներին, այնուամենայնիվ, մշտապես դիտարկողի դերում էր: Ն. Ավետիսյանի կարծիքով՝ Վ. Բաժբեուկ-Մելիքյանին գուցե չընդունեց իր սերունդը, որովհետև վերջիններս սպասելիքներ ունեին, իսկ Վ. Բաժբեուկ-Մելիքյանն իր ժամանակից առաջ էր:

Luso (4)

«Ինքն իրեն համարում էր նորարար արվեստագետ: Կցանկանայի նշել, որ նորարարությունը միայն ձև չէ և ոչ էլ` գաղափար նախընտրելու դիրքորոշում, այլ՝ ներքին մղումներից, համոզմունքներից եկող վերապրված մի բան է, և դու դրան գալիս, հասնում ես»,- ասում է Ն. Ավետիսյանը՝ հավաստիացնելով, որ Վ. Բաժբեուկ-Մելիքյանն անհատականություն էր, որի մեջ կային ժամանակի տենդենցները, բայց արժեքավոր է նրանով, որ ինքն արել է այն, ինչ վերապրված է իր կյանքի ընթացքում, անձնական ուղին ուսումնասիրելու արդյունքում:

Luso (3)

Ն. Ավետիսյանը կարծում է, որ ժամանակակից արվեստը պատմության վերածելը շատ վտանգավոր բան է: Օրինակ, եթե դիտարկենք 80-ականներից մեր օրերը, որի ժամանակահատվածում արվել են լանդշաֆտային ցուցադրություններ, գրվել են հոդվածներ, համաձայն որի` ձևավորվել է նորագույն շրջանի արվեստի պատմություն: Արդյունքում՝ աբստրակցիոնիստների շրջանում կա մի հիերարխիա, կոնցեպտուալ շրջանակներում նույնպես, սակայն, ըստ Ն. Ավետիսյանի՝ կան բավականին մեծ վրիպումներ, որն օբյեկտիվության պակասի հետևանք է.

«Ենթադրենք` գործող մի արվեստագետ, որը շփվում է այս խմբավորման հետ և կողմնակիցն է այս գաղափարներին՝ նա մոտենում է մոդեռնիստորեն` պնդելով, թե՝ մենք ճիշտ ենք, միայն մենք ենք ճիշտ: Նման բան աշխարհում գոյություն չունի, քանի որ նայում են հակառակ մոտեցմամբ՝ ինչո՞վ ենք սխալվել, որտե՞ղ ենք վրիպել, ո՞ւմ ենք մոռացել: Աութսայդեր արտիստների խնդիրը ողջ աշխարհում կա: Հետագայում, երբ դաշտը վերանայվում է՝ իրենք վերադարձվում են ակտուալ արվեստի շրջանակների մեջ, և լանդշաֆտը դառնում է կառուցողական»:

Luso (1)

Ցուցահանդեսի համադրողն այս ցուցահանդեսը կարևորում է նաև նրանով, որ թե՛ Վ. Բաժբեուկ-Մելիքյանը, թե՛ Կ. Նիգարյանն ուշադրության կենտրոնից վրիպել էին, սակայն արվեստում զբաղեցնում են շատ կարևոր տեղ: Ն. Ավետիսյանը հույս է հայտնում, որ այս երկու մոռացված արվեստագետների ուսումնասիրությունը, ցուցադրումը ժամանակակից հայ արվեստի լանդշաֆտը կդարձնի ավելի հարուստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս