Մաքսային միությանն անդամակցության առաջին տարվա ընթացքում մենք կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ

Մեր զրուցակիցն է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը

– Պարոն Սանդոյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները:

– Ընթացիկ ճանապարհը, որով գնում ենք, կարծես, ճիշտ չի ընտրված, և այն մեխանիզմները, որոնց վրա հույս էր դրված` տնտեսական աճ ապահովելու, կենսամակարդակ բարձրացնելու, կարծես արդյունքի չեն բերում մեզ: Առնվազն տնտեսական աճի 2-րդ եռամսյակի ցուցանիշը` 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), շատ լուրջ ինդիկատոր է, որը ցույց է տալիս, որ մեր տնտեսական հիմքում լուրջ հիմնախնդիրներ կան:

Եթե դրա կողքին դնում ենք հունվար-օգոստոսի գնաճը` 9.3%, ապա պարզ է դառնում, որ խոսքը գնում է ոչ միայն տնտեսական զարգացումների ստագնացիայի մասին, այլ նաև երևույթների մասին, որոնք ավելի խորքային են, և դրանց հիմնապատճառները պետք է փնտրել ոչ թե ընթացիկ գործընթացներում, այլ ամփոփ տեսնել, թե դրանց որակական հիմնապատճառները որոնք են: Եթե դիտարկենք 2008թ.-ից հետո զարգացումները, ապա 2009թ.-ի 14.1 % անկումից հետո մինչ օրս մենք չենք հաղթահարել հիմնախնդիրը, և ՀԲ ցուցանիշներով ՀՆԱ-ն 2008-ին 11 մլրդ 662 մլն դոլար էր, 2010-ին` 10 մլրդ 138 մլն, 2012-ին` 9 մլրդ 910 մլն դոլար:

Կարդացեք նաև

Դա նշանակում է, որ չնայած 7.1% տնտեսական աճին, մենք անվանականով ունենք անկում, իսկ տնտեսական աճը բացատրվում էր ինդեքս դեֆլյատորի բացասական լինելով: Սա դարձավ բանավեճի առարկա ԱԺ-ում, բայց չեմ ուզում ներխուժել վիճակագրության մեջ, խոսենք պաշտոնական թվերով` ստացվում է, որ մենք չենք հաղթահարել 2008 թ. ցուցանիշը, ավելին` ԱՄՀ կանխատեսումով 2017 թ.-ին նոր կարող ենք հաղթահարել այդ ցուցանիշը, դա նշանակում է` 9 տարվա ստագնացիա: Այսինքն` մենք 9 տարի դոփելու ենք տեղում: Կարծում եմ, որ մեր երկիրը և մեր ժողովուրդն այդ ժամանակը չունի, մենք ուղղակի դատապարտված ենք արագ զարգանալու:

– Եվս մի քննարկման առարկա է` որտեղ էինք և ուր հասանք:

– Ամենապարզ ցուցանիշով առաջնորդվենք` 1991-ին 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն մինչ օրս, 22 տարի անց, ինքնուրույն զարգացման շրջանում, տեսնենք` ուր հասանք: Քանակական աճ, բնականաբար, կա, մասնավորապես` անկախության առաջին տարիներին` վերականգնողական աճ, բայց եթե խոսում ենք վերջին տարիների ցուցանիշների մասին, կարծես ՀՆԱ-ի կրճատման միտումներ կան, ավելին` 2010-ին ունեցանք աճ, 2011-ին` մի փոքր էլի աճ, 2012-ին` անկում անվանականի մասով: Բայց ինդեքս դեֆլյատորը հաշվի առնելով` պարզվում է` 7.1 % տնտեսական աճ է եղել:

ԽՍՀՄ վիճակագրության համաձայն` 1991-ին 1 շնչին ընկնող ազգային եկամտի ՀՀ ցուցանիշն Ադրբեջանի նկատմամբ կազմում էր 1.21, այսինքն` 21%-ով ավելի լավ էինք ապրում, քան Ադրբեջանը, այժմ կազմում է 0.4, այսինքն` 2.5 անգամ վատ ենք ապրում: Վրաստանի համեմատ 1.27 էր, հիմա` 0.84, այսինքն` 16%-ով ավելի վատ ենք ապրում: ՌԴ-ն 0.5 էր, դարձավ 0.2, այսինքն` հիմա 5 անգամ վատ ենք ապրում: Ղազախստանը 0.85 էր, դարձավ 0.25` 4 անգամ վատ: Սա մեր արդյունքն է այն դեպքում, երբ 1991-ը մեզ համար լավագույնը չէր` 1988-ին երկրաշարժ ունեցանք, հետո` Ղարաբաղյան շարժում, ավերածություններ, էկոլոգիական շարժում` «Նաիրիտ», ԱԷԿ և այլն: Այդ պրոբլեմային տարիների մասին է խոսքը:

Եթե նայում ենք տնտեսական աճին կումուլյատիվ, 1991-2012 թթ. ներառյալ ՀՀ-ում տնտեսական աճը կումուլյատիվ կազմել է 180%, Վրաստանում` 98%, այսինքն` Վրաստանը պաշտոնական վիճակագրության համաձայն` դեռ չի հասել իր 1991 թ. ցուցանիշին, իսկ մենք 1.8 անգամ գերազանցել ենք, ՌԴ-ն` 118%: Եվ հարց է առաջանում` եթե մենք ավելի արագ ենք աճում, քան ՌԴ-ն ու Վրաստանը, ինչպե՞ս եղավ, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք ետ ընկանք:

Համեմատենք մնացյալ ավելի կարևոր ցուցանիշները` ժողովրդագրությունը, ապա մեզ մոտ 1 կնոջ հաշվարկով ցուցանիշը` 1.39, կազմում է ավելի վատ, քան մնացած համեմատելի երկրներում` Վրաստանը` 1.46, ՌԴ-ն` 1.62, Իրանը` 1.86, Ադրբեջանը` 1.92: 2 և բարձրը տալիս է ցանկալի արդյունքը, այսինքն` բնակչության բնականոն աճը պետք է պայմանավորված լինի առնվազն 2 գործակցով: Օրինակ` ԱՄՆ-ը 2.06 է, Թուրքիան` 2.01: Այսինքն` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային երկրների շարքում մենք զիջում ենք բոլորին: Սա անուղղակիորեն գնահատում է մեր կյանքի որակը:

Միգրացիան` ամենամեղմ ցուցանիշները Համաշխարհային բանկինն են, ըստ որոնց` 1990թ. նկատմամբ 27.3% զուտ էմիգրացիա ունենք կամ 1 մլն մարդ: Այս ցուցանիշով, ցավոք, բոլորից առաջ ենք, մեզ մոտ է կանգնած Վրաստանը, բայց եթե հաշվի առնենք, որ այնտեղից մասսայական միգրացիա եղավ հայերի, ռուսների, հրեաների, որը միայն ներքին տնտեսական խնդիրներով չէր պայմանավորված, նաև այնտեղ Օսեթիայի, Աբխազիայի խնդիր կա, այնուամենայնիվ, մեր ցուցանիշն ունեն: Ադրբեջանը 1990-ին ուներ` 7.1 մլն, 2012-ին ունի 9.5 մլն բնակչություն: Սրանք գործոններ են, որոնք չի կարելի հաշվի չառնել: Ադրբեջանը հաշվարկ ունի, որ մինչև 2050 թ. կունենա 15 մլն բնակչություն, իսկ մենք ինչքան կունենանք` ես կլռեմ:

Օտարերկրյա ուղղակի ներդրումները մեզ մոտ կտրուկ նվազեցին վերջին տարիներին. 2008-ին ունեինք մոտ 935 մլն, 2012-ին` 489 մլն դոլար, այնինչ Վրաստանն ունի կրկնակի` 860 մլն, Ադրբեջանը` շուրջ 2 մլրդ ուղղակի ներդրումներ, ՌԴ-ն` 50 մլրդ-ից ավելի: Իսկ ներդրումները վաղվա տնտեսական աճի աղբյուրներն են, որ մեզանում դանդաղեցին, և նշանակում է` հիմնական միջոցների մոդեռնիզացիայի տեսանկյունից հարևաններից ետ ենք մնում անգամներով:

– Ի՞նչ կփոխի Մաքսային միությանը Հայաստանի միանալը և Եվրամիությունից հրաժարվելը:

– Ցանկացած ինտեգրում, բնականաբար, կարող է մեզ բերել կամ լրացուցիչ օգուտներ, կամ լրացուցիչ ռիսկեր` կախված ռեժիմներից: Եթե ինտեգրվում ենք մաքսային գոտի, ապա ՄՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների գծով կունենանք որոշակի հեշտացում, և հաշվի առնելով, որ դրանք անմաքս են լինելու, պետք է որ փոքր-ինչ էժանանան: Ցավոք, ես չեմ կարող 100% ասել, որ այդպես կլինի, քանի որ ներմուծման բոլոր շուկաները կենտրոնացված ու օլիգոպոլացված են, և գնագոյացումը շուկայական բնույթ չի կրում:

Եթե ներմուծողը 1 սուբյեկտ է, որքան էլ էժանանա ինքնարժեքային գործոնը, ի վերջո, գնային քաղաքականությունը որոշվում է ոչ թե պահանջարկի-առաջարկի սկզբունքով, այլ սուբյեկտի կողմից, որն այստեղ գերիշխող դիրք ունի և որն ունի շուկայական իշխանություն: Այնպես որ, այստեղ այս պլյուսը կարող է չեզոքացվել:

Մենք մտնում ենք մի նոր ռեժիմի մեջ, որտեղ կարող են լինել հակասություններ մեզանում ներկայումս գործող մաքսային սակագների և ՄՄ ներսում գործող սակագների միջև: Այս տեսանկյունից մենք մեծ աշխատանք պետք է անենք: Եթե կառավարությանը հաջողվի, իսկ ես կասկածում եմ, որ այս կառավարությանը կհաջողվի, բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի սակագների, որոնք ի վնաս չեն լինի մեզ, և որոշակի այլ մոտեցումներ ՀՀ-ի նկատմամբ կկիրառվեն, քան ներկայումս գործող, ապա կկարողանանք չեզոքացնել ռիսկերը: Եթե` ոչ, ապա մեր տնտեսության կառուցվածքը խիստ տարբեր է ՄՄ-ի անդամ երկրներից: Ղազախստանն ու Ռուսաստանն էներգետիկ ռեսուրսների արտահանող են, մենք` ներմուծող, նրանց առանձնահատկություններն այլ են:

Եթե միևնույն ռեժիմով նույն դաշտում գործենք, մենք կարող ենք լրջագույն վնասներ կրել: Անմաքս առևտրի պայմաններում այս ինտեգրումը կարող են բերել պետական եկամուտների հոդվածներում ուղղակի կորստի: Այժմ մենք խորությամբ ուսումնասիրում ու հաշվարկներ ենք անում Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և շատ մոտավոր հաշվարկներով` առաջին տարվա ընթացքում մենք կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ եկամուտների մասով, որոնք պետք է ինչ-որ աղբյուրներից փոխհատուցվեն:

Գուցե դա կլինի ՌԴ բարի կամքը, գուցե կլինի դրամաշնորհ, դա ժամանակն ու բանակցությունները ցույց կտան: Մյուս կողմից` դասական իմաստով ցանկացած մաքսային միացում բերում է առավել լավ պայմաններ մեր արտահանողների համար: Մեր գործընկերների շուկաները շատ շահեկան, հսկայական շուկաներ են, որտեղ մեր ապրանքներն ու ծառայությունները կարող են անմաքս ներխուժել և դառնալ առավել մրցակցային: Բայց այստեղ պետք է հաշվի առնենք մեր տնտեսության առանձնահատկությունները և տնտեսության կառուցվածքը` ի՞նչ ենք արտահանելու:

Այսօր ապրանքաշրջանառության 23%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, Ղազախստանին` 0.2 %, Բելառուսին` 0.7%: Այսինքն, այս պահին այստեղ առանձնահատուկ շուկաներ չունենք, իսկ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության մեծ մասը բաժին է ընկնում ներմուծմանը և ոչ թե արտահանմանը: Մեր ընդերքի արտահանումը հիմնականում գնում է Եվրոպա, և այստեղ հիմնականում ոչինչ չի փոխվում: ՌԴ գնացող կոնյակը և մյուս ապրանքներն իրենց նիշան ունեն այդ շուկայում, և որոշակի էժանացումը չի բերի քանակական կտրուկ ավելացման: Այսինքն` կտրուկ աճ չի լինի: Այլ խնդիր է, որ կարող են առաջանալ նոր արդյունաբերական արտադրություններ, գա ռուսաստանյան կապիտալ, ձևավորվեն, օրինակ` ավտոմոբիլային ձեռնարկություններ, և այլն:

– Բայց դա երկար ժամանակ կպահանջի:

– Այո, դա կպահանջի երկար ժամանակ, և այս ինտեգրացիան չի լուծում մեր գլխավոր հիմնախնդիրը` երկաթգծի բացակայությունը և մեր սահմանների փակ լինելը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այս խնդիրը չի լուծվում թե՛ ԵՄ, թե՛ ՄՄ գնալով:

Տեսանյութեր

Լրահոս